Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 20,2019 14:30

Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակում 2015թ.-ից յուրաքանչյուր ուսումնական տարի անվճար գրասալիկներ են տրամադրվել Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով:

Նախապատվությունը տրվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից արտադրվող «Արմթաբ» պլանշետներին՝ համակարգչային սարքավորումների հայկական արտադրությունը խթանելու նպատակով:

Մարզի մի շարք դպրոցներում մեր կողմից իրականացրած հարցախույզի, ինչպես նաեւ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» տարեկան հաշվետվությունների, 2018 թ.-ին մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ուսուցիչների, ծնողների շրջանում կան որոշակի դժգոհություններ, մտահոգություններ, որոնք հիմնականում կապված են գրասալիկների մարտկոցների, լիցքավորման բնիկների, լիցքավորիչների անսարքության հետ:

Մեր զրուցակիցները հայտնեցին, որ գրասալիկները երբեմն դժվարությամբ լիցքավորվում, արագ էլ լիցքաթափվում են: Ծնողները մտահոգված են նաեւ գրասալիկների քաշով՝ պնդելով, որ դրանք բավականին ծանր են երեխաների համար, ինչպես նաեւ տեսողության վրա հնարավոր բացասական ազդեցությամբ:

Վերը նշված եւ այլ խնդիրների վերաբերյալ զրուցել ենք նաեւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր- տնօրեն Վահան Շաքարյանի հետ:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ներկայացված խնդիրները մասնավոր դեպքեր են եւ չեն գերազանցում ցանկացած տեխնոլոգիայի կիրառման պարագայում թույլատրելի անսարքությունների 2 տոկոսը: Այնուամենայնիվ, անդրադարձավ դրանց առանձին-առանձին:

Ի պատասխան դիտարկմանը, թե դժգոհում են հիմնականում մարտկոցների անսարքությունից՝ պարոն Շաքարյանը պատասխանեց. «Մենք բավականին հաճախ ենք այցելում մարզի դպրոցներ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ցավոք, երբեմն պարզվում է՝ կան այնպիսի ուսուցիչներ, որոնք դժգոհում են, թե մարտկոցը չի աշխատում, սակայն անգամ չգիտեն՝ մարտկոցն ինչպես է միացվում»:
Մեջբերենք հատվածներ 2018 թ.-ին մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների հաշվետվություններից.
«Շատ վատ են աշխատում 4-րդ դասարանի գրասալիկները (Android). դժվար են միանում ինտերնետ կապին, հաճախ են փչանում, մասնավորապես՝ բնիկները եւ լիցքավորիչները, որոնց անսարքության պատճառով երկար ժամանակ է պահանջվում լիցքավորման համար»:

«Ծնողների շատ փոքր մասն է գոհ ծրագրից: Հիմնականում բողոքում են գրասալիկների անորակությունից՝ շուտ են փչանում, հատկապես լիցքավորման բնիկները եւ լիցքավորիչները, շուտ են լիցքաթափվում, դժվար են լիցքավորվում, նաեւ շատ ծանր են»:

Թե՛ հաշվետվություններում, թե՛ զրույցների ընթացքում լիցքավորման բնիկների անսարքության խնդիրն ամենահաճախ մատնանշվածներից մեկն է:

Վահան Շաքարյանի կարծիքով, սակայն, նշված խնդիրները հիմնականում անփութության, սխալ օգտագործելու հետեւանք են. «Պլանշետները դպրոցում չեն մնում, երեխաները տանում են տուն: Տանը ո՞վ է օգտագործում, ինչպե՞ս… Բնիկներն ի սկզբանե խնդիր չունեն: Դրանք առաջանում են անփույթ, սխալ օգտագործման պատճառով: Երբ սարքերը բերում են մեզ մոտ վերանորոգման նպատակով, մենք տեսնում ենք, որ դրանց մեջ այնպիսի նյութեր, տեսանյութեր, մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր կան, որոնք երեխան հաստատ չի դիտում, չի կիրառում: Այսինքն՝ այդ պլանշետն օգտագործվում է ամբողջ ընտանիքի կողմից: Ուսուցիչը չի կարող վերահսկել, թե տանն ինչպես են օգտվում սարքից: Դա է խնդիրների բուն պատճառը»:

Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ տանը սարքը չեն լիցքավորում. «Երեխան դպրոց է տանում չլիցքավորված սարքը: Չեն կարողանում միացնել, որովհետեւ լիցք չկա: Դիմում են մեզ, ասում են՝ չի լիցքավորվում: Մենք ճանապարհ ենք կտրում, հասնում ենք մարզ, պարզվում է՝ որեւէ խնդիր չկա»:

Չնայած դժգոհություններին՝ Շաքարյանը վստահ է, որ ընկերությունն ապահովում է իր արտադրանքի որակը. «Մենք մեր արտադրանքի համար տալիս ենք 4 տարվա երաշխիք: Աշխարհում չկա նման բան: Եթե վստահ չլինենք մեր արտադրանքի որակի վրա, 4 տարվա երաշխիք կտա՞նք: Բացի դրանից՝ մեր արտադրանքն այսօր օգտագործում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում՝ կրկին կրթական համակարգում եւ դժգոհություններ չկան»:

Մտահոգությունները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում. ծնողների հիմնական դժգոհությունները կապված են պլանշետների ծանրության հետ:

Ինչպես նշեց Եղեգիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հարությունյանը. «Ծնողները բողոքում են, որ պլանշետը բավականին ծանր է, եւ երեխան չի կարող այն տանել-բերել: Ծնողն ինքը պատրաստ չէ դա անել երեխայի փոխարեն, բայց նաեւ դեմ է, որ երեխան կրի այդ ծանրությունը»:

Եվս մեկ հատված մեջբերենք հաշվետվությունից. «Ծնողները բողոքում են, որ գրասալիկները ծանր են, դրանք դպրոց եւ տուն տեղափոխելու հետ կապված խնդիր կա: Կան նաեւ տեխնիկական խնդիրներ»:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր- տնօրենը նշեց, որ իրենց կողմից օգտագործվում են լավագույն մարտկոցները եւ այս պահին չի նախատեսվում դրանց քաշը նվազեցնել:
Որոշ ծնողներ անհանգստացած են, որ գրասալիկները կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների տեսողությանը:

Վահան Շաքարյանի կարծիքով՝ «Կան վարկածներ, որ բջջային հեռախոսից կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջանալ: Իսկ այդ ծնողը չունի՞ հեռախոս: Երեխայի համար չի՞ գնել, չի՞ մտածում, որ կարող է հիվանդանա: Այսօր գիտականորեն ապացուցված չեն այդ վնասները: Պարզ է, ճառագայթում կա, հնարավոր է՝ ինչ-որ մեկին վնասի, բայց որ մասսայական վնաս կտա առողջությանը, դա անհնար է: Ի վերջո, մենք միակ արտադրողը չենք, մեր երեխաների թշնամին չենք: Երբ «Apple»-ից հեռախոս են գնում, բժշկի թուղթ պահանջո՞ւմ են, որ երեխայի աչքերը չեն վնասվելու»:

Որպես ամփոփում՝ մեր զրուցակիցը հավելեց. «Ես կարծում եմ, որ պլանշետները դպրոցում պիտի մնան՝ հսկողության տակ, դա կբերի գործիքների երկարակեցության: Կամ եթե մենք նվեր ենք տալիս երեխաներին, ծնողը պիտի պատասխանատվություն կրի դրա համար: Ամեն ինչ պետության վրա թողնելն ու պետությունից պահանջելը սխալ է: Կարծում եմ՝ ծնողները պիտի ավելի պատասխանատու լինեն: Նաեւ երեխաների հետ պետք է աշխատել, որպեսզի հասկանան՝ տեխնիկան պիտի խնամել, մաքրել, խնամքով օգտագործել, որպեսզի երկար ծառայի»:

Այսպիսով, Վահան Շաքարյանը չբացառեց, որ հնարավոր են որոշակի անսարքություններ՝ միաժամանակ պնդելով, որ դրանք չեն գերազանցում թույլատրելի 2 տոկոսի սահմանը:

Միեւնույն ժամանակ, կան նաեւ խնդիրներ, որոնք գոնե տեսանելի ապագայում լուծում չեն ստանա, օրինակ՝ ծնողների հիմնական մտահոգությունը՝ պլանշետների ծանր լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնում է նրանց մեծամասնությունը:

Մեր հարցերն, ըստ էության, անպատասխան չմնացին, սակայն ակնհայտ է, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք խնդիրներ, որոնք գոնե նվազագույնի չհասցնելու պարագայում դժվար կլինի խոսել այս ծրագրի արդյունավետության մասին:

Շարունակելի

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930