Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՜ւր էինք, ո՛ւր հասանք»

Հունիս 22,2023 12:30

Ֆրանսիայում նկարահանվում է «Պարոն Ազնավուրը» գեղարվեստական ֆիլմը

Ֆրանսիայում սկսվել են Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական՝ «Պարոն Ազնավուրը» ֆիլմի նկարահանումները։ Մեծանուն շանսոնյեի մոր՝ տիկին Քնար Բաղդասարյանի կերպարը մարմնավորելու համար Հայաստանից հրավիրված է տաղանդավոր դերասանուհի, ռեժիսոր եւ պարզապես հիանալի անձնավորություն, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Նարինե Գրիգորյանը

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ գիտենք մեծանուն մեր արվեստագետի մասին։ Մեծ հաշվով՝ այո, գիտենք. հայ գաղթական զույգի որդին, որի 100-ամյակը ողջ աշխարհում կտոնվի 2024թ., ծնվել է Փարիզում, երգել սկսել է 9 տարեկանում եւ, չնայած իր ցածր հասակին, արտաքին տեսքին ու ոչ ստանդարտ ձայնին, որը նրա համար որոշ դիտողությունների, խոչընդոտների պատճառ է դարձել, 1946թ. նրան նկատել է մեծանուն Էդիտ Պիաֆը՝  Պիեռ Ռոշի հետ դուետի կատարման ժամանակ ու իր հետ վերցրել հյուրախաղերի։ Եվ հենց այդ ժամանակվանից սկսվել է մեր հայրենակցի՝ իբրեւ երգչի կարիերան։ 1950-ից Ազնավուրը սկսել է ինքնուրույն հանդես գալ, հինգ տարի անց էլ նրան նկատել ու հրավիրել են նկարահանվել ֆիլմում։ Որպես կինոդերասան նա հանրահայտ դարձավ Տրյուֆֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո, որպես երգիչ էլ՝ 32 տարեկանում, Կասաբլանկայում համերգից հետո։ Մեծ հաշվով՝ Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։ Առանձնացնենք Ֆոլքեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը» օսկարակիր ֆիլմը (1979թ.) եւ նրա ֆիլմացանկի «ամենաանձնական»՝ ցեղասպանության թեմայով Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը (2002թ.), որը արժանացավ ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» մրցանակի։ Գրել ավելի քան 1300 երգ, երգել 8 լեզվով, վաճառել շուրջ 180 մլն ձայնագրություն։ Իսկ որ ամենակարեւորն է՝ մեր հայրենակիցը հեղափոխեց դասական ֆրանսիական շանսոնը՝ ստեղծելով «Ազնավուրյան» ժանր, որը ֆրանսիական սոուլ երաժշտության՝ բլյուզի, ջազի, փոփի եւ լիրիկայի խառնուրդ է։ People With Money ամսագրում գլխավորել է 2015թ. ամենաբարձր վարձատրվող երգիչների ցանկը՝ 46 մլն դոլար եկամուտով։ Նրա ստեղծագործ էությունը սահմաններ չուներ՝ պոետ, կոմպոզիտոր, դերասան, գրող, սցենարիստ, ռեժիսոր։ Ավելի ուշ թվարկածներին ավելացան՝ գործարար, բարերար, դիվանագետ…

Աշխարհին են հայտնի մեծ հայի գործունեության այս ոլորտները, որոնք, վստահ ենք, տեղ են գտել «Պարոն Ազնավուրը» ֆիլմի սցենարում։ Գուցե տեղ գտած լինեն նաեւ նորաձեւության ոլորտը՝ Aznavour Seduction հագուստի բրենդով, Charles՛s water օծանելիքով, որպես փարիզյան ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ այլն։ Բայց Ազնավուրն ուներ լայն հանրությանն անհայտ էջեր եւս, օրինակ՝ նա միշտ քննադատել է Ֆրանսիայում արվեստագետների համար հարկերի չափազանց բարձր լինելը։ 2013թ. նա ֆրանսիական ռադիոյի եթերում հայտարարեց. «Քաղաքականությունում եղել են մարդիկ, որոնք, թվում է՝ կարող են լուծել իմ խնդիրները, եւ ես նրանց մի փոքր գումար եմ տվել՝ օգնելու իրենց քաղաքական արշավներում…»։ Այդ հայտարարությունից հետո համաշխարհային ճանաչման արժանացած արվեստագետին մեղադրեցին կոռուպցիայի մեջ, թեեւ համապատասխան միջոցառումներ չձեռնարկեցին։ Ժամանակին էլ՝ 1979թ., տուգանվել է 3 մլն ֆրանկի չափով ու դատապարտվել է 1 տարի պայմանական ժամկետով՝ հարկերի վճարումից խուսափելու համար։ Այ սա հաստատ տեղ չի գտնի ֆիլմում։ Անշուշտ ֆիլմում կներկայացվի Ազնավուրը՝ որպես Շվեյցարիայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան, բայց հասկանալի պատճառով սցենարում գրված չի լինի մեծ հայի արձագանքը Թուրքիայի վարչապետին. «Շարունակելով ժխտել Ցեղասպանությունը՝ Էրդողանն իր հայտարարության մեջ «ցավակցություն» բառն օգտագործում է ոչ թե որպես ճանաչում, էլ չասած ներողություն, այլ որպես պարզ, անձնական ցանկություն՝ երեւալու «լայնախոհ» քաղաքական գործիչ»։ Կամ գուցե էկրանին չտեսնենք 2014թ. նոյեմբերի 6-ին Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հետեւյալ գրառումը. «Ես հարցազրույց չեմ տվել թուրքական «Posta»-ին, ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»։ Ավելի վաղ այդ պարբերականը հարցազրույց էր հրապարակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրի հետ, որտեղ նա իբր հանդես է եկել հակասական հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայ հասարակությունում։

Իսկ որ ֆիլմում կներկայացվի մեծ մարդու պատմություն, որը լինելով փախստականների զավակ, դարձավ համաշխարհային կուռք եւ իր երաժշտությամբ ու բնույթով մարդկայնության ու մարդասիրության ուղերձներ էր հղում աշխարհին, կասկածից վեր է։

Շառլ Ազնավուրի մասին կարելի է խոսել անվերջ։ Հիմա անդրադառնանք մեր սիրելի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ «Առավոտի» ունեցած կարճատեւ զրույցին։ Նա օրերս է վերադարձել Ֆրանսիայից։ Դերասանուհին տպավորված է եւ նկարահանող թիմի, եւ իր գործընկեր դերասանների աշխատանքով։ Ասաց, որ օրեր անց վերադառնալու է Ֆրանսիա՝ նկարահանումներին մասնակցելու համար։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները կավարտվեն աշնանը, պրեմիերան կկայանա Փարիզում, Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանական տարում, որից հետո ֆիլմը կցուցադրվի Երեւանում։ Նախատեսված է համաշխարհային ցուցադրություն։

Թահար Ռահիմը

Հետաքրքրությանը՝ ո՞վ է ռեժիսորը, ո՞վ է մարմնավորում Ազնավուրին, նրա հորը, եւ, ընդհանրապես, հայազգի դերասաններ նկարահանվո՞ւմ են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ազնավուրին մարմնավորում է ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, հոր դերում է հանրահայտ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին՝ Հովնաթան Ավետիքյանը, փոքր հասակի Շառլի ու քրոջ՝ Աիդայի դերերի համար ընտրված են ֆրանսահայ երեխաներ։

Հովնաթան Ավետիքյանը

Մյուս դերերում նկարահանվում են շատ փոքր տարիքից Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված, հետագայում դերասանի մասնագիտություն ընտրած Տիգրան Մխիթարյանը՝ Միսաք Մանուշյանի դերում եւ Գոհար Ավետիսյանը՝ նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի դերում։ Ռեժիսորները, ովքեր նաեւ սցենարի հեղինակներն են, Մեհդի Իդիրն է եւ Ֆաբիան Մարսոն։ Վերջինս աշխարհում թիվ մեկ սլիմ կարդացողն է, ով հայտնի է իր բեմական Grand Corps Malade անվամբ։ Ֆիլմի պրոդյուսերն է Ժան-Ռաշիդ Կալուշը»։

Հետաքրքրությանը՝ հավանաբար Ազնավուրը ծանոթ չի եղել սցենարին կամ գուցե եղե՞լ է…, Նարինե Գրիգորյանը արձագանքեց, թե գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը վաղուց է եղել, Ազնավուրն անձամբ է ծանոթացել մի շարք սցենարների, բայց վերջապես հավանության է արժանացրել այս սցենարը։ Հավելեց նաեւ, թե սցենարիստ-ռեժիսորների հետ շանսոնյեի հանդիպումը այդպես էլ չի կայացել, քանի որ հենց պայմանավորված օրը՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին, շանսոնյեն կնքել է իր մահկանացուն։

Մեր զրուցակցին հայտնեցինք, որ մեծ հաշվով հայտնի է Ազնավուրի կյանքը, գործունեությունը, հայտնի է նաեւ, որ Ազնավուրի հայրը՝ Մամիկոնը, դերասան էր Թբիլիսիի թատերախմբում եւ երբ ընտանիքով տեղափոխվում են Փարիզ, այնտեղ է հանդիպում ծնունդով Իզմիրից Քնարին, որը նույնպես դերասանուհի էր։ Գիտենք, որ մոր ընտանիքը սպանվել էր, հետեւաբար Շառլը նրանց ճանաչել չէր կարող։ Իսկ հոր ընտանիքից շանսոնյեն ճանա չել է միայն տատին ու հորեղբորը։ Ընդ որում, տատի հետ հանդիպել է 1963-ին, երբ առաջին անգամ եկել էր Հայաստան։ Այդ տեղեկությունները, եւ ոչ միայն, քաղել ենք Ազնավուրի «Անցած օրեր» գրքից։ Խնդրեցինք ներկայացնել սցենարը, քանի որ հետաքրքիր է՝ Ազնավուրի կյանքի ու ստեղծագործության ո՞ր հատվածներն են տեղ գտել այնտեղ։ «Հասկանալի պատճառով սցենարն ամբողջությամբ կամ մանրամասն չեմ կարող ներկայացնել։ Չեմ կարող տրամադրել նաեւ լուսանկարներ նկարահանման հրապարակից։ Մի բան կարող եմ բարձրաձայնել՝ սցենարն ամբողջությամբ մեսիջ է՝ հենց էմիգրանտի երեխան դարձավ այդ երկրի սիմվոլը։ Ներկայացված է մեր Ազնավուրի ծանր, դաժան մանկությունից մինչեւ նրա՝ արվեստագետի ու մարդու բարձրակետը»։ Ինչ վերաբերում է մոր կերպարին, Նարինե Գրիգորյանը նշեց, որ առայժմ նկարահանվել է տարիքն առած Քնար Բաղդասարյանի կերպարում եւ դրա համար ամեն անգամ պահանջվել է մոտ 4,5 ժամ գրիմ անել։ «Շուտով կմեկնեմ ու կմարմնավորեմ երիտասարդ մորը։ Հայտնի է, որ Ազնավուրը անչափ էր սիրում իր ծնողներին… Ֆիլմում մի կադր կա, երբ ձայնագրվելուց հետո Շառլը ծնողներին, ընտանիքին է ներկայացնում հանրահայտ «Բոհեմ» երգը, որը, ինչպես հայտնի է՝ կարծես ինքնակենսագրական լինի… Լավ, հիշեցի, որ սցենարը մանրամասն ներկայացնելու իրավունք չունեմ (ժպտում է- Ս. Դ.)»,- ասաց դերասանուհին։ Դիտարկմանը՝ Ազնավուրը վերոնշյալ գրքում գրում է. «Տեսնում եմ մորս նավթի լամպի տակ Զինգերի ոտնակն անընդհատ պտտելիս, շտապելով հաջորդ օրը հանձնելիք գործն ավարտել, ստանալու համար արդյունքն իր անքուն գիշերվա, իր սիրասուն ընտանիքի գոյության համար անհրաժեշտ ֆրանկը, հիվանդ թե առողջ, հոգնած թե ոչ, մայրիկը լծվում էր աշխատանքի…», ընդհատելով մեր խոսքը ու կարծես կռահելով, որ միեւնույն է, ցանկություն ունենք սցենարից մանրամասներ կորզել, Նարինե Գրիգորյանը խոսքը եզրափակեց. «Ազնավուրի ծնողները, հիմնականում հայրը, ժամանակ առ ժամանակ ասել են՝ ո՜ւր էինք, ո՜ւր հասանք»։

Զրույցի ընթացքում դերասանուհին հայտնեց, որ ֆրանսիացի ֆիլմարտադրողներն իրեն հրավիրել են՝ ծանոթ լինելով Կաննի փառատոնում 2021թ. բարձր գնահատականի արժանացած «Երբ որ քամին հանդարտվի» հայ-ֆրանսիական ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր արցախցի լրագրողուհու կերպարը՝ ֆրանսերենով։ Ի դեպ, «Պարոն Ազնավուրը» ֆիլմում դերասանուհին հանդես է գալիս ֆրանսերեն եւ արեւմտահայերեն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Հասկանալի է, որ ֆիլմի նկարահանումների խոհանոցային ընթացքը գաղտնի է պահվում, բայց հենց արտադրողները պետք է հասկանան ավելի խորքային մի բան. որ ֆիլմի ստեղծման ընթացքի մասին մշակութային լրագրողի մի փոքրիկ խոսքն ավելի մեծ գովազդ է, քան ֆիլմի ստեղծմանը հաջորդող գովազդային արշավը։

«Առավոտ» օրաթերթ
21.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930