Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում կտեղադրվի Գրիգոր Լուսավորչի արձանը. Սամվել Բալասանյանը վստահ է, որ այն հաջողություն կբերի քաղաքին

Հոկտեմբեր 21,2019 20:25

Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում՝ Եվրոպայի հրապարակում, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Գյումրի կատարած այցից հետո բացվել  էր խորան,  կտեղադրվի Գրիգոր  Լուսավորչի արձանը։ Հեղինակները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչներ Միքայել և Վահե Սողոյաններն են՝  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, տաղանդավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի որդիները։

Արձանը կունենա ընդհանուր մինչև  4 մետր բարձրություն, այն կլինի կամ բրոնզաձույլ կամ գրանիտից։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  Միքայել Սողոյանը։  Վերջինիս ասելով, պլանավորել են քանդակել գրանիտից։

«Հույս ունեմ, որ մեր ծրագիրը կիրագործվի, թեև բրոնզն ավելի էժան է,  քան գրանիտը, հետևաբար այս պահին  դժվար է պնդել, որ այն միանշանակ կլինի գրանիտից։  Ոճից ելնելով՝ ես և իմ եղբայրը գտնում ենք, որ այն հարմար է գրանիտի համար, բրոնզի պարագայում արձանը մի փոքր այլ կլինի։ Ինչ վերաբերում է գաղափարին, Հայաստանում դրա մասին խոսել են շատ երկար, տարօրինակ է, որ մինչև հիմա Հայաստանում չկա մկրտող կաթողիկոսի արձանը»,-ասաց Միքայել Սողոյանը։

Քանդակագործը հիշեցրեց, որ Վազգեն Առաջինի արձանը, որը տեղադրված է Էջմիածնում,  ևս իրենք են քանդակել  10 տարի առաջ։

Նա ասաց, որ ինչ-որ ժամանակ՝  մոտ 3 տարի առաջ մտածում էին  Գրիգոր Լուսավորչի արձանը տեղադրել  Երևանում, սակայն չիրագործվեց։  Գյումրին, ըստ մեր զրուցակցի, իր ծնողների ծննդավայրն է, այս քաղաքում են իրենց արմատները։

«Արձանը կտեղադրվի  Սև Բերդ ամրոցի տարածքում, այն ճարտարապետական հուշարձան է, որն կառուցվել  է 1834 թվականին ու որպես ռազմական հենակետ է ծառայել ռուսական բանակի համար ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։  Շատ կարևոր տեղանք է,  բերդից բացվում է շատ  գեղեցիկ տեսարան  պատմական քաղաքի վրա, գիտեք  որ բերդերը միշտ կառուցվել են բարձրադիր գոտում․ ամբողջությամբ տեսանելի է ամբողջ պատմական կենտրոնը․  մի կողմից էլ երևում է Արագածը։ Բերդի անմիջական կողքին կա հրապարակ, այնտեղ և կտեղադրենք արձանը։ Իրոք ֆանտաստիկ  մթնոլորտ կա»,- ասաց Միքայել Սողոյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին աշխատում է ճարտարապետ Տիգրան Մանուկյանը՝ Երևանից։  Ըստ նրա, 2-3 շաբաթ անց կկարողանանք պատկերացնել, թե ինչ ճարտարապետական տեսք կունենա արձանն այդ հրապարակում։

Միքայել Սողոյանի տեղեկացմամբ,  արձանը նպատակադրված են բացել Գրիգոր Լուսավորչի հիշատակման օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։

Ի դեպ, արձանը նվեր է Գյումրիին, այս հարցում ֆինանսապես օգնում են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները։

Մեր հարցին, թե կաթողիկոսի արձան ունենալն արդյոք կփոխի՞ քաղաքի մթնոլորտը, օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահ է, որ այն հաջողություն կբերի Գյումրիին, մեր զրուցակիցն ասաց․ «Լավ  հարց է, ես համամիտ  եմ  Գյումրու քաղաքապետի հետ․ արձանները, քանդակները, հուշարձաններն ազդում  են  կյանքի մթնոլորտի վրա և բոլորի վրա առանձին-առանձին։  Եթե այդ ամենը հանվի շենքերից, այգիներից, հրապարակներից, կյանքը կարժեզրկվի։ Կարծում եմ հոգևոր կյանքն ավելի կաղքատանա։

Ես երկար տարիներ ապրել եմ ԱՄՆ-ում և շատ-շատ երկրներում եմ եղել  ու ստեղծագործել, հատկապես Եվրոպական մայրցամաքի, բայց, իմ գնահատմամբ, կոնկրետ Երևանը  շատ յուրահատուկ քաղաք է։ Այնտեղ ահռելի քանակությամբ քանդակներ ու հուշարձաններ կան,  և դա իր առանձնահատկությունն է։ Իհարկե, ոչ բոլորն են համարվում մշակութային արժեք, ոչ բոլորն են դուր գալիս ինձ և իմ ընկերներին, քննադատներին և արվեստաբաններին, և ոչ բոլոր կոմպոզիցիաները կարող են դուր գալ բոլորին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031