Լրահոս
Օրվա լրահոսը

Տրդատ Ա-ի դասերը

Օգոստոս 09,2019 12:30
Հայոց Տրդատ Ա Արքայի քանդակը (Լուվր, Փարիզ). պատրաստվել է 66թ. Հռոմում, Ներոն կայսեր պատվերով

«Դասագիրքը ո՛չ թե զուտ պատմություն է, այլեւ «պատմության դաս» («Առավոտ», 7.06.2019թ.) հոդվածի ավարտից հետո Հայոց թագավոր Տրդատ Ա-ի գործունեությունը շարունակում է ինձ հետաքրքրել, եւ անկախ ինձանից անընդհատ անդրադառնում եմ այդ մեծ անհատին: Իհարկե, չլինելով պատմաբան, ամենեւին այն կարծիքին չեմ, որ իմ պատկերացումները ճշգրիտ են:

Այդուհանդերձ, ներկայացնում եմ Հայոց թագավոր Տրդատ Ա-ի մասին խորհրդածություններս ու եզրահանգումները, քանի որ նրա ողջ գործունեությունը իմ պատկերացմամբ էական է եւ ուշագրավ ոչ միայն զուտ պատմագիտական առումով, այլեւ ուսանելի՝ անկախ Հայաստանի նորօրյա քաղաքական բոլոր գործիչների համար: Ումի՞ց մենք պետք է առաջին հերթին դասեր քաղենք, եթե ոչ մեր մեծերից:

Ի՞նչ դասեր է տվել Տրդատ Առաջինը:

Դաս I:

Տրդատ Ա-ն կարողացավ ճակատամարտում տարած հաղթանակը վերածել պատերազմում տարած հաղթանակի՝ ստիպելով հակառակորդին կնքել հաշտության պայմանագիր: Միաժամանակ, նա Հռոմին հասկացրեց, որ Հռոմի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի եւ, եթե նույն կերպ վարվի նաեւ Հռոմը, ապա կարող են լինել լավ դաշնակիցներ։ Արդյունքում նա դարձավ Հռոմի կայսրության դաշնակիցը՝ միաժամանակ Հռոմին դարձնելով իր դաշնակիցը:

Այս տեսակետից եթե դիտարկենք մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, դժվար չէ հասկանալ, որ 1994թ. Կնքված զինադադարի պայմանագիրը մեզ (եւ հակառակորդին) տվեց միայն «շունչ քաշելու» հնարավորություն, պատերազմը արյունահեղ փուլից փոխադրեց արյունածոր փուլ, եւ մինչեւ օրս շարունակում ենք մնալ պատերազմական վիճակում: «Հայտնի ուժերը» ձախողեցին մինչ այդ բազմաթիվ ճակատամարտերում (նվազագույնը 5 շրջանների, Շուշիի ազատագրումը) տարած հաղթանակները դարձնել «Մեծ խաղաղության» հաղթաթուղթ: Ի դեպ, ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այդ հաղթական մարտերը, որպես կանոն, տեղի են ունեցել զինադադարներից հետո եւ այդ դասերից հետո, փոխանակ ապրիլյան պատերազմը վերածեինք նոր հաղթանակի, «հաջողությամբ» պարտություն կրեցինք: Այս ամենի արդյունքում շարունակում ենք անընդհատ զոհեր տալ: Եվ դեռ այսօր էլ պարզ չէ, թե ե՞րբ այս ամենը վերջ կունենա: Այդպես է լինում միշտ, երբ աշակերտները ապաշնորհ են:

Այս դասը այսօր հիշեցնում է, որ մենք այն չենք յուրացրել:

Դաս II:
Տրդատ Ա-ն գտնում է դիվանագիտական առումով մեծ փոխզիջում։ Նա համաձայնում է գնալ Հռոմ եւ այնտեղ Ներոնից ստանալ թագը, դրանով իսկ հագուրդ տալով Հռոմի եւ հատկապես Ներոն կայսրի սնապարծությանը, եւ միաժամանակ այն ժամանակվա մեծ ու փոքր բոլոր պետություններին ու դրանց տիրակալներին ցուցադրելով իր լեգիտիմության ճանաչված լինելը Հռոմում։

Այս դասը նույնպես հուշում է, որ ժամանակն է գտնել փոխզիջման մեր սահմանաչափը, որը արժանի կլինի Տրդատ արքային։

Դաս III:
Տրդատ Ա-ն ցուցադրեց, թե ինչպես պետք է պետության ղեկավարը իրեն պահի այլ պետության ղեկավարի հետ հարաբերություններում, անգամ եթե այդ պետությունը գերտերություն է, ինչպիսին էր այդ ժամանակ Հռոմը: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ Տրդատ Ա-ն Ներոնի հետ հանդիպումից առաջ հրաժարվում է իր սուրը հանձնել՝ հակառակ կայսերական ընդունված արարողակարգի։

Սա արժանապատվության դաս է: Պետության ղեկավարը, պահելով իր արժանապատվությունը, պահում է նաեւ պետության ու իր ժողովրդի արժանապատվությունը:

Դաս IV:
Տրդատ Ա-ն, երեք հազար հեծյալի ուղեկցությամբ ինն ամիս լինելով Հռոմում, ցույց տվեց, որ անհրաժեշտ է ծանոթանալ եւ ուսումնասիրել նաեւ զարգացած այլ պետության ռազմական, տնտեսական, մշակութային ձեռքբերումները, որոնք կարող են օգնել ապահովելու իր պետության առաջընթացը: Կարճ ասած` Տրդատ Ա-ն իր պահվածքով այսօր էլ մեր ղեկավար քաղաքական այրերին սովորեցնում է նախ եւ առաջ՝ սովորել:

Դաս V:
Ներոնի առաջարկած շռայլ նվերների փոխարեն Տրդատ Ա-ն խնդրում է իրեն տալ կատակերգուին: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացնենք, որ նա վերցներ Ներոնի առաջարկածից թանկարժեք որեւէ բան: Ամենաթանկ գանձն իսկ վերցնելու դեպքում Ներոնը կարող էր մտածել. «Սա է՞ քո ուզածը»: Ընդ որում՝ Տրդատն արդեն ապահովել էր համապատասխան ռազմատուգանքը, հետեւաբար, ամենաթանկ նվերն անգամ կվտանգեր իր արժանապատվությունը, առավել եւս, որ այդ նվերով, միեւնույն է, չէր ամոքի իր պետական կարիքները: Դա էր պատճառը, որ նա գերադասեց Ներոնից խնդրել նրա համար ոչինչ չարժեցող արվեստի նմուշ: Կարծում եմ՝ ամենեւին պատահական չէր, որ նա Ներոնից խնդրեց ոչ թե արվեստի հետ առնչվող որեւէ ընծա, այլ հատկապես, կատակերգու:

Սա մեր դիվանագետների համար կարող է լինել «դիվանագիտական լեզվի» ուսուցման դաս:

Դաս VI:
Հռանդեայի ճակատամարտից (62թ.) հետո Հայաստանում հաստատվեց տեւական խաղաղ ժամանակահատված:
Այս ամենը նշանակում է, որ ե՛ւ Տրդատ Ա-ն, ե՛ւ նրան հաջորդած մյուս թագավորները վարել են այնպիսի հմուտ արտաքին քաղաքականություն, որը հնարավորություն է տվել այն ժամանակվա հզոր գերտերությունների (ինչպիսիք էին ռազմատենչ Հռոմեական կայսրությունը եւ Պարթեւստանը) անմիջական հարեւանությամբ ոչ միայն ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը, այլեւ տարածաշրջանում դառնալ երրորդ հզոր տերությունը:

Այս ամենը հիշեցնում է Վենետիկի հանրապետությունը, որ մի քանի դար շարունակ կարողացավ իր ժամանակի հզորագույն պետությունների (Բյուզանդական, Օսմանյան, Գերմանական սրբազան, Ֆրանսիական եւ այլ կայսրություններ) հարեւանությամբ ոչ միայն կուլ չգնալ, այլեւ ապահովել իր անընդհատ զարգացումն ու հզորացումը։

Դաս VII:
Տրդատ Ա-ի այցելությունը Հռոմ ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն, քանզի ինքը լինելով արեւելյան քաղաքակրթական մշակույթի ներկայացուցիչ, պարթեւականի կրողը, հասկացել էր, որ հայկականը թեեւ ուներ շատ ընդհանրություններ պարթեւականի հետ, այնուամենայնիվ, այն էապես տարբերվում է պարթեւականից եւ ունի հետագա զարգացման սեփական ուղին, որի մասին, իբրեւ Հայոց թագավոր, ինքը պարտավոր էր հոգալ։

Տեղին է հիշատակել Տրդատ Ա-ին հաջորդած Սանատրուկի գործունեության մի կարեւոր դրվագ։ Սանատրուկը կարողացավ Տրդատ Ա-ի ձեռք բերած խաղաղությունը ծառայեցնել Հայաստանի բարգավաճմանը, զարգացնել իր նախորդի շինարարական գործունեությունը, նպաստել տնտեսության եւ մշակույթի առաջընթացին, Մեծ Հայքին միացնել Եդեսիայի թագավորությունը եւ այլն։ Նրա մասին հույն մատենագիր Սուիդասը վկայում է, որ Հայոց թագավոր Սանատրուկը հավատարիմ պահապան էր արդարադատության, իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաեւ չափավոր եւ ուղղամիտ, ինչպես լավագույնները հույների եւ հռոմեացիների մեջ։

Այս դասերը կարելի է շարունակել, բայց բավարարվենք սիրողական այս փորձերով: Մնացյալը թող կատարեն մասնագետները` պրոֆեսիոնալ մակարդակով: Մի բան, սակայն, անվիճելի է՝ հայոց Արշակունյաց հարստության հիմնադիր Տրդատ Ա-ի անձը եւ իր գործերը հաղթել են ժամանակային պատնեշները եւ այսօր էլ շարունակում են մնալ որպես ուսանելի դասեր։

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031