Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճը պարզապես ըմպելիք չէ

Հուլիս 30,2026 12:30 Share

Ինչպես հայ վաճառականները փոխեցին Եվրոպայի քաղաքային կենցաղը

Հայկական առօրյան դժվար է պատկերացնել առանց սուրճի։ Այն վաղուց այլեւս միայն ըմպելիք չէ։ Սուրճը դարձել է օրվա սկզբի ու արթնացման ազդարարը, ընտանեկան, ընկերական, բարեկամական, գործարար շփումների մշտական ուղեկիցը, նոր ծանոթությունների եւ հանդիպումների անբաժան ուղեկիցը։ Իսկ ե՞րբ սկսվեց այս պատմությունը եւ ինչո՞ւ հենց սուրճը դարձավ մարդկանց հաղորդակցության հասկանալի լեզուն։

Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղից այն լայնորեն տարածվել է արաբական աշխարհում, ապա՝ Օսմանյան կայսրությունում։ 16-17-րդ դարերում արդեն միջազգային առեւտրական ցանցի մասնակից հայ վաճառականները՝ մետաքսի, արեւելյան համեմունքների եւ նորահայտ այլ ապրանքների հետ, Եվրոպա էին հասցնում նաեւ սուրճ։ Ուստի պատահական չէ, որ բազմաթիվ եվրոպական աղբյուրներում սուրճի տարածման պատմության մեջ հաճախ են հիշատակվում հայերը։

17-րդ դարի կեսին Մարսելի նավահանգստում արդեն կարելի էր հանդիպել հայ վաճառականների, որոնք եվրոպացի գործընկերների հետ առեւտրային գործերը քննարկում էին նորովի՝ սուրճի սեղանի շուրջ։ Թեեւ այդ հիշատակությունները եզակի են եւ ոչ միշտ հավաստի, սակայն երեւույթն ինքնին վկայում է, որ հայերը շատ ավելի վաղ էին ծանոթ սուրճի մշակույթին։

Այս շարքի վստահելի առաջին փաստը կապված է Փարիզի հետ։ 1672 թվականին հայ վաճառական Հովհաննես Դեոդատը, որը եվրոպական աղբյուրներում հայտնի է նաեւ Պասկալ Հայ անունով, Փարիզում բացել է առաջին հանրային սրճարանը։ Նրա ձեռնարկը երկար կյանք չունեցավ, սակայն հունավորեց մի գործընթաց, որը հետագայում փոխակերպեց եվրոպական քաղաքակրթությունը և մասնավորապես՝ քաղաքային մշակույթը։ Պասկալ լ’Արմենիենի օգնական Պրոկոպիոյի բացած Café Procopeը հանրահռչակվեց որպես լուսավորականների, գրողների եւ քաղաքական գործիչների հավաքատեղի։ Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի այն փաստը, որ Փարիզի Սեն-Ժերմեն թաղամասի տոնավաճառի հարեւանությամբ այսօր գործում են սրճարաններ, որոնք այցելուներին պատմում են, թե հանդիսանում են Փարիզի առաջին սրճարանների ավանդույթի շարունակողները։

Քննվող նյութին առնչվող մի հավաստի փաստ էլ կապված է 1683 թվականին Վիեննայի մոտ Օսմանյան բանակի ջախջախիչ պարտության հետ․ թուրքերի փախուստից  հետո եվրոպական կոալիցիային ավար հասավ 500 պարկ (30 տոննա) սուրճ, որը դարձավ Վիեննայում, ապա եւ եվրոպական այլ քաղաքներում սրճարանների տարածման հիմքը։ Այս պատմությունն ունի տարբեր հերոսներ, սակայն պատմաբանները մի հարցում համամիտ են՝ հենց այդ շրջանում է սուրճը վերջնականապես մուտք գործել եվրոպական քաղաքային կենցաղ, եւ այդ գործում նկատելի է սուրճի վաճառքով զբաղվող հայ վաճառականների դերը։ Նրանք արդեն գործում էին Տրանսիլվանիայում, Լեհաստանում, Վիեննայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանի քաղաքներում՝ Արեւելքն ու Եվրոպան ագուցելով միասնական առեւտրական ցանցի մեջ։

Հայկական «շերտից» զատ պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ սուրճը փոխեց մարդկային փոխհարաբերությունների ձեւն ու որակը։ Նոր ժամանակի եվրոպական քաղաքներում մարդկանց հիմնական հավաքատեղիները պանդոկներն ու գինետներն էին, իսկ ասպարեզ եկած սրճարաններն առաջարկեցին բոլորովին այլ ծառայություն եւ միջավայր։ Այստեղ մարդիկ գալիս էին ոչ թե ուտելու, խմելու կամ գիշերելու, այլ զրուցելու, կարդալու, բանավիճելու։ Անգլիայում նույնիսկ ասում էին՝ «Սրճարանները 1 փենի արժողությամբ համալսարաններ են», նկատի առնելով, որ մեկ բաժակ սուրճի գնով կարելի էր ներկա գտնվել ճանապարհորդների, վաճառականների, գիտնականների, իրավաբանների քննարկումներին։

17-18 դարերի եվրոպական սրճարանները հաճախ անվանում էին «լուսավորության օրրաններ», քանի որ այստեղ քննարկվում էին գիտական հարցեր, նոր քաղաքական գաղափարներ ու տնտեսական ծրագրեր, ինչպես նաեւ ապրանքների գները, ձեռք էին բերվում պայմանավորվածություններ, միմյանց հաղորդվում էին լուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այս երևույթները պարզորոշ արձանագրված են նաեւ հայկական հոծ համայնքներ ունեցող քաղաքներում։  Սրճարանը դառնում էր վստահության վրա հիմնված առեւտրային գործարքներ կնքելու տարածք։ Հայ վաճառականների համար սրճարանը սոսկ հանգստի վայր չէր։ Այն առեւտրային վստահության յուրատեսակ ինստիտուտ էր նոր գործընկերոջ հետ հանդիպումը հաճախ սկսվում էր մեկ գավաթ սուրճի շուրջ, շարունակվում գործարքի պայմանների համաձայնեցմամբ եւ ավարտվում նոտարի մոտ պայմանագրի բուն տեքստի վավերացմամբ։

Սրճախմությունը կատարում էր այնպիսի սոցիալական գործառույթ, որը մինչ այդ վերապահված էր միայն ընտանեկան կամ կրոնական հավաքներին։ Այն ստեղծում էր միջավայր, որտեղ մարդիկ հավասար պայմաններում կարող էին խոսել, վիճել, համաձայնության գալ եւ համագործակցել։ Պատահական չէ, որ պատմաբաններն ու սոցիոլոգները սրճարանները համարում են քաղաքացիական հասարակության ձեւավորման կարեւոր օղակ։ Հանրային քննարկումների մշակույթը ծնվում էր ոչ միայն համալսարաններում կամ խորհրդարաններում, այլեւ հենց սրճարաններում։ Այդ մշակույթը հետագայում տեղափոխվեց նաեւ հայկական քաղաքային միջավայր եւ մինչ օրս պահպանվել է որպես ջերմ ու պարզ հյուրընկալության նշան։ Ի դեպ, չեխ եւ եվրոպացի մի շարք հետազոտողներ նույնպիսի դեր են վերագրել նաեւ գարեջրատներին, որոնք արագորեն տարածվեցին ու դարձան տեղական ինքնակազմակերպման եւ հանրային կյանքի կենտրոններ։

Տարբեր քաղաքակրթություններ հաղորդակցության տարբեր «ըմպելիքներ» ունեն։ Չինաստանում եւ Ճապոնիայում այդ դերը դարեր շարունակ կատարել է թեյը՝ իր հանդարտ ու անխռով ծիսակարգով, Եվրոպայում՝ զվարթություն պարգեւող գարեջուրը, Մերձավոր Արեւելքում, իսկ հետագայում նաեւ հայկական միջավայրում՝ առույգության և զգաստության աղբյուր հանդիսացող սուրճը։ Տարբեր են ըմպելիքները, բայց անփոփոխ է մնացել մարդկանց միավորելու եւ միջանձնային շփումներ ապահովելու դրանց առաքելությունը։

Սուրճն ունի նաեւ մեկ այլ՝ խիստ անձնական կողմ։ Մարդն իր նմանի հետ հաղորդակցվելու մշտական կարիք է զգում, բայց նույնքան բնական է ժամանակ առ ժամանակ ինքնամեկուսանալու ցանկությունը։ Շատ գրողներ (օրինակ՝ Օ. դը Բալզակը), նկարիչներ, գիտնականներ, ձեռներեցներ իրենց գաղափարները հղացել մեկ բաժակ սուրճի առջեւ։ Երբ խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից, պարզվում է, որ սուրճը հավասարապես հարմար է թե՛ երկար զրույցի, թե՛ մեկուսի մտորումների համար։ Հավանաբար հենց այս երկակի բնույթն է բացատրում սուրճի արագ տարածման գաղտնիքը․ սուրճը մարդկանց միաժամանակ հնարավորություն է տալիս լինել ե՛ւ հասարակության մեջ, ե՛ւ սեփական մտքերի հետ։

Դիվանագիտական արարողակարգում նույնպես սուրճը վաղուց նվաճել է յուրահատուկ տեղ։ Բանակցությունների ընթացքում կազմակերպվող «coffee break»-ները ոչ թե պարզապես հանգստի ընդմիջումներ են, այլ ոչ պաշտոնական շփումների կարեւոր փուլ, որի ընթացքում, առանց գրավոր արձանագրումների, երբեմն հաղթահարվում են պաշտոնական նիստերում անհաղթահարելի թվացող խութերը։ Պատահական չէ, որ պետական ընդունելությունների, պաշտոնական նախաճաշերի, աշխատանքային ճաշերի, պաշտոնական եւ հանդիսավոր ընթրիքների ավարտին միշտ մատուցվում է սուրճ։

Դարերի ընթացքում փոխվել են սրճարանների ձեւերը, փոխվել են սուրճի պատրաստման եղանակները (օրինակ՝ Վիեննայի ճակատամարտի հերոս Ֆրանց Կոլշիցկու սրճարանում առաջին անգամ մատուցում էին կաթով սուրճը, Արմենոպոլիսի (Գեռլայի) հայկական սրճարաններում սուրճը եփում էին շիկացած ավազի վրա եւ այլն), անգամ՝ սրճեփներն ու բաժակները, սակայն չի փոխվել ամենագլխավորը՝ սուրճը շարունակում է ստեղծել հաղորդակցության, գաղափարների փոխանակման, փոխվստահության այն միջավայրը, որը մարդկային համակեցության հիմնարար պայմաններից է։ Իրականում այսօր էլ, երբ պայմանավորվում ենք հանդիպել, սովորաբար ասում ենք. «Մի բաժակ սուրճ չխմե՞նք»։ Հայերը գրեթե երբեք չեն ասում՝ «Եկեք խոսենք», նախընտրում են «Եկեք մի բաժակ սուրճ խմենք» հրավերը։ «Հայկական» անունը կրող անուշաբույր, տաք եւ սերով սուրճը միասին ըմբոշխնելու ակնկալիքը գրավում է ձեր ապագա vis-à-vis-ին եւ ստեղծում ծանոթանալու, շփվելու, գործարք կնքելու, գաղափարներ փոխանակելու, սեր խոստովանելու կամ պարզապես միասին լռելու առիթ։ Մարդկային քաղաքակրթությունը կառուցվել է ոչ միայն պատերազմների, հայտնագործությունների ու օրենքների, այլեւ այն անթիվ հանդիպումների շնորհիվ, որոնց ընթացքում մարդիկ սովորել են լսել, հասկանալ, վստահել միմյանց։ Ուստի սուրճը սոսկ ըմպելիք չէ, սուրճը եղել եւ մնում է որպես հաղորդակցության մշակույթի, փոխադարձ վստահության եւ հասարակական կապերի ձեւավորման բնական նախադրյալը, յուրահատուկ միջավայրն ու անբաժան ուղեկիցը։

 

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բարեկամ Ա Սահակյանին՝ նյութը խմբագրելու, փաստերը ստուգելու ու լրացնելու և առհասարակ մեծ աջակցության համար։

Վալերի Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել