Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է Արմեն Շեկոյանը». բացահայտումներ «Իմ Շեկոյանը» գրքի շնորհանդեսին

Սեպտեմբեր 04,2026 17:09 Share

«Այսօր Հայաստանի պատմության թանգարանում գտնվելու պատճառը «Իմ Շեկոյանը» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսն է, գրքի հրատարակիչը «Ակտուալ արվեստ» հրատարակչությունն է, մասնավորապես դիզայներ, ձևավորող Մկրտիչ Մաթևոսյանը, որին մեծապես շնորհակալ եմ այս գրական նախաձեռնության և նախանձախնդրության համար»,-«Իմ Շեկոյանը» գրքի շնորհանդեսին ասաց գրողի դուստրը՝ արվեստաբան Սեդա Շեկոյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ Երևանի գրքի փառատոնին՝ բանախոսությունն ու գրքի քննարկումը հյուրընկալելու համար։

«Իմ Շեկոյանը» ժողովածուում ներառված բանաստեղծությունները Արմեն Շեկոյանի՝ տարբեր տարիներին հրատարակված գրքերից են։ Սեդա Շեկոյանն ընդգծեց, որ գիրքն առանձնանում է նաեւ դիզայներական և բովանդակային առանձնահատկություններով, և չափով շատ հարմար է պոեզիա կարդալու համար, իսկ շապիկի «Իմ» տարբերանշանը կարծես սիմվոլիկ իմաստով սեփականացնում է հեղինակին և նրա պոեզիան՝ հրատարակչի, գիրքը կազմողի, գիրքը ձեռք բերողի և ընթերցողի համար: Գրքում նաեւ Շեկոյանի ձեռագրի լուսապատճենը կա եւ երբեք չհրապարակված լուսանկար:

Սեդա Շեկոյան

«Եվ վեհ, և՛ ինտիմ գրքույկի թեման վերերկրային, եթերային, նվիրական և իրական, առօրեական, կենցաղային զգացումների և տպավորությունների ժամանակային ու տարածական միասնությունն է: Բանաստեղծությունները, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, գրողի՝ տարբեր տարիներին հրատարակված ժողովածուներից են՝ «Ճոճք» (1984), «Բախտ» (1987), «Թուղթ ու Գիր» (1990), «Աղանդեր» (1996), «Անտիպոեզիա» (2000), «Երևան հյուրանոց» (2003), «Վերնատուն» (2021), ինչպես նաև այդ գրքերից մի քանիսում ամբողջացած բանաստեղծական առանձին շարքերից՝ «Սիրո կրակ», «Եվս մի գարուն», «Սպասման օրեր», «Անտիպներ կարմիր գրքույկներից», «Անկապ», «Շարունակվող սերիալ», «Սիրախաղեր», «Եթեր» և այլն: Որոշակի ժամանակագրական հաջորդականություն որդեգրելու նպատակը բանաստեղծության զարգացումը և կերպափոխումը ցույց տալն է, որն էլ մղում է դիմանկարի փորձի, թեկուզ՝ ուրվագծային:

Չորս տասնամյակներ կազմող այդ ժամանակը և՛ սովորական, անձնական, կենցաղային ժամանակ է, և՛ պատմական շրջադարձերի ու Հայաստանի համար բախտորոշ մեծ ժամանակը: Բանաստեղծություններում կենսուրախ առույգությունը փոխակերպվում է անհանգստության և տխրության, իսկ վերջինս՝ լավատեսության: Հոգին բանաստեղծության մեջ և միջոցով ոչ միայն անձնական սեր և խաղաղություն է փնտրում, այլև անանձնական ազատություն և կոնկրետ հայրենիք: Բանաստեղծի հոգին նաև մոլորվում է այս երկուսի ներդաշնակման եթե ոչ անհնարինության, ապա գոնե դժվարության արանքում: Ո՞ւր, որտե՞ղ է առավելապես ձգտում ժամանակի և տարածության մեջ թափառող հոգին՝ անձնական սիրո և ներդաշնակությա՞ն, թե՞ ընդհանուրի և բոլորի մեջ ինքնամոռաց տարրալուծվելու անանձնականության, թող կռահի ընթերցողը»,-նշված է գրքի ներածականում։

Շնորհանդեսին նաև Արմեն Շեկոյանի պոեզիային վերաբերվող քննարկում ծավալվեց՝ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի, պատմաբան Գոռ Մադոյանի և գրող Նորայր Սարգսյանի մասնակցությամբ:

Ի թիվս այլնի՝ Սեդա Շեկոյանն անդրադարձավ գրական ժառանգությանը, իսկ բանախոսության վերնագիրն էր՝ «Ինչպես մոտենալ գրական ժառանգությանը. սերնդային պարտքից մինչև իրական համակրանք»: «Հորս մահից անցել է 5 տարի և, ես որպես անմիջական ֆիզիկական ժառանգ՝ շատ հաճախ եմ ունենում այդ զգացողությունը, որ հայրս հազվադեպ է հրատարակվում, քան պետք էր, որ որպես այդպիսին գրական հետմահու կյանք չկա եւ այլն… Բայց ինչքան էլ պայմանները դժվարանում են, գրողների ժառանգներս փորձում ենք այդ ժառանգությունը հասցնել ընթերցողին, միջնորդ լինել գրական ժառանգության և ձեր միջև… Ավելի քան 5 տարի զբաղվում եմ գրական ժառանգության հարցերով, ինձ համար կարևոր է իմաստավորել, թե ինչու եմ դա անում»: Նրա ձևակերպմամբ, գրողի ժառանգության համար ոչ միայն ժառանգներն են պատասխանատու, այլ գրական համայնքները, հասարակությունը և ի վերջո պետությունը:

Մանրամասն տեսանյութում

Տիգրան Պասկևիչյանը մի դրվագ պատմեց՝ կապված Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիա» ժողովածուի մասին.

«Մի անգամ Արմենի հետ խոսում էինք, հարցրի՝ Արմեն, ինչու «Անտիպոեզիա», ինչու անցար անտիպոեզիային: Ասաց՝ չես նկատե՞լ, որ կարող է էն առաջվանն էր անտիպոեզիա…Դա իր դինամիկ, փոփոխվող ընթացքն էր, որն ինձ համար գոնե շատ հմայիչ է: Ինչ վերաբերվում է Արմենի նախորդ շրջանի պոեզիային, պետք է հիշեմ, որ նմանություն կա Դովլաթովի հետ, որովհետև երկուսի մոտ էլ կա նույն հեգնանքը, հեգնանքով կյանքին նայելու մոտեցումը, երկուսի մոտ էլ կա անաղարտ մնալու ձգտումը… Եթե Դովլաթովի դեպքում հեգնանքը ինքնապաշտպանության ձև էր, Արմենը դրա կարիքը չուներ, դա ուղղակի իր ապրելու կերպն էր, իր վերաբերմունքն էր կյանքին… Ամենակենցաղային հարցերում էլ Արմենից կարող էիր լսել այնպիսի՜ ձևակերպումներ… շատ հաճախ, ես մտածել եմ, որ ինքս չէի կարող նման ձևակերպում անել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տիգրան Պասկևիչյանը մի քառատող արտասանեց Արմեն Շեկոյանից, որը հատուկ էր առանձնացրել.

Այս մուրացկանի ձեռքերն են դողում,

հայացքն է պաղած. ինքն իր դերում է:

Ե՛ս կարող էի լինել իր տեղում,

բայց… առայժմ իմ բախտը բերում է:

 

«Սա է Արմեն Շեկոյանը, այսինքն` այն անսպասելի մոտեցումն է, անսպասելի շրջադարձը, որ դու կարդում ես ու չես կարող պատկերացնել, որ դա կարող է լինել»:

Գոռ Մադոյանի խոսքով, Արմեն Շեկոյանը ամեն ինչի մեջ չի մոռանում նաև փոքր մարդկանց: Նա էլ «Իմ Շեկոյանը» գրքույկից «Գիշերային պատկեր» բանաստեղծությունը կարդաց.

Մեր երազն է հին, փտած։

Մեր քաղաքն է քուն մտած

համատարած մութի մեջ

և Աստծո գութի մեջ։

Իսկ կանգառում մոտակա

մի թառամած պուտանկա

միտք է անում տխրադեմ․

ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ։

«Իր գրականությունը, բացի նրանից, որ քաղաքային գրականություն է, այլև համապետական գրականություն է, անկախության շրջանի գրականություն է, հետանկախական շրջանի գրականություն է, որտեղ նաեւ փոքր մարդկանց կյանքն է…»,-ասաց Գոռ Մադոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել