Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր սիրելի եկեղեցին որոշ գավառամիտների ձեռքին կարծես պատանդ է»․ Միքայել Սրբազանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության  մասին

Հոկտեմբեր 26,2019 19:00

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսում Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ վերջերս փոփոխված կանոնադրությանը, համաձայն որի՝ այսուհետ պատրիարքի թեկնածու կարող են առաջադրվել  միայն Պոլսո պատրիարքական աթոռի բարձրաստիճան հոգևորականներն, ասաց․ «Հարցն ավելի քան լուրջ է և ավելի քան տխուր է, որովհետև միայն այն չէ, որ որոշ եպիսկոպոսներ զրկվել են թեկնածու լինելու կամ ընտրվելու հնարավորությունից, այլ որ մեր սիրելի եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին, որ տիեզերական եկեղեցի է եղել և նույնիսկ խավար դարերում տիեզերական մակարդակով իր սպասարկումը բերել է հայ ժողովրդին, վերջին տարիներին որոշակի գավառամիտների և գավառամտությամբ տառապողների ձեռքին կարծես թե պատանդ է։

Այս սահմանափակումը, ցավով պիտի նշեմ, որ չի գալիս, չի բխում թուրքական իշխանություններից, այլ  շատ պարզ և ակնհայտ երևում է, որ այստեղ կա հայկական միջամտություն։ Որոշ հայեր՝ մեր պոլսահայ համայնքի անդամներ իրենք են եղել նախաձեռնողն այս սահմանափակման, մինչդեռ միջին դարերում, երբ որ մարդիկ ավելի լայնախոհ ու լայն էին մտածում, նույնիսկ ասենք Պոլսո աթոռին  բազմել է Ներսես Վարժապետյան մեծանուն պատրիարք, որ Կիլիկիո եպիսկոպոս էր, նույնիսկ Ամենայն Հայոց կաթողիկոսին ենթական եպիսկոպոս չէր, Հարություն Վեհապետյանն է բազմել Պոլսո աթոռին, որ նույնիսկ հայ չէր ազգությամբ, այլ  իսլամի զավակ, օտար եգիպտացի իսլամի զավակ էր, բայց  ընդունել  էր հայադավանություն և դարձել  էր հոգով հայ։

Լայնախոհության և մեծ մտածողության տեր մարդկանց գործ էր այդպիսի մարդկանց ընտրել այդպիսի ճակատագրական ժամանակներում։ Նույնիսկ եթե գանք 20-րդ դար Շնորհ Պատրիարքի ընտրությունը, ով այդ պահին անցորդ էր պարզապես Պոլսում և Պոլսից պետք է մեկներ Էջմիածին, ուրեմն այս լայնախոհությունը, այս լայնամտությունը մեր եկեղեցուն սազական է և յուրահատուկ։

Այսօր կամաց-կամաց տեղի է տալիս գավառամտությանը, «մերոնցի- ձերոնցի»,  «մերոնքական-ձերոնքականի» բաժանելու, ներսից, դրսից բաժանումների, ինչը երբեք չի եղել։ Ասում եմ, նույնիսկ այն խավար դարերում, երբ որ  նամակագրություն չկար, էլ  չասենք տեխնոլոգիայի այսօրվա նվաճումները չկային, մարդիկ ներսով, դրսով չէին պայմանավորում, այլ պայմանավորում էին արժանավորը փնտրելու և արժանավորը գտնելու  ցանկությամբ։

Օտար տերմին եթե օգտագործենք, մերիտոկրատիան կամ հենց թեկուզ արիստոկրատիան  հայ եկեղեցում մնայուն կերպով ներկա էր, միշտ ընտրվում էր արժանավորը, և եթե այդ արժանավորին ինչ-որ տեղ, ինչ-որ մի աթոռին բազմացնելը դժվարություն էր լինում, մարդիկ լծվում էին այդ դժվարությունները հաղթահարելուն։

Հիմա մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը, որ տեղի համայնքի՝ պոլսահայության որոշակի զանգված ձեռքերը քշտել և լծվել է « դրսեցիներին»  ներս չթողնելու այդ գավառամիտ գործելակերպին։  Եվ այստեղ, նույնիսկ այդ կանոնադրության մեջ լեզվամտածողությունը մատնում  է արդեն,  որ հայի մատը խառն է, որովհետև թուրքական լեզվամտածողության մեջ չի կարող լինել «Պոլսո պատրիարքության կապված եպիսկոպոսներ»։

Այս արտահայտությունը թուրքաբանություն չէ, թուրքերենից չի գալիս։ Այս արտահայտությունը հայաբանություն է։ Հայը կարող էր մտածել այսպիսի մի սահմանափակում մտցնելու, և ուրեմն այս սահմանափակումը եղել  է այդ ցավալի շրջանակների կողմից, գավառամիտ, հենց այդ բառն իսկապես բնորոշում է այդ վարվելակերպը և վարքագիծը։  Մարդ որքան պիտի գավառամիտ լինի, որ բաժանի Հայ եկեղեցականությանը ներսեցիների և դրսեցիների»։

Ըստ Սրբազանի՝ ինչպե՞ս կարելի է  չօգտագործել  այն եպիսկոպոսների պոտենցիալը՝ ի շահ այդ աթոռի, որոնք  արմատներ ու  կարողություն ունեն այդ աթոռին ծառայելու ու  ծաղկեցնելու։

«Ինչպես կարելի է այդ պոտենցիալը չօգտագործել և բավարարվել  մեկ-երկու եպիսկոպոսով, եթե նույնիսկ այդ մեկ-երկու եպիսկոպոսը  եղածների մեջ լավագույնն են։ Եթե նույնիսկ այդ մեկ-երկու եպիսկոպոսները եղածների մեջ լավագույնն են, իրենք ավելին պիտի գերադասեին, որպեսզի ընդհանուր ընտրությունից  իրենք իրապես ընտրությամբ երևային իբրև լավագույնը, ինչը որ հիմա չեն կարող երևալ»,-ասում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, հետևելով Գերմանիայի Հայոց թեմի հոգևորականներից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նամակին,  Պոլսո պատրիարքի թեկնածուներ պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կոչ էր արել  սթափվել և հաշվի առնել հայ համայնքի ու պատրիարքական աթոռի շահը։

«Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցե հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամայն Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է՝ այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակցություն», -գրել  էր Սեպուհ Սրբազանը ու հայտարարել՝ ինքը գիտակցելով, որ կանոնադրության փոփոխությունը հենց իր անձով է պայմանավորված՝ պատրաստակամ է հրաժարվել  իր թեկնածությունից հանուն Թուրքիայից դուրս ապրող մյուս հոգևորականների ընտրության մասնակցելու իրավունքի։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս հայտարարության հետ կապված ասաց․ « Ես որևէ հորդոր չեմ անի, բայց կասեմ այլ բան՝ եթե տեղի մեր Սրբազան եղբայրներն իրոք մտահոգվեցին այդ կանոնադրությամբ , իրենք կարող էին ընտրել այլ ճանապարհ, իրենք կարող էին ցուցակ ներկայացնել  իբրև Պոլսո պատրիարքության հետ կապված եպիսկոպոս բոլոր մնացած եպիսկոպոսներին, որովհետև իշխանությունը չի սահմանափակում, թե ովքեր են Պոլսո Պատրիարքության հետ կապված եպիսկոպոսները։ Եվ այդպիսի հասկացողություն ընդհանրապես չի էլ եղել, այդպիսի հասկացողություն փորձեց մտցնել և մի փոքր մտցրեց երջանկահիշատակ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը։ Եվ ինքը լավ մտածումով, բարի մտածումով ուզեց անել այդ, որպեսզի մյուս աթոռների հետ մի տեսակ հավասարության, ոչ թե պատվո հավասարության, այլ  իբր նվիրապետական աթոռ իրենք էլ ունենան իրենց միաբան եպիսկոպոսները , բայց այսօր տեսեք ոմանց կողմից Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի բարեմիտ մոտեցումը օգտագործվեց իբրև չարիք։

Եթե մեր Սրբազան եղբայրներն իրոք մտահոգվեցին մնացած տասի բացասումով,  իրենք կարող էին ընտրել այդ ճանապարհը և մնացած բոլորին հայտարարել Պոլսո պատրիարքությանը կապված եպիսկոպոսներ, որովհետև բոլոր եպիսկոպոսները կապված են բոլոր աթոռներին, հայ եկեղեցին մեկ եկեղեցի է, ինչ-որ գավառների բաժանված եկեղեցի չէ, և ամեն մի գավառ այդ նույն գավառի բնակիչ եպիսկոպոսը չէ, որ պիտի ունենա, այլ պիտի ունենա լավագույնը։

Եվ ուրեմն առավել ևս նվիրապետական աթոռը, Պոլսո աթոռը նվիրապետական աթոռ է, 4-րդ աթոռն է իր կարևորությամբ Հայ եկեղեցվո մեջ, եթե աթոռը թափուր է, դրա համար պիտի կատարել այն ընտրություն և այդ  պահին լավագույնը պիտի բազմի այդ աթոռին, այդ պիտի մտածի պոլսահայ համայնքը և այդ պիտի մտածեն նաև տեղի եպիսկոպոսները։ Եվ  եթե իրենցից որևիցե մեկն այդ պահին լավագույնն է, ուրեմն արժանի է այդտեղ բազմելու։ Եվ ուրեմն եթե մեր սրբազան եղբայրները ոչ թե մտահոգություն պիտի ցույց տային, այլ  իրոք մտահոգված պիտի լինեին, իրենք, ինչպես  «Ժամանակ» օրաթերթն  էր գրել ՝ լայնախարիսխ հանդիպումը որ կազմակերպեցին, այդ լայնախարիսխ հանդիպումը պետք է կազմակերպեին հենց մնացած եպիսկոպոսներին Պոլսո աթոռին կապված  եպիսկոպոս հռչակելով»։

Ըստ Միքայել Սրբազանի, այդ կանոնադրությանը չընդդիմանալու ու ընդունելու պարագայում անգամ բնավ անհրաժեշտություն  չկար նշել, թե Պոլսո Պատրիարքության եպիսկոպոսներին  երեքն են, որովհետև թուրքական  իշխանության համար Գարեգին Սրբազանն ու Սեպուհ Սրբազանը նույնն են, ծնվել են այնտեղ, չեն ծառայել այնտեղ։

Մեր դիտարկմանը,  թե  ձեր անունը ևս  շրջանառվում էր որպես թեկնածուի, Միքայել Սրբազանն ասաց․  «Ես ինքս եմ  նախաձեռնել, որպեսզի լայն ընտրություն տեղի ունենա, սա չի նշանակում, որ ես այրվել եմ կամ հիմա էլ այրված եմ Պոլսո աթոռին բազմելու ցանկությամբ։  Ես միշտ ասել եմ, որ Պոլսո աթոռը փշոտ աթոռ է, և այնտեղ նահատակության պատրաստ մեկը պետք է բարձրանա, այդ աթոռին նստի։ Եվ  նահատակություն բառը չեմ օգտագործում զուտ ֆիզիկական իմաստով, այլ նաև իբրև ծառայություն։

Այսօրվա անշքացած Պոլսո աթոռին բազմելը և փորձել  շուք հաղորդել այդ աթոռին, իրոք նահատակություն է, և ես ասել եմ, որ ես պատրաստ եմ, քանի որ ճակատագիրը տնօրինել  է այնպես, որ ես թուրքահպատակ հոր զավակ եմ։ Եվ ես տարիներ առաջ նույնիսկ դիմել  էի Թուրքիայի Ներքին գործոց նախարարության՝ ասելով՝ հնարավո՞ր է, որ վերականգնեմ Թուրքիայի իմ հպատակությունը։ Պատասխանը դրական էր։  Այնպես որ, եթե կարող եմ թուրքական հպատակություն ունենալ, և ուրեմն կարող եմ  նաև Թուրքիայի Հայոց պատրիարք ընտրվել, այնպես որ այդ սահմանափակումը նախկին կանոնադրությամբ իմ վրա չէր տարածվում։ Թուրքահպատակ հոր զավակ լինելով՝ այո՛,  ես կարող էի հավակնել, բայց ես ինձ երբեք թեկնածու չեմ  նկատել  և ասել եմ, որ թեկնածու ինձ պետք է նկատի պոլսահայ համայնքը, ոչ թե ես ինքս ինձ պետք է թեկնածու նկատեմ։ Իրենք պետք է թեկնածու նկատեն ու ցանկության դեպքում ընտրեն, և ես չեմ հրաժարվի, ես պատրաստ եմ ծառայելու այդ աթոռին, որովհետև  այդ աթոռը Հայ եկեղեցու կարևոր աթոռներից է, և ես դասալիք չեմ հրաժարվելու համար այդ աթոռին ծառայությունից։ Բայց այս արհեստական միջամտությամբ ոչ միայն իմ առջև ճանապարհը փակելը, այլ մյուս իմ եղբայրների, նորմալ  չէ, ամոթ է մեր համայնքին, մեր ժողովրդին, նաև մեր եկեղեցուն։

Ես թուրքական իշխանությանն ասելիք չունեմ, ես լիարժեք և լիակատար կերպով ձևով տեսնում  եմ հայ մարդկանց նախաձեռնությունը։ Եվ հայ մարդկանց նախաձեռնության նկատմամբ մեր սրբազան եղբայրների այդպես լոյալ վերաբերմունքը, որովհետև դրանով իրենք առավելություն են ձեռք բերում մյուսների նկատմամբ»։

Միքայել Սրբազանի կարծիքով՝ սա նույնն է, եթե  գյումրեցիները պահանջեն, որ իրենց թեմի առաջնորդը միայն գյումրեցի լինի։ Ըստ նրա, վախենալու ոչինչ չկա․ ո՛չ Սեպուհ Սրբազանը, ոչ էլ մեկ ուրիշը Թուրքիայի թշնամին չեն։

«Տեղի հայությունն էլ  պետք չունի իրեն ներկայացնելու թուրքից ավելի թուրք, այսինքն իրենք ավելի մտահոգ չեն Թուրքիա պետության կամ Թուրքիայի անվտանգության համար, քան թե թուրքական իշխանությունը։ Ուղղակի պարզ գավառամտությունը իրենք փորձում են ներկայացնել գեղեցիկ փաթեթավորումով, իբրև թե պոլսահայ համայնքի նկատմամբ հոգատարության մտածումով, որ հանկարծ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրվի Պոլսո պատրիարքության գահակալ , խնդիրներ կլինեն Թուրքիո իշխանության հետ, թուրք իշխանությունը չի ընդունի։

Մի եպիսկոպոսը, լինի Սեպուհ Սրբազանը կամ Միքայել Սրբազանը կամ որևիցե մեկը, ինչպես կարող է վտանգ ներկայացնել Թուրքիո պետությանը, գրեթե ծիծաղելի է։ Ուղղակի գավառամիտ մարդիկ իրենք իրենց համար ընտրել են իրենց թեկնածուին և իրենք բաժանել են ներսինների և դրսինների, ուրեմն և որոշել են, որ դրսից որևէ մեկը չխանգարի իրենց ընտրություն կատարելու։ Իրենց մտածողության մեջ դրսի թեկնածուները կամ դրսի եպիսկոպոսները իրենց խանգարում են, այնինչ որևիցե մեկը խանգարելու տրամադրություն չունի, չի էլ կարող խանգարել։

Ես Սեպուհ Սրբազանին շատ լավ եմ ճանաչում, մոտիկից եմ ճանաչում, 40 տարվա բարեկամներ ենք և ընկերներ, իր մոտ  ընդամենը եղել  է ծառայելու մտածումն այդ աթոռին։ Ինչո՞ւ եմ իր անունը տալիս, որովհետև իր անունը շատ շահարկվեց վերջին օրերին,  որ իբր թե հենց իր պատճառով է Թուրքիո կառավարությունն այս սահմանափակումը մտցրել։  Թուրքիո կառավարության վրա պետք չէ գցել այս մեղքը, այստեղ մեղավոր են մեր հայերը, որոնք ուզել են թուրքական կառավարության առաջ իրենց ներկայացնել հավատարիմ քաղաքացիները Թուրքիո պետության, և կարծես ավելի մտահոգված են Թուրքիո պետության անվտանգությամբ, քան ինքը՝ թուրքական կառավարությունը»,- ասաց Միքայել Սրբազանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Միքայել Սրբազանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031