«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
– Պարոն Մելիքյան, կապ տեսնու՞մ եք երեք փաստերի միջեւ. երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին, նախօրեին տարածվել է Ռուսաստանի հայազգի արվեստագետների նամակը, որում կոչ է արվում փոխել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ Բաքուն կրակեց Տավուշի ուղղությամբ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի: Սա կարելի՞ է համարել ՌԴ ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով թուլացնել Փաշինյանի դիրքերը:
-Ես չէի տարանջատի ռուսաստանցի եւ հայաստանցի արվեստագետներին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով հանդես գալու նախաձեռնության համատեքստում: Ավելի հակված եմ կարծելու, որ այս նախաձեռնությունը Հայաստանում է ծնունդ առել եւ ունի զուտ հայկական ակունքներ: Կարծում եմ նաեւ, որ այս կարգի նախաձեռնություններ էլի կլինեն եւ հենց այս նպատակով էլ հատուկ հասարակական կոմիտե է ստեղծվել: Չեմ բացառում, որ նախաձեռնողները հաշվի են առել այն, որ վարչապետ Փաշինյանը պետք է Ռուսաստան մեկնի եւ իրենց կոչը հրապարակել են այդ այցի նախօրեին: Ինչ վերաբերում է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծություններին, ապա այդպիսիք տեղի էին ունենում պարբերաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց շատ առաջ: Առհասարակ, ադրբեջանական կողմը վաղուց իրեն սահմանակից հայաստանյան երկու՝ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերից թիրախավորել է հատկապես վերջինը, ինչի պատճառը հավանաբար այն է, որ այդտեղ գտնվող մեր բնակավայրերն ավելի հեշտ է կրակի տակ առնել զուտ տեղանքի առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանի համար քաղաքական նշանակություն ունի հենց Հայաստանի Հանրապետության սահմանին միջադեպերի կազմակերպումը, քանի որ այդպիսով կարելի է գործնականում ընդգծել, որ պայքարում է ագրեսոր ՀՀ-ի դեմ: Այս կերպ նսեմացվում է Արցախի՝ հակամարտության կողմ եւ առանձին ռազմաքաղաքական գործոն լինելու հանգամանքը:
-Ի՞նչ վտանգներ կան Ղարաբաղի «ադրբեջանական համայնքին»՝ բանակցություներում ներգրավելու մասին հայտարարություններում, դա չի՞ հարվածում արդյոք Արցախի իշխանությունների մասնակցության մակարդակին, մանավանդ, որ նման հայտարարություն արել են նաեւ ՀՀ ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
-«Ադրբեջանական համայնք» եզրույթը կիրառության մեջ դնելով` պաշտոնական Բաքուն ուզում է ընդգծել այն, որ Արցախը միայն հայերի բացառիկ ազգային ինքնակառավարման տակ գտնվող վարչատարածքային միավոր չի եղել: Սովորականի պես մեր ադրբեջանցի գործընկերները նպատակասլաց կերպով խեղում են իրականությունը՝ ձգտելով ստի ու պաշտոնական կեղծիքի միջոցով առաջ մղել այն, ինչն իրենք ազգային շահ են անվանում: Ադրբեջանը պաշտոնապես չունի եւ չի ունեցել օրենքով ամրագրված համայնական կառավարում, ինչպիսին նախատեսված էր, օրինակ, Կիպրոսում: Պաշտոնական Երեւանն իր բանակցային փիլիսոփայությունը վերանայելու դեպքում կարող է արմատապես փոխել իրավիճակը բանակցային սեղանի շուրջ, բայց առայժմ կամ չի ուզում, կամ էլ չգիտի, թե ինչպես դա կարելի է անել:
-Մտահոգություններ կան, որ 2020-ի սկզբին կարող է սահմանին իրադրությունը էլ ավելի լարվել ընդհուպ մինչեւ պատերազմական գործողություններ: Նման վտանգ տեսնո՞ւմ եք:
-Լայնածավալ ռազմական գործողությունների նախաձեռնումն Ադրբեջանի համար շատ ռիսկային կլինի այնտեղ փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Անհաջողության դեպքում Ալիեւի ընտանիքի իշխանությունն Ադրբեջանում կարող է գահավիժել: Ուստի կարելի է ասել, որ եթե հակառակորդի բանակն ինչ-որ ագրեսիվ գործողություններ նախաձեռնի, ապա դա կարող է արվել նաեւ Ալիեւի ընտանիքն իշխանազրկելու նպատակով:
-Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք: Մինչդեռ Բաբայանը հայտարարեց, որ ինքն անպայման գնալու է մինչեւ վերջ եւ մասնակցելու է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:
-Սամվել Բաբայանի՝ որպես նախագահի թեկնածու ընտրություններին անմիջականորեն մասնակցելու հարցն, առայժմ դեռ իրավական իր լուծումը կարծես թե չի ստացել: Չգիտեմ՝ արդյոք օրենսդրությունը թո՞ւյլ է տալիս, որպեսզի նա անձամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցի: Ամեն դեպքում այն տեսակետին եմ հակված, որ Արցախի խորհրդարանում այս ընտրությունների արդյունքում իր հետեւորդները կամ համակիրները տեղեր կունենան:
-Լայնորեն քննարկվում է Արցախում ընտրությունների անցկացման հարցը, մեկնաբանություններ արվում, թե ովքեր են ՀՀ իշխանությունների ֆավորիտ թեկնածուները եւ այլն: Դո՞ւք ինչ միտումներ եք նկատել այս հարցում:
-Արդեն իսկ տրվում են այն թեկնածուների անուններն, ում հաղթանակն առավել հավանական է համարվում: Նրանցից ոմանք նաեւ ընդգծում են իրենց անձնական նվիրվածությունը վարչապետ Փաշինյանին եւ նրա թիմին: Չեմ կարծում, որ ուժերի ներկայիս դասավորվածությունը վերջնական է՝ շատ հնարավոր է, որ նոր դեմքեր ասպարեզ գան եւ նախագահ դառնալու լուրջ հայտ ներկայացնեն: Սպասենք մինչեւ հունվարի կեսերը, երբ այս հարցում ամեն ինչ հստակ կլինի:
-Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտնեց, որ Արցախում ընտրությունները դառնում են ազգային անվտանգության սպառնալիք եւ Արցախում օրեցօր պղտորվում եւ թունավորվում է ներհանրային մթնոլորտը։ Համամի՞տ եք:
-Դա իր հայտնի տեսակետն է: Այսօր, սակայն, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության փաստացիորեն կազմում ընդգրկված չէ, գործող օրենսդրությամբ ճանաչված չէ որպես ՀՀ վարչատարածքային միավոր: Այս իրավիճակում Արցախում անխափան կերպով պետք է կազմակերպվեն բոլոր մակարդակի ընտրություններն այնքան ժամանակ, քանի դեռ նրա իրավաքաղաքական կարգավիճակի փոփոխությունը գործնականում չի հաստատվել համապատասխան օրենսդրական կարգավորումների միջոցով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.12.2019