Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացումներ՝ ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հանձնաժողովում. հայ պատգամավորները կրկին առաջարկներով են հանդես եկել

Հուլիս 07,2019 21:15

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին տնտեսական հարցերի հանձնաժողովում ևս հայկական պատվիրակության անդամները առաջարկներով հանդես եկան:

Aravot.am-ը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են առաջարկել, նա պատասխանեց. «Ընդհանրապես այս հանձնաժողովը, որպես կանոն, պակաս ուշադրության է արժանանում, քանի որ մյուս երկուսը` քաղաքականը և մարդու իրավունքներինը, ավելի հագեցած և հաճախ հակասական օրակարգեր են ունենում։ Խոսքը միայն Հայաստանի պատվիրակության մասին չէ, այլ ընդհանրապես ԵԱՀԿ ԽՎ-ի»։

Համազասպ Դանիելյանը հանձնաժողովի աշխատանքը կարևորեց, քանի որ ըստ նրա՝ դրա ընդունած որոշումներն ազդեցություն ունեն նույն քաղաքական օրակարգի վրա`սկսած տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություններից՝ մինչև ՀՀ և ԼՂ  տնտեսական շահերի ապահովման տեսակետ: Առաջարկների և փոփոխությունների մասին ասաց. «Մենք ունեինք երկու առաջարկություն, երկուսն էլ անցան: Դրանցից մեկը վերաբերում էր այն հարցին, որ տնտեսական համագործակցության հարաբերություններում պետք է մարդու իրավունքների տեսանկյունը դիտարկել, մյուսը վերաբերում էր թվայնացման օրակարգին: Մենք առաջարկեցինք՝ ընդգծվի, որ թվայնացումը նաև հնարավորություն է ստեղծում միջսահմանային համագործակցության և բալանսավորված տնտեսության»:

Հայ պատգամավորը հայկական պատվիրակության աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ-ում գնահատում է գերազանց. «Չեմ կարծում՝ նման գնահատականն անհամեստություն է, քանի որ բացառությամբ մեկի անցկացրել ենք բոլոր առաջարկությունները, որոնք նախապես ներկայացրել էին գրավոր: Նաև կարողացել ենք ընդդիմանալ և չեզոքացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էր Ադրբեջանի պատվիրակությունը, որոնք ռիսկեր էին պարունակում։

Ընդ որում, ցավոք, մեր հարևան երկրի պատվիրակությունը որոշ ակնհայտ առավելություններ ուներ. նախ, ի տարբերություն մեր պատվիրակության, նրանց անդամները երկար տարիներ է՝ այս կառույցում են, ունեն կապեր և այլ ռեսուրսներ, որ ներդրել էին իրենց ծրագիրն իրականացնելու համար։ Միայն մեկ փաստ. Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ԽՎ փոխնախագահ է դեռ 2016 թվականից։ Երկրորդ, այս ծրագիրը, որը մենք հաջողությամբ չեզոքացրեցինք, վստահ եմ, որ նախապատրաստվել է տարիներ շարունակ»։

Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ քաղաքական հանձնաժողովում բանաձև ներկայացրած Ալան Ֆարելը և նիստը վարողը համակրում էին ադրբեջանական կողմին. «Բացի այդ, մեզ նաև հաջողվեց չեզոքացնել Թուրքիայի փորձը վերացնել 16-րդ պարագրաֆը`ամբողջությամբ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Այն խիստ դրական ձևակերպումներ էր պարունակում` ողջունելով վերջին տարվա ընթացքում Իտալիայի և Ֆրանսիայի խորհրդարանների կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կոչ անում ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդարաններին հետևել վերջինների օրինակին: Մեր պատվիրակության հաջողության գրավականները մի քանիսն էին։ Նախ, մոտ մեկուկես ամիս տքնաջան ու պրոակտիվ աշխատանք ենք տարել գրեթե բոլոր պատվիրակություններին մեր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Որոշ դեպքերում անհրաժեշտություն է եղել մեկնել որոշ երկրներ և տեղի խորհրդարաններում հանդիպումով ունենալ ԵԱՀԿ ԽՎ-ում ներգրավված պատգամավորների հետ։ Այս հանդիպումներում հաճախ մեզ աջակցող կարևորագույն հանգամանքը եղել է նոր Հայաստանի, թավշյա հեղափոխության և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը, իսկ առանձին դեպքերում նաև ակնածանքը»:

Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ մեկ այլ դրական գործոն էր նաև հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքը տեղում. «Շատ կարևոր էր նաև դիվանագիտական կորպուսի հետ սերտ աշխատանքը։ Որոշ սփյուռքյան կառույցների ու արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցությունը նույնպես կարևոր է եղել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031