Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագիրքը ո՛չ թե զուտ պատմություն է, այլեւ «պատմության դաս»

Հունիս 08,2019 14:00

Օրերս մի առիթով ծանոթացա հայ ժողովրդի պատմության մի բուհական դասագրքի («Հայոց պատմություն», խմբ. Հր. Սիմոնյանի, ԵՊՀ, 2012) եւ, անկեղծ ասած, շատ հիասթափվեցի: Նախ` ցանկանում եմ հայցել ընթերցողի եւ ապա նաեւ՝ պատմաբանների ներողամտությունը, որ, չլինելով պատմաբան, փորձում եմ կարծիք հայտնել իմ մասնագիտական շրջանակներից դուրս հարցերի վերաբերմամբ: Սակայն, կարեւորելով դասագրքերի դերը, չէի կարող անտարբեր մնալ, ուստի որոշեցի ներկայացնել մի քանի դիտարկում: Այդ գրքի 62-րդ էջում կարդում եմ. «…Հռոմը եւ Պարթեւստանը ճանաչեցին Մեծ Հայքի անկախությունը, Տրդատ I-ի ինքնավար իրավունքները եւ իրենց զորքերը հեռացրին նրա սահմաններից»: Հարց է առաջանում, եթե ճանաչել են պետության անկախությունը, ապա այդ պետությունն ինքնավա՞ր է, այսինքն՝ շարունակում է մնալ վասալական կարգավիճակով, թե՞ այլեւս ինքնիշխան է, առավել եւս, որ թշնամին իր զորքերը հեռացրել է սահմաններից:

Այնուհետեւ նշվում է, որ Տրդատ Ա-ն «պետք է մեկնի Հռոմ եւ արժանանա կայսերական արքունիքի հավանությանն ու հաստատմանը»: Անհասկանալի է, թե Տրդատ թագավորի ինչին էր պետք այդ «հավանությունն ու հաստատումը», չէ՞ որ ինքը արդեն Մեծ Հայքի թագավոր էր հռչակված եւ բոլորը գիտեին այդ մասին, առավել եւս, որ հռոմեական բանակը խայտառակ, ջախջախիչ պարտություն էր կրել 62թ. Հռանդեայի ճակատամարտում, ինչի մասին նշվում է այդ դասագրքում եւ ավելացվում, որ «Իր զորքերի մնացորդներին փրկելու նպատակով Պետոսը կնքեց զինադադար, որի համաձայն հռոմեացիները զինաթափվեցին, հանձնեցին գերիներին ու ավարը, ապա անցնելով նիզակներից պատրաստված ստորացուցիչ «լծի» տակով՝ ահաբեկված փախան Կապադովկիա»: Ապա շարունակվում է. «Պատերազմը շարունակելու եւ հաղթանակի հասնելու նպատակով Ներոնը վերստին Հռոմի արեւելյան զորքերի գլխավոր հրամանատար կարգեց արտակարգ լիազորություններով օժտված Կորբուլոնին: Նկատի ունենալով հայ-պարթեւական ուժերի գերակշռությունը՝ Կորբուլոնը ձեռնպահ մնաց ռազմական գործողություններից եւ առաջարկեց կնքել հաշտության պայմանագիր: Հայերի պահանջով հաշտությունը կնքվեց Հռանդեայում՝ հռոմեական զորքերի պարտության վայրում»:

Այնուհետեւ նշվում է, որ «65թ. Տրդատ I-ը իր ընտանիքով եւ 3 հազար հեծյալ շքախմբով մեկնեց Հռոմ: Հռոմի գլխավոր հրապարակում՝ ֆորումում, Տրդատ I-ը հանդիսավորությամբ օծվեց Մեծ Հայքի թագավոր»:

Ինչո՞վ է բացատրվում, որ Տրդատ Ա-ն Հռոմ մեկնեց իր ընտանիքով եւ 3 հազար հեծյալ շքախմբով: Այդ մասին ոչ մի խոսք, այն էլ ինն ամիս, այն էլ «այդ ուղեւորության ծախսերը պարտավորվեց վճարել կայսերական արքունիքը»: Այդ ինչո՞վ էր պայմանավորված հռոմեացիների՝ հանձինս Ներոն կայսրի, շռայլությունը, որը հայտնի էր իր ամբարտավանությամբ:

Ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, ի՞նչ էր անում թագավորը ինն ամիս Հռոմում, ինչո՞վ էր զբաղված նրա բազմամարդ շքախումբը: Այնուհետեւ գրքում նշվում է. «Տրդատ I-ին հատկացված խոշոր գումարը եւ նրա հետ Մեծ Հայք եկած բազում արհեստավորները սոսկ կայսերական «պարգեւ» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմեական զորքերի պատճառած վնասները փոխհատուցելու համար: Այդ գումարով ու արհեստավորների օգնությամբ վերականգնվեցին Արտաշատը, Գառնիի ամրոցը, որին առընթեր կառուցվեց Միհր աստծո տաճարը եւ այլն»: Այս ամենը շարադրելուց հետո ի՞նչ եզրակացություն է արվում: Ոչ մի, քար լռություն:

Այսպիսի հակասական շարադրանքի հիմքում, հավանաբար, ընկած են հռոմեական պատմիչների տեղեկությունները: Այդ մասին են վկայում նաեւ այլազգի պատմաբանների տեղեկությունները, որոնք էապես չեն տարբերվում հայ պատմաբանների տեղեկություններից: Այստեղ, կարծում եմ, անհրաժեշտ է հիշատակել այն հանգամանքը, որ հռոմեական պատմիչները հայտնի են իրենց կանխակալությամբ, պատմական անցքերը միակողմանիորեն՝ միայն հօգուտ Հռոմի ներկայացնելու մտայնությամբ: Այս առումով բավական է հիշատակել միայն վանդալներին հռոմեացիների տված գնահատականները, որոնք նրանց ներկայացնում են որպես բարբարոսներ, ջարդարարներ եւ, առհասարակ, որպես չարագործներ, այնինչ, ինչպես նշում են եվրոպացի պատմաբանները, իրականությունը միանգամայն հակառակն է:
Նշված հարցականների պատասխանը, կարծում եմ, տալիս է ֆրանսիական արդի գրականության հիմնադիր Ֆրանսուա Ռաբլեն, որն իր հանճարեղ՝ «Գարգանտյուան եւ Պանտագրյուելը» երկում, այսինքն, դեռեւս 16-րդ դարում գրում է.

«Ես հիշում եմ, որ մի տեղեկացված ու պերճախոս հեղինակ հաղորդում է, որ Հայաստանի Արքա Տրդատը Ներոնի ժամանակներում այցելել է Հռոմ, որտեղ նրան ընդունել են արտակարգ հանդիսավորությամբ, ողջ շուքով եւ շքեղությամբ՝ սենատի եւ հռոմեական ժողովրդի հետ հավերժ բարեկամություն հաստատելու համար: Այդ հրաշալի քաղաքում չի եղել մի տեսարժան վայր, որ նրան չի առաջարկվել այցելել եւ ցույց չեն տվել: Նրա մեկնման առթիվ կայսրը բազմաթիվ թանկարժեք եւ արտասովոր նվերներ է ընծայել եւ, բացի այդ, իր սերն ամբողջությամբ արտահայտելու եւ վկայելու նպատակով սրտանց աղաչում էր նրան, որ նա ընտրի հատկապես Հռոմում իրեն դուր եկած լավագույնը, երդվելով խոստանում է, որ չի մերժի ոչինչ, ինչ էլ որ հյուրը ցանկանա: Հյուրը, սակայն, նրանից խնդրում է մի կատակերգու, որին ինքը տեսել է թատրոնում եւ թեեւ ինքը չէր հասկանում, թե ինչ է խոսում այդ կատակերգուն, հասկացել է ամբողջությամբ ինչը որ նա արտահայտել է նշաններով եւ մարմնի շարժումներով. հյուրը բացատրում է նաեւ, թե ինչու է ցանկանում այդ կատակերգուին, քանզի իր հպատակությամբ ապրում են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, որոնց պատասխանելու եւ նրանց հետ խոսելու համար իրեն հարկավոր են բազմաթիվ թարգմաններ…»: Պատմաբաններն, իհարկե, անմիջապես կպատասխանեն, իբր դա գրական երկ է եւ չի կարող ունենալ աղբյուրագիտական նշանակություն, առավել եւս այն դարձնել լուրջ գիտական եզրակացության հիմք: Այս դեպքում ստիպված կլինեմ ասել, որ հանճարեղ Ֆ. Ռաբլեն եղել է իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը եւ չէր կարող որեւէ կոնկրետ փաստի առնչությամբ հենց այնպես զոռ տալ իր գրողական երեւակայությանը: Բացի այդ, նա նշում է, որ «մի հեղինակի գրքից», այն էլ «տեղեկացված եւ պերճախոս», քաղել է այդ ամենը, այսինքն՝ ինքն ունեցել է իր աղբյուրը: Ով է այդ հեղինակը, ես չգիտեմ, կարծում եմ՝ պատմաբանները եւ գրականագետներն ավելի տեղյակ են:

Միայն դասագրքում նշված փաստերին ծանոթանալուց հետո, կարծում եմ, կարելի է առաջադրված բոլոր հարցականներին տալ միանշանակ պատասխաններ:

Առաջին՝ Հռանդեայի պայմանագիրը նախեւառաջ Տրդատ Ա-ի դիվանագիտական մեծ հաղթանակն էր ա՛յն առումով, որ կարողացել է ճակատամարտում տարած հաղթանակը պսակել հաշտության պայմանագրով: Երկրորդ, Տրդատ Ա-ն կարողացել է Կորբուլոնին պարտադրել իր սեփական բոլոր պահանջները, իսկ Կորբուլոնը հայտնի է, որ պատահական մարդ չէր, այլ Ներոն կայսրի՝ արտակարգ լիազորություններով օժտված ներկայացուցիչը եւ ռազմական հաղթանակներով հանրահայտ զորավարը: Երրորդ, Տրդատ Ա-ն Կորբուլոնին պարտադրել է Հռանդեայի պայմանագիրը կնքել հատկապես Հռանդեայում՝ հռոմեական զորքի պարտության վայրում, ինչը ինքնին խոսուն փաստ է: Չորրորդ, հասկանալի է դառնում, թե ինչու Տրդատ Ա-ն համաձայնում է այցելել Հռոմ եւ թագ ստանալ, այլ ոչ թե օծվել, որովհետեւ Հռոմ մեկնելով Տրդատը ցուցադրում է իր անկախությունը եւ ինքնիշխանությունը, այլ ոչ թե ինքնավար իրավունքները: Հինգերորդ, կարծում եմ հասկանալի է, որ Հայաստանին նույնպես անհրաժեշտ էր ունենալ այնպիսի դաշնակից երկիր, ինչպիսին էր Հռոմեական կայսրությունը, այնպես, ինչպես Հռոմն էր ցանկանում ունենալ Հայաստանի նման դաշնակից: Ինչպես նշված է Հայկական Հանրագիտարանում, երեւում է, թե «ինչպիսի ճիգեր է գործադրել Ներոնը նրան Հռոմի մշտական բարեկամը դարձնելու համար» (հատոր 9, էջ 557):

Վեցերորդ, պարզ է դառնում, թե ինչու Տրդատ Ա-ի ուղեւորությունը տեւեց ինն ամիս. Նա մեկնել է Հռոմ ոչ թե իր պարապությունը ժամանցով փոխարինելու, այլ, կարելի է ենթադրել, Հռոմի կայսրության ռազմական, տնտեսական, մշակութային հաջողություններին ծանոթանալու նպատակով, բնականաբար, դրանք իր թագավորությունում իրականացնելու համար: Յոթերորդ, պարզ է նաեւ, թե ինչու Տրդատը Հռոմ այցելեց 3 հազար հեծյալի ուղեկցությամբ: Այդ շքախմբի խնդիրը ոչ միայն նրա անվտանգությունը ապահովելն էր, ինչը, միեւնույն է, հնարավոր չէր իրականացնել, այլ ծանոթանալ հռոմեական ռազմարվեստին, եւ նաեւ ցուցադրել հայկական այրուձին, որն այն ժամանակ արդեն հայտնի էր ճակատամարտեր վարելու իր բարձրարվեստ կարողություններով եւ ինչո՞ւ ոչ, նաեւ Հռոմին զգուշացնելով, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու պարագայում նա գործ կունենա այդպիսի մակարդակի զորքի հետ: Ութերորդ, չափազանց էական է կատակերգուի դրվագը, ինչը առաջին հայացքից կարող է թվալ ոչ այնքան կարեւոր, այնինչ այդ խնդրանքով Տրդատ Ա-ն ցանկանում էր Ներոնին դիվանագիտական լեզվով հասկացնել, որ այնպես, ինչպես Ներոնն էր հայտնի իր արվեստասիրությամբ, այնպես էլ ինքը նրան չի զիջում: Ինչպես ասում են, ձեռքի հետ նաեւ նշելով, որ ինչպես Ներոնը, այնպես էլ ինքը իր տիրապետության տակ ունի այլալեզու ժողովուրդներ: Այսինքն՝ ինքը ոչնչով պակաս չէ Ներոնից: Կարճ ասած, որքան կարելի է դատել դասագրքում շարադրված փաստերից եւ ծանոթանալով նաեւ Ռաբլեի տեղեկությանը, մնում է եզրակացնել, որ Ներոնը Տրդատ Ա-ին հրավիրել է Հռոմ ոչ թե օծելու, այլ հայցելու հայոց արքայի ներողամտությունը եւ ձեռք բերելու դաշնակից պետություն:

Ցանկանում եմ վերստին հայցել պատմաբանների ներողամտությունը վերը նշված եզրակացությունների համար եւ հայտնել, որ ամենեւին այն կարծիքին չեմ, որ դրանք գիտականորեն ամբողջապես հիմնավորված են եւ անխոցելի: Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ դասագիրքը, բուհական, թե դպրոցական, չի կարելի շարադրել նման ձեւով: Դասագիրքը, մասնավորապես, պատմության դասագիրքը, բոլորովին այլ չափանիշներ պետք է ունենա եւ կարողանա հետաքրքրաշարժ կերպով ներկայացնել պատմական անցքերը:

Ընդհանուր առմամբ, դասագրքի այս հատվածը հրաշալի ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի շարադրել պատմությունը: Իմ համոզմամբ, դասագիրքը ո՛չ թե զուտ պատմություն է, այլեւ «պատմության դաս»՝ մի դեպքում պետք է ներկայացվեն հաղթանակի դասերը, մյուս դեպքում՝ պարտության դասերը եւ երբեք չի կարելի այն դարձնել թվականների շտեմարան: Իսկ այն դրվագը, որ ներկայացրինք, կարող է դառնալ հանձնարարություն (տնային առաջադրանք), որի հիման վրա ուսանողը կարող է պատասխանել առաջադրված հարցերին: Ի դեպ, պատմության դասերը, որոնք ե՛ւ դիվանագիտական են, ե՛ւ մարտավարական, ե՛ւ ռազմավարական եւ այլն, կարող են չափազանց օգտակար լինել Նոր Հայաստանի բոլոր իշխանավորներին, որոնք մեր նախկին աշակերտներն ու ուսանողներն են:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

07.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիանալի յօդուած:
    Պիտի աւելցնեմ, նաեւ, որ հակառակ կայսերական արարողակարգին, Տրդատ մերժեց առանց իր թուրին ներկայանալ Ներոնին, եւ իբրեւ այլընտրանք՝ թուրը գամով ամրացուեցաւ պատեանին մէջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930