Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա կոլորիտով էկո տոպրակներ․ երիտասարդների յուրատեսակ ակցիան (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2019 22:29

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում այս քաղաքի թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի սաները թղթից ու կտորից պատրաստված տոպրակներ էին բաժանում բնակիչներին՝ խորհուրդ տալով օգտագործել դրանք ու հանգամանալից բացատրելով լայն կիրառություն գտած պոլիէթիլենային տոպրակների վնասակարությունը, առաջացրած հիվանդությունները։ Էկո տոպրակներին կցված էին թռուցիկներ, որոնց մի կողմում ներկայացված էր պոլիէթիլենային տոպրակների վնասակարությունը, իսկ մյուսում բացատրված էր թղթե տոպրակների պատրաստման ձևը։

Հետաքրքիրն այն է, որ բաժանվող էկոլոգիապես մաքուր տոպրակները Գյումրվա  բարբառով ու հումորով կոչեր էին պարունակում, օրինակ՝ «Մաքուր պահե քաղաքդ․ Ապ՛» կամ՛ «Առանց թունավոր գազերի օդ գուզենք»։

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հ/կ-ի միջոցով, որը 2018 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի հետ համատեղ Հայաստանում  ներդրել է «UPSHIFT» միջազգային ծրագիրը։

«UPSHIFT» ծրագիրը հայտնի է աշխարհի տարբեր երկրներում։

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում էլ այս տարվա մայիս ամսին հայտարարվել էր Շիրակի ու Լոռու մարզերի 12-18 տարեկան երիտասարդների գաղափարները բիզնես ծրագրի վերածելու մրցույթ։ Երիտասարդների ներկայացրած 6 գաղափար արժանացել էր հավանության ու նախատեսվել էր յուրաքանչյուր թիմին տրամադրել խորհրդանշական գումար՝ 150 հազար դրամ։

Գաղափարներից մեկը, որի հեղինակները Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի սաներն են (մենթորը Օվսաննա Պապիկյանն է), առողջությանը մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն է։

«3 +2» անվանումը կրող թիմի անդամներից Սուրեն Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ աշխարհը, հատկապես Գյումրին, որը հավակնում է դառնալ տուրիզմի գոտի, ունի էկոլոգիական լուրջ խնդիր։ Իրենք բողոքներ են լսել տուրիստներից առ այն, որ պոլիէթիլենային տոպրակները տարածված են քաղաքով մեկ։

«Պոլիէթիլենային տոպրակներն առաջացնում են մի շարք հիվանդություններ, դրա համար մենք փորձեցինք նվազեցնել դրանց քանակը, նորամուծություն անել և պատրաստել թղթե և կտորե տոպրակներ։ Մենք տոպրակների վրա Գյումրու բարբառով, կոլորիտային կոչեր ենք գրել, որ դրանք մարդկանց  հետաքրքրեն։ Այսօր բաժանելու ենք 250 տոպրակ»,-ասաց Սուրեն Սիմոնյանը։

Երիտասարդը նաև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ Հայաստանը ևս կդասվի միմիայն էկո տոպրակներ օգտագործող երկրների շարքին, մեզ մոտ ուղղակիորեն կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառումը, ինչպես աշխարհի շատ երկրներում։

Թիմի մեկ այլ անդամ՝ Նարինե Հովակիմյան էլ ասաց, որ Հայաստանում շուտով պոլիէթիլենային տոպրակները դառնալու են վճարովի՝ մեկ տոպրակը կվաճառվի 100 դրամով։

«Մենք առաջարկում ենք էկոլոգիապես մաքուր ու բազմակի օգտագործման տոպրակներ»,-ասաց մեր զրուցակիցը։

Թիմի անդամներից Լիանա Հովակիմյանն էլ պարզաբանեց․ «Մեր ծրագրի շարունակականությունը կլինի այն, որ սկզբում մեր պատրաստած տոպրակներից որոշ քանակությամբ կտրամադրենք խանութներին, եթե ստանանք դրական արդյունք, կսկսենք վաճառել ու ստեղծել մեր փոքրիկ բիզնեսը»։

Նշենք, որ «UPSHIFT» ծրագրով իրականացվող մյուս գաղափարները ևս մեկնարկել են․ ինչպես օրինակ տեղեկանում ենք  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից  «Gyumriver» խմբի կողմից սկսվել են Գյումրի գետակի մաքրման աշխատանքները։ Այս գետակի աղտոտվածությունը թերևս քաղաքային ու մարզային իշխանությունների ամենամեծ գլխացավանքներից է։

Հավանության արժանացած մյուս ծրագրերով Գյումրին կունենա քարտեզ՝ «Smart map», որը հնարավորություն կտա թե՛ տեղի բնակիչներին, թե՛ զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել ու հեշտությամբ գտնել քաղաքի պատմամշակութային, ժամանցային վայրերի հասցեները, քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում կտնկվեն դեկորատիվ ծառեր, կենտրոնական Բագրատունյաց պուրակում ՝ թռչնաբներ։Սպիտակ քաղաքում էլ կտեսակավորվի աղբը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031