Աննան, Նարեկը, Էդուարդն ու երկուսուկես տարեկան Արտյոմը Վանաձորի վագոն-տնակներից մեկում ապրող անչափահաս երեխաներ են:
Մեծը Նարեկն է՝ 12 տարեկան, ամենափոքրը՝ Արտյոմը: Բազմազավակ ընտանիքում գուցեեւ երեխաների համար օրն ուրախ է անցնում, բայց այդ ուրախությունը կարճ է տեւում, երբ օրն ավարտվում է մռայլ պատերով, խոնավ տնակում: Երեկ, սակայն, այս ընտանիքի կյանքը շրջադարձային փոփոխություն կրեց: Ընտանիքն անսպասելի իմացավ, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասում նոր բնակարան են ստացել: Նոր բնակարանի բանալիները Սիրադեղյանների ընտանիքին հանձնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Նարինե Դիլանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր կյանքի 30 տարիների ընթացքում տնակում է բնակվել, տնակից դպրոց գնացել, տնակից էլ ամուսնացել ու մեկ ուրիշ վագոն-տնակ հարս գնացել: Ամուսինն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնել, բայց վաստակած գումարով չեն կարողացել բնակարան ձեռք բերել, միայն կենցաղային, երեխաների ապրուստի հարցերն են հոգացել:
Կարդացեք նաև

Նոր բնակարանում երեխաներից յուրաքանչյուրն իր մահճակալը կունենա:

«Անչափ շնորհակալ ենք «Տաշիր» բարեգործական ընկերությունից, որ մեր ընտանիքին այսպիսի ուրախություն պարգեւեց: Երեխաներն էլ ամեն օր սպասում էին, դպրոց գնալիս ասում էին՝ մամ, որ գանք մի լավ բան կիմանա՞նք: Ասում էի՝ բա, իհարկե, կիմանաք:
Զգացողություններն անբացատրելի են: Տնակում չունեինք, կոմունալ հարմարություններ՝ լոգարան, զուգարան, այստեղ բոլոր հարմարությունները կան»,-երեխաների հետ շրջելով սենյակներով՝ ասաց Նարինե Դիլանյանը: Ի դեպ, տան բանալիները բազմազավակ ընտանիքին հանձնվեցին հանդիսավոր պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները երեխաներին նվերներ էլ հանձնեցին:
Բնակարանամուտը երեխաներին նույնպես ոգեւորել էր: Նրանք նոր բնակարանում մտովի իրենց անկյունն էին դասավորում: Աննան ասաց, որ պարուհի է դառնալու, Նարեկը՝ ծրագրավորող, Էդուարդն էլ՝ ֆուտբոլով է ապագան շարունակելու:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանի խոսքով, ընտանիքների ընտրությունը կատարվել է բազմազավակ ընտանիքների ընտրության սկզբունքով, երեխաների քանակով. «Ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրող ընտանիքներին»:
Վանաձորում 5-րդ բնակարանն են տրամադրում եւ Սիրադեղյանների բնակարանով ծրագիրն այս տարի ամփոփում են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ, արդեն 25 բնակարան է տրամադրվել Գյումրիի և Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին: Նատալյա Սարջանյանի խոսքով, սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ ընկերության ու հիմնադրամի սոցիալական ծրագրերն ուղղված են այդպիսի խոցելի խմբերի օժանդակությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ




















































