Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգային քայլերը տեսանելի չեն. Արտյոմ Մեսրոպյան

Հուլիս 15,2019 20:30

Հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Նախկինում եվս նմանատիպ հանձնաժողով`Կոռուպցիայի դեմ պայքարի, գործում էր`վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ապա, ի պաշտոնե, հանձնաժողովի ղեկավարումը ստանձնեց Կարեն Կարապետյանը: Այն ժամանակ քննադատվեց հանձնաժողովի ստեղծումը`հենց հանձնաժողովում ընդգրկված եւ այն գլխավորող պաշտոնյաների ներգրավվածության համար, քանի որ այդ պաշտոնյաները եվս համարվում էին կոռումպացված:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զուտ ֆունկցիոնալ առումով, նախորդ եւ ներկա խորհուրդների միջեւ տարբերություն չկա: Նախկին եւ ներկա խորհուրդների տարբերությունն, ըստ մեր զրուցակցի` խորհրդում ներգրավված անձանց, ՀԿ-ների ընտրության մեջ է, բայց տարբերություններն էական չեն. «Նախկին խորհուրդը կարող էր իր գործունեությունը շարունակել»:

Մեր զրուցակցի կարծիքով, չի կարելի ասել, որ նախկին խորհուրդն ընդհանրապես հաջողություններ չի գրանցել: Մասնավորաբար, 2016-ից մի շարք օրենքներ են ընդունվել, որոնք ուղղված են Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանը`«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծման մասին օրենքը, «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը, «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը եւ այլն:

Ի դեպ, այժմ ներկայացվում է, որ նախկին խորհրդում քաղհասարակության երեք ներկայացուցիչ էր նախատեսված, մինչդեռ այժմ`հինգն են լինելու:

Արտյոմ Մեսրոպյանը պարզաբանում է`ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դեռ 2015-16 թվականներին կարողացել է հասնել նրան, որ այդ խորհրդում քաղհասարակության հինգ ներկայացուցիչ ընդգրկվի: Նա նկատում է, որ ավելին, այժմ խորհրդում ընդգրկված ՔՀԿ-ների համար պահանջները ավելի մեղմացվել են: Նախկինում ՀԿ-ների համար ավելի խիստ պահանջներ էին սահմանված:

Հուլիսի 12-ին կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս շեշտադրեց`կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղելու կառավարության քաղաքական կամքը: 2018-ի հեղափոխությունից ցայսօր, մեր զրուցակիցն արձանագրում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ձեւավորված օրակարգում կառավարության գործունեությունը, որոշ առումով, տեսանելի չէ. «Տեսանելի չեն հենց հակակոռուպցիան ինստիտուցիոնալ համակարգի քայլերը: Մոտեցումները մինչեւ այսօր պարզ չեն: Այսօր հանրային քննարկման է ներկայացված հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, որտեղ որ առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ տարանջատված մոդել, սակայն, քննարկումները շարունակվում են եւ պարզ չէ արդյո՞ք կառավարությունը նախապատվություն է տալու ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալուն: Այս բացերն են, որ մի շարք հարցեր են առաջացնում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031