Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենդերային ինքնության հետ կապված են լինում ինքնավնասումներ. դատապարտյալի ոտքին թուք էին սրսկել». Արա Ղարագյոզյան

Դեկտեմբեր 10,2019 17:08

«2018-ին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 մահվան դեպք: Նույն խնդիրը 2019-ին շարունակվում է. նույն պատկերն է»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված հանրային քննարկմանը հայտարարեց Դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը:

Նա նշեց, որ խումբն արձանագրել է՝ քրեակատարողական հիմնարկներում նաև ինքնավնասում տեղի է ունենում խոցելի խմբերի կողմից, ուստի դիտորդների խումբն արձանագրել է, որ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական ծառայությունը չի գործում արդյունավետ. «Մահվան դեպքերը նաև առողջական խնդիրների հետ են կապված, երբ վերջում դատապարտյալները քաղաքացիական հիվանդանոցներում են մահանում: 2018-ին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք. հիմնականում պատճառները տարբեր բնույթի են: Քրեական գործի հետ է կապված, այդ անձինք լինում են մեկուսացված: Անձի գենդերային ինքնության հետ կապված են լինում ինքնավնասումներ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների վատ վերաբերմունքի արդյունքում: Օրինակ՝ նրանցից մեկի ոտքին թուք էին ներարկել»:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ 2018-ին արձանագրած խնդիրների մի մասին 2019-ին օրենսդրական մակարդակով փորձ արվեց լուծում տալ՝ սկսած քրեական մշակույթի դեմ պայքար, հիերարխիկ հարաբերություններ. «Առաջին քայլը եղավ օրենսդրական մակարդակում փոփոխությունները, որով փորձ է արվում բերել քրեական հարաբերությունների դաշտ: Օրենսդրական փոփոխությունները պետք է պրակտիկ կոնկրետ քայլերի կիրառմամբ զուգակցվեն, ինչը կներառի ադմինիստրատիվ հաստիքներ, այնպես էլ ներսում ազատազրկված անձանց համար կայուն արդյունավետ սոցիալական վերականգնման ծրագրերի հնարավորություններ, ինչը նրանց զերծ կպահի քրեական մշակույթից և խմբավորումների մեջ ներգրավվելուց»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ասաց, որ կոռուպցիայի մասին խոսելով՝ ուրախությամբ պիտի նշի՝ ներկայում քրեակատարողական հիմնարկներում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չենք կարող. «Չի բացառվում առանձին անհատների կողմից կոռուպցիան բնույթի գործարքների իրականացում, բայց նախկինում գոյություն ունեցած կոռուպցիոն համակարգն այլևս գոյություն չունի: Ավելի լավ հասանելի բժշկական սպասարկում ենք փորձելու ապահովել քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու ենք 30 տոկոսով»:

Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխություն է տեղի ունենալու. «Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ լինելու են երեքը: Հիմնարկին նույնպես իրավունք է տրվելու կոնկրետ դեպքում փոխել կրման պայմանները, որով բարձրանալու է հիմնարկի աշխատակիցների դերը»:

Ռոբերտ Ռևազյանը կարևորեց՝ դատապարտյալների խրախուսումների և տույժերի համամասնությունը լինի համապատասխան. «Մեկ ամիս առաջ եղած տվյալներով՝ այս ամիսների ընթացքում ընդհանուր դատապարտյալները և կալանավորված անձինք 1700-1600 տույժի են ենթարկվել, իսկ խրախուսանք ընդամենը 80-նն է: Սա նորմալ երևույթ չէ»:

ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանի հավաստմամբ՝ չափազանց մեծ նշանակություն ունի հոգեբանական ծառայության աշխատանքն այս ոլորտում. «Արձանագրում ենք այն, որ այդ գործունեության մեջ որոշակի խնդիրներ պրակտիկայում առկա են: Նախատեսում ենք վերանայել սոցիալ-հոգեբանական, իրավական ծառայության աշխատանքները. կվերանայվի գործիքակազմը, կհասկանանք, թե պրակտիկայի առումով ինչպիսի լուծումներ կարող են տրամադրել: Ինքնավնասման հետ կապված հարցը պետք է օրենսդրորեն լուծենք, որ ինքնավնասման հակում ունեցող դատապարտյալները չունենան պարագաներ, որոնք հետագայում գործիք կդառնան ինքնավնասման»:

Հիշեցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 17-ին Արմավիր ՔԿՀ-ում 19-ամյա երիտասարդ ինքնասպան եղավ,  ՄԻՊ-ն էլ մտահոգություն հայտնեց, որ այս ոլորտում բավարար քայլեր չեն կատարվում, Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանն ասաց. «Ինքնասպանությունների հարցը գտնվում է  քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում: Ցավոք, ունենք նմանատիպ խնդիր. այն մի քանի հանգամանքներով է պայմանավորված: Ունենք կադրային սակավության խնդիր անվտանգության և պահպանության ապահովման ոլորտում»:

Դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը մտահոգություն հայտնեց, որ դատապարտյալների պահման պայմաններն են անմարդկային, քրեակատարողական հիմնարկներ կան, որտեղ դատապարտյալները խցերը ջեռուցում են իրենց սեփական միջոցներով ձեռք բերած սալիկներով:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանը վստահեցրեց՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է շուրջօրյա  բժշկական հերթապահություն, բոլոր հիմնարկներն ապահովված են ատամնաբուժական ծառայություններով, համալրված են հոգեբույժով:

Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝    քրեակատարողական հիմնարկներում կապը հարազատների հետ մնում է առաջնային խնդիր, թեև առաջընթաց կա, քանի որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա տեսազանգի հնարավորություն. «Այս տարի լուծվեց անչափահաս դատապարտյալների կրթության հարցը: Աբովյան քրեակատարողական հիմնարկում իրականացվում է հանրակրթական կրթություն: Սակայն շարունակում է չլուծված մնալ խցերի անմխիթար վիճակը: Հատկապես անձրևների և ձյան ժամանակ բոլոր խցերում կաթոցներ են, անձրևաջրեր, շենքային պայմաններն անմխիթար են: Ջրահեռացման հիմնանորոգման տեսանկյունից խնդիրներ կան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031