Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադառնալով ապօրինի անտառահատումներին եւ դրա ստվերային շրջանառությանն ասաց՝ Հայաստանում տարեկան 500 հազար խմ-ից մինչեւ 1 միլիոն խմ անօրինական փայտ է հատվում: Նախարարն այն թվեր ներկայացրեց՝ եթե 1 միլիոնը բազմապատկենք 40 դոլարով, ապա խոսքը 40 միլիոն դոլարի շրջանառության մասին կարող է լինել:
Թե ովքեր են կանգնած այդ ծառահատումների «հետեւում», այսինքն` այդ բիզնեսով ովքեր են զբաղվում, նախարարը, փոխոստիկանապետի նման, փակագծերը չբացեց:
Aravot.am-ի դիտարկմանը՝ վաղուց տեղեկություններ են շրջանառվում, որ ապօրինի հատված ծառերերը՝ փայտանյութը նաեւ Վրաստան է արտահանվում, Գրիգորյանը պատասխանեց՝ ապօրինի հատված փայտը հիմնականում սպառվում է Հայաստանի տարածքում` որպես վառելափայտ ու շինափայտ.«Շատ տարածված է, որ ածուխ են սարքում ու այդ ծավալները եւս գալիս են այդ հատումներից։ Օրինակ` 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը 17 000 խմ է ընդամենը։ Մնացած ամբողջ ծավալը ձեւավորվում է ապօրինի հատումներից»:
Գրիգորյանի վստահեցմամբ՝ այդ բիզնեսը մեծ շրջանառությամբ, ստվերային կառույց է, որը վերացնելու համար կադրային եւ օրենսդրական փոփոխություններ են անում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին էլ՝ նախկին իշխանության ժամանակ էլ այս ոլորտում պաշտոն է զբաղեցրել, եւ ապօրինի անտառահատության եւ դրա համակարգված կոռուպցիայի մասին կարծես չի բարձրաձայնել, ի՞նչն էր պատճառը, Գրիգորյանը նշեց, թե՝ որ թվականին ինչ պաշտոններ է զբաղեցրել.«2017-18 թվականներին, երբ փոխնախարար էի՝ չեմ համակարգել այդ ոլորտը, եւ պատասխանատու չեմ եղել՝ ընդհանուր առմամբ: Չնայած, նաեւ պատասխանատվություն եմ կրում՝ անկախ նրանից համակարգել եմ, թե՝ ոչ»:
Թե ինչո՞ւ օրենսդրական նախաձեռնություններ այս տարիների ընթացքում չեն եղել, նախարարը ուշագրավ պարզաբանում տվեց.«Որովհետեւ համակարգը կառուցված է եղել այնպես, որ մարդիկ, որոնք ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացում՝ նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա: Չի եղել շահագրգռվածություն՝ կարգավորել եւ պատժիչ-կանխարգելիչ մեխանիզմը դարձնել բավարար, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն՝ նոր որոշեն՝ մտնե՞լ անտառ, թե՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Այժմ, ըստ նախարարի, օրենքը խստացվում է, եւ ապօրինի անտառահատման դեպքը կրկնվելու դեպքում այլեւս վարչական չի լինի պատասխանատվությունը, այլ՝ քրեական:
Գրիգորյանն ասաց՝ Իջեւանի անտառտնտեսությունում ղեկավարը փոխվել է, եւ նաեւ այս հանգամանքն է, որ բողոքի ցույցեր են անում, բայց նաեւ այլ պատճառներ կան, օրինակ օրենսդրական փոփոխությունները:
Նախարարի ներկայացմամբ՝ նախկինում ապօրինի ծառահատումների թվերը ձեւական են եղել եւ սահմանափակ թվեր են նշել, այժմ՝ 2018-19-ին մինչեւ 18 հազար ծառ է ապօրինի հատվել: Սյունիքում ապօրինի ծառահատումների իրավիճակը, ինչպես նախարարն ասաց, բավականին բարվոք է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ