Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեք չեմ հետեւել երաժշտական մոդային»

Հունիս 21,2019 18:18

Ֆրանսաբնակ երգահան Դան Ղարիբյանը որոշ «փակագծեր» է բացում:

Ֆրանսաբնակ մեր հայրենակից, կիթառահար, երգահան Դան Ղարիբյանն իր տրիոյով կրկին Հայաստանում է: Խումբը ելույթ է ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Դիլիջանում, Ջավախքում: Երաժիշտը 2018թ. հայ երգասերների լայն շրջանակին ոչ միայն հայտնի դարձավ, այլեւ սիրվեց իր «Հայկական վալս» ստեղծագործությամբ, որը Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հարգանքի տուրքի արարողության ժամանակ հայերեն կատարեց ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը:

Մեզ հայտնի է, որ Դան Ղարիբյանը եւ ջութակահար Բրունո Ժիրարդին դեռ 1972թ. հիմնադրել են Bratsch խումբը: Խմբի առաջին ալբոմը՝ Sans Domicile Fixe խորագրով, որ թողարկվել է 1990թ., խմբին բերել է մեծ հաջողություն: Համագործակցել են բազմաթիվ աստղերի հետ, այդ թվում՝ Ազնավուրի, որը կատարել է ֆրանսերեն «Ջրի կաթիլ» երգը, իսկ վերջինիս հայերեն տարբերակով հանդես է եկել Դան Ղարիբյանը: Խումբը 2015-ին հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն շարունակում է համերգներ ունենալ «Դան Ղարիբյան տրիո» անվամբ:

Այսօր Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Սիրահարների այգում կնշվի երաժշտության տոն Դան Ղարիբյան տրիոյի մասնակցությամբ: Կհնչեն ֆրանսիական երգեր, գնչուական բալլադներ, Երեւանին, Սալոնիկին ու Օդեսային նվիրված երգեր: Այս տոնը, ըստ էության, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախագիծն է, որը նշվում է 1982թ. յուրաքանչյուր տարի այս օրը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս տարի այն անցկացվելու է 120 երկրներում: Հիշեցնենք, որ «Երաժշտության տոն» խորագրով ամենամյա այս միջազգային փառատոնը մեզ մոտ նշվում է 12-րդ անգամ:

«Դան Ղարիբյան տրիոյի» երաժիշտներին՝ կիթառահար Դան Ղարիբյանին, ակորդեոնահար Անտուան Ժիրարին եւ կիթառահար Բընուա Կոնվերին «Առավոտը» հանդիպեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դահլիճում, նախօրեին կազմակերպված տրիոյի արտիստների եւ ուսանողության հետ հանդիպման ժամանակ: Ուսանողները ոչ միայն հնարավորություն ունեցան հուզող հարցերի պատասխաններ ստանալ, այլեւ լսել մեկ-երկու կատարում:

Կոմպոզիտոր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ջազ էստրադային ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նարինե Զարիֆյանն ի պատասխան մեր հարցին՝ ասաց. «Տրիոյի մեկնաբանմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն առաջին հնչյուններից դիպչում է ունկնդրի սրտին: Դրանք գրավում են նախ մեղեդայնությամբ, ինչը այսօր դեֆիցիտ է ոչ միայն մեզ մոտ: Տրիոյի անդամները, ըստ իս, չեն ավարտել կոնսերվատորիաներ կամ ակադեմիաներ, բայց նրանց ասելիքը իսկապես բարձրարվեստ է: Մենք էլ ունենք նման արվեստագետներ: Օրինակ՝ հենց բնատուր երաժշտական տաղանդով է օժտված Ռուբեն Հախվերդյանը…»: Զրույցին ներկա կիթառահար, վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանն էլ կատակեց. «Էլ ո՞ւմ է պետք կոնսերվատորիայում ուսանելը…»:

Հարցին ի պատասխան՝ Դան Ղարիբյանն ասաց. «Երաժշտական օժտվածությունս գուցե բնատուր է, բայց ես շնորհակալ եմ հայուհի մայրիկիս: Իսկ ավելի ճիշտ՝ նրա ծնողներին՝ տատիկիս ու պապիկիս: Նշեմ նաեւ, որ հայրս ազգությամբ իտալացի է, գուցե… Չգիտեմ: Խմբիս ակորդեոնահարն էլ բարձրագույն կրթություն չունի, միայն կիթառահարս է՝ Բընուան, որը կիսատ է թողել ուսումը Լիոնի կոնսերվատորիայում»:
Դիտարկմանը, թե ճանաչված շատ երաժիշտների օրինակով, ինքն էլ իր կարիերան սկսել է փողոցներում նվագելուց, ինչը շատ վաղուց ընդունված է Արեւմուտքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նվագել եմ ոչ միայն փողոցներում, այլեւ ռեստորաններում: Դա ավելի քան 50 տարի առաջ էր… Նման վայրերում ելույթ ունենալը քեզ բերում է շփում լայն լսարանի հետ: Այո՛, ճիշտ նկատեցիք, հենց նման վայրերում է, որ իմպրեսարիոները հայտնաբերում են ու համագործակցում երաժիշտների հետ, վերջիններիս դարձնելով հանրաճանաչ: Նման վայրերում է, որ սկսնակ երաժիշտը ձեռք է բերում նաեւ աջակիցներ, հովանավորներ»:
Դիտարկմանը, թե խմբի երաժիշտները տարիքով ձեզանից երիտասարդ են, այնուամենայնիվ, այն չի ազդում ստեղծագործության մեկնաբանման վրա: Մինչդեռ ասում են, որ յուրաքանչյուր ժամանակ բերում է նոր բաներ, այդ թվում՝ նաեւ երաժշտական մտածելակերպ: Դան Ղարիբյանը պատասխանեց. «Կավելացնեի նաեւ՝ ժամանակը բերում է նոր լսարան, իրենց նախընտրությամբ, ճաշակով եւ այլն: Երբեք, օրինակ, ես չեմ հետեւել երաժշտական մոդային: Եղել են ժամանակներ, երբ համատարած լսում էին ռոմանս: Մեր օրերում նախընտրում են փոփ: Երաժշտական ոճի առումով մշտապես եղել եմ ազատ: Այդպիսիք են նաեւ խմբիս անդամները: Փառք Աստծո, հանդիսատեսի պակաս, գոնե մինչ օրս, չունենք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930