Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի միջուկային նոր քաղաքականությունը՝ INSTEX-ը կյանքի կոչելու նպատակով

Հուլիս 09,2019 20:30

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ խստացվող նավթային և բանկային նոր պատժամիջոցների և Պարսից ծոցում ու միջազգային ջրերում Իրանի և Արևմուտքի կողմից սանձազերծված նավթատար տանկերների պատերազմի ֆոնին, հուլիսի 4-ին,  Մեծ Բրիտանիայի նավատորմի հատուկ ուժերը Ջիբրալթարի նեղուցում կալանավորել են դեպի Սիրիա նավթ տեղափոխող իրանական նավթային տանկերը: Անկասկած, այս քայլն արվել  է ԱՄՆ-ի պահանջով: Արեւմուտքը Իրանին մեղադրում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային ոլորտի վրա սահմանված պատժամիջոցները շրջանցելու մեջ։ Սա այն դեպքում, երբ Իրանը նաև խիստ զայրացած ու դժգոհ է Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմ՝ INSTEX-ի շրջանակում կայացած պայմանավորվածության համաձայն եվրոպացիների 11 պարտավորությունները չիրագործվելու համար:

Հակադարձելով Եվրոպացիների անվստահելի քայլերին Իրանը 60 60 օրյա ժամկետով վերջնագիր էր ներկայացրել ՀԳՀԳ-ում մնացած կողմերին, որպեսզի վերջիններս կատարեն իրենց պարտավորությունները հատկապես՝ բանկային, ֆինանսական փոխանակումների ու նավթի վաճառքի  ոլորտներում, հակառակ դեպքում Թեհրանն հայտարարել էր, որ իր հաջորդ քայլերն կիրականացնի ՀԳՀԳ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:

Այս կապակցությամբ, հարստացված ուրանի 3.67 տոկոսով պաշարների 300 կգ սահմանաքանակի գերազանցումը մեկն էր այն որոշումներից, որ  հուլիսի 3-ին պաշտոնապես գործադրման հանձնվեց Իրանի կողմից:

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ գործարքի շրջանակում ստանձնած պարտավորությունները նվազեցնելու Թեհրանի երկրորդ քայլին, հուլիսի 7-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Իրանն սկսել է ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու գործընթացը»:

Բեհրուզ Քեմալվանդին հավելել է․ «Իրանն սկսել է ուրանի հարստացման մակարդակը և հարստացված ուրանի  պաշարների սահմանաքանակն ավելացնելու երկրորդ քայլը և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող են երկուշաբթի օրը հաստատել ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու Իրանի նախաձեռնությունը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է, որ Իրանի ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3/67 տոկոսը, իսկ արտադրված նյութերի հասել է մոտ 4/5 տոկոսի:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հուլիսի 9-ին հայտարարել է, որ կազմակերպության մասնագետների տվյալներով, Իրանում ուրանի հարստացման մակարդակը հասել է 4.5 տոկոսի:

Այժմ Իրանա-ամերիկյան հարաբերություններում ստեղծված լարվածության մթնոլորտը փոխվել է։ ԱՄՆ-ն տնտեսական մեծ ճնշում է գործադրում Իրանի դեմ, և Իրանը փորձում է նվազեցնել Համատեղ գործողությունների համապարփակ գործարքի (ՀԳՀԳ) շրջանակում իր ստանձնած պարտավորության մակարդակը: Սա մահացու սխալ է Իրանի կողմից, որը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս Իրանին մեղադրելու միջուկային ռումբի արտադրման և միջուկային մարտագլխիկներով հրթիռների հասանելիության փորձի մեջ։

Իհարկե, հարստացված ուրանի պաշարների ավելացումը ինքնին չի կարող ապահովել միջուկային զենքի ստեղծման հիմքը, սակայն Իրանը ցանկանում է նախազգուշացնել ԱՄՆ-ին, որ այլեւս չի ցանկանում հավատարիմ մնալ  ՀԳՀԳ-ի պարտավորություններին: Սա Իրանի վտանգավոր ռազմավարությունն է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից օրըստօրէ խստացվող պատժամիջոցներին։

Իհարկե, ՀԳՀԳ պարտավորությունների կրճատման հարցի շուրջ Իրանի կողմից բարձրացրած քարոզչական աղմուկը միայն դիվանագիտական  փորձ է՝ այն օգտագործել, որպես լծակ ապագա բանակցություններում  ճնշում գործադրելու եվրոպական երկրների վրա, որպեսզի նրանք  առավել եւս  ջանքեր գործադրեն մեղմացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները և իրագործել INSTEX-ը:

Մյուս կողմից, Իրանի իշխանությունները փորձում են շարունակելով ՀԳՀԳ-ի շրջանակում իրենց պարտավորությունները կրճատելու և  ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմն անցնելու գործընթացը, Միացյալ Նահանգներին համոզել զերծ մնալ պատժամիջոցներից եւ վերադառնալով միջուկային գործարքի պայմանավորվածության խմբին, վերսկսել բանակցություններն Իրանի հետ:

Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները ներառում են նաեւ միջուկային նյութերի առքն ու վաճառքը, Իրանը այլեւս չի կարող փոքր ծավալներով վաճառել ցածր հարստացված ուրան, ինչը կհանգեցնի Իրանի հարստացված ուրանի պաշարների ավելացմանը։

Իրանի այս քայլերը խիստ մտահոգում է ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերներին, քանի որ նրանց տեսակետից Իրանի հարստացված ուրանի ավելցուկը մոտ ապագայում կարող է օգտագործվել պլուտոնիումի արտադրության համար, որն անկասկած Իրանին մեկ քայլ եւս կմոտեցնի միջուկային զենքի հասանելիությանը։ Մյուս կողմից Իրանը փորձում է իր հրթիռների հեռահարության ունակությունը բարձրացնել մինչև 3500-4000 կիլոմետրի։ Սա նշանակում է, որ Իրանը կարող է միջուկային մարտագլխիկներով ոչ միայն հարվածել Իսրայելին, այլև Արևմտյան Եվրոպայի ցանկացած երկրի։

Իրանը հասկանալով պատերազմի սպառնալիքից առաջացող սարսափը Եվրոպայի մոտ, կապված Մերձավոր Արևելքից պատերազմական փախստականների նոր հոսքը դեպի Արևմտյան Եվրոպա և Պարսից ծոցի տարածաշրջանից էներգակիրների մատակարարման դադարումը դեպի միջազգային շուկաները, փորձում է այս տարբերակները օգտագործել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև անհամաձայնությունները խորացնելու համար եւ մյուս կողմից 4+1 խմբին ստիպել արագացնել Եվրոպա-Իրան ֆինանսական փոխանակման մեխանիզմի (INSTEX) իրագործումը։

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի կողմից Իրանի դեմ կիրառած խիստ պատժամիջոցներին և, երբեմն, Սպիտակ տան կողմից հնչող ռազմական սպառնալիքներին, Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները փորձեցին Միացյալ Նահանգներին ներգրավել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի պրոքսի պատերազմների մեջ, որպեսզի Դոնալդ Թրամփի ուշադրությունը շեղեն տնտեսական պատերազմի խստացման տարբերակից և, այսպիսով` մեծացնել ԱՄՆ-ի 2020 թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններում նրա վերընտրման ռիսկերը։ Սակայն, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս քայլն գոնե՝ մինչ այժմ, ապարդյուն է անցել և Իրանի հոգևոր իշխանությունները զգալով տնտեսական պատժամիջոցներից հասած մեծ վնասները երկրին, այժմ գերագույն առաջնորդի լուռ համարձակությամբ փոքր շրջադարձ կատարելով՝ «առավելագույն դիմադրության» ռազմավարությունում, դիմել են միջուկային դիվանագիտության տարբերակին, այն հույսով, որ ՀԳՀԳ-ի պարտավորությունները կրճատելու և ուրանի հարստացման սպառնալիքով կարող են 4+1 խմբի եվրոպական երկրներին ահաբեկելով, եվրոպական եռյակին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հեռացնել ԱՄՆ-ի կարծր դիրքորոշումներից և նրանց ստիպել INSTEX-ը գործադրելով ապահովել Իրանի ֆինանսական կարիքները և հնարավորություն տալ Թեհրանին շարունակել իր առեւտրական կապերը հարեւան և աշխարհի մնացած բարեկամ երկրների հետ։

Սակայն, հունիսի 20-ի առավոտյան, Իրանի պահապանների կորպուսի ավիատիզերային ուժերի կողմից  Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան ԱԹՍ-ը խոցվելուց և  հուլիսի 4-ին Բրիտանիայի ծովուժի կողմից Ջիբլրալթարում  իրանական մի նավթատար տանկերի առգրավումը, այն հույսն առաջացրեց Իսրայելում, որ ստեղծված լարված վիճակում հնարավոր է՝ ԱՄՆ-ի օգնությամբ կետային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Մի խնդիր, որին պատրաստ էին դիմակայել իրանցիներն իրենց ներքին ռազմական ուժերով և տարածաշրջանային զինված շիա խմբավորումների, այդ թվում Լիբանանի Հեզբոլլահ շարժման և Իրաքի Հաշթ ալ-շաաբի աշխարհազորային զինված խմբերի միջոցով։

Իրանագետ՝ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով Իսրայելն էլ հուսով է, որ եթե Իրանն ի պատասխան՝ հարվածի Իսրայելին, ապա ԱՄՆ-ը անմիջապես կմտնի պատերազմի մեջ: Մի խոսքով, հրեաները ցանկանում են «քողարկվել ամերիկյան վահանի թիկունքում»:

1981 թվականին Իսրայելի էՖ-16 կործանիչները հարվածեցին Իրաքի «Օսիրաք» կոչվող միջուկային ռեակտորը, որը նույնպես ծառայում էր Իրաքի  այն ժամանակվա իշխանությանը միջուկային զենքի հասանելիությանը, սակայն այն ժամանակ Իրաքի Բացասական ռեժիմը չնայած իր հրթիռային և ռազմական բարձր կարողությանը չփորձեց կամ չհամարձակվեց պատասխանել Իսրայելին: Սակայն, Իրանի պարագան մի փոքր տարբեր է, և Իրանի հոգեւոր ու ռազմական ծայրահեղական իշխանությունները պատրաստ են տարածաշրջանի ցանկացած կետում հակահարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական և տնտեսական օբյեկտներին։ Չի բացառում, որ Ադրբեջանում  նաև Իսրայելի լրտեսական և լոգիստիկական կենտրոնները հայտնվեն Իրանի հրթիռային հարվածների թիրախում։

Քաղաքական փորձագետ Կարեն Բեքարյանը անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածության աճին և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությանը` նշվել է, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ կողմերի միջև երկխոսության համար: Սակայն, փորձագետի կարծիքով` այս պահին երկխոսության ցանկություն չի նկատվում ո´չ ԱՄՆ-ի, ո´չ էլ Իրանի մոտ, ուստի՝ Իրան-ԱՄՆ լարվածության աճի արդյունքում զարգացումների ցանկացած սցենարի համար Հայաստանը պետք է ունենա գործողությունների ծրագիր:

Չնայած իրանցի դիվանագետները իրենց եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարել ու շեշտում են, որ ըստ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի արձակած իսլամական ֆիթվայի, միջուկային ռումբի հասանելությունը հարամ է համարվում, սակայն եվրոպացիների և ԱՄՆ-ի տեսակետից Իրանի ցանկացած ձգտումն ուրանի հարստացման ուղղությամբ, անկասկած՝ միտված է միջուկային մարտագլխիկներով հրթիռների արտադրմանը, որոնք վտանգում են Արեւմուտքի շահերը Մերձավոր Արեւելքում։ Անկասկած, Իրանի հետ հավանական բախման առաջին զոհը տարածաշրջանում իսրայելն է, որն այժմ Իրանի միջին հեռահարության ոչ միջուկային, իսկ անտեսանելի ապագայում կհայտնվի, միգուցե՝ միջուկային մարտագլխիկներով զինված իրանական հրթիռների թիրախում։

Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  հայտարարել է, որ Ջիբրալթարի նեղուցում Բրիտանիայի ռազմածովային ուժերի կողմից իրանական նավթատարի կալանավորումը ծովահենություն է և Իրանն անպատասխան չի թողնելու այդ քայլը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ԱԹՍ-ի Իրանի երկնատարածք ներխուժմանը, գեներալ Հաթամին հավաստիացրել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման ուղերձն այն էր, որ Իրանն իր սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում երբեք չի թերանում և հզորությամբ պաշտպանում է իր օդային, ցամաքային ու ծովային սահմանները:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ևս ասել է.«Ոչ մի ուժ չի կարող որոշում կայացնել Իրանի դեմ ոտնձգելու համար»: Նա հավելել է, որ Իրանը երբեք պատերազմի սկսողը չի եղել, սակայն կարեւորում է  ինքնապաշտպանությունը»:

Այս պահի դրությամբ հակամարտող կողմերը ճնշում են գործադրում մյուս կողմի վրա։ Իրանը զգուշացնում է ՀԳՀԳ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների  կրճատման մասին, եւ Միացյալ Նահանգները սպառնում է դիմել ռազմական տարբերակներին եւ մեծացնել տնտեսական պատժամիջոցները:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ  քաղաքական եւ տնտեսական ճնշումների ավելացմանը, Իրանի իշխանությունները ո՛չ միայն փորձում է կրճատել իրենց պարտականությունները ՀԳՀԳ-ում, այլեւ ռազմական ուժեղ պատասխաններ տալով ԱՄՆ-ին և Իսրայելին, ձգտում են նոր մարտահրավերներ ստեղծել  Մերձավոր Արեւելքի անվտանգության  շուրջ:

Մյուս կողմից, ՀԳՀԳ-ից Իրանի լիովին  դուրս գալը երկիրը կտանի ամենավատ հնարավոր տնտեսա-քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ Իրանի կառավարությունը չի պատրաստվում դուրս գալ  միջուկային գործարքից, առանց դրա տնտեսական և անվտանգության  երաշխիքների իրականացմանը: Ցանկացած մեծ պատերազմ երկու կողմերի համար պահանջում է հսկայական ծախսեր և լոգիստիկական պատրաստվածություն, ինչից գոնե այս պահի դրությամբ զուրկ է Իրանի համակարգը։ Սակայն, իրանցիները հայտնի են մաշողական քաղաքականության և երկարատև տակտիկայի և հոգեբանական պատերազմի կիրառման մեջ, իսկ բանակցությունների տարբերակը իրանցիների քաղաքականության հայեցակարգում՝ կազմում է վերջին ընտրությունը, երբ այլեւս փրկության ոչ մի ելք չեն գտնում ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար։

Թվում է, ԱՄՆ-ի և նրա Արեւմտյան դաշնակիցների կողմից Իրանի դեմ մեկնարկած  տնտեսական պատերազմի այս փուլում, Իրանի իսլամական համակարգը հայտնվել է թույլ դիրքում և ճգնաժամը հաղթահարելու համար փորձում է դիմացինին հետ մղելու և իր ուժերը վերագտնելու նպատակով դիմել միջուկային և ռազմական սահմանափակ հակահարվածի մարտավարությանը, այն հուսով որ դա կազդի 2020 թ․-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա, և Ամերիկայում դեմոկրատականների իշխանության գալով Իրանը կարող է տնտեսական ճնշումերը թեթևացնել և նոր համաձայնության գալ ԱՄՆ-ի վարչակարգի հետ, առանց զիջելու իր դիրքերը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։

Վահե ԱՐԱՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031