Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ հանրաքվեի» քաղաքական համատեքստը

Նոյեմբեր 09,2024 10:00 Share

«Երբ անցկացվի ԵՄ անդամության հանրաքվեն, նրանք, ովքեր կասեն «այո», Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության կողմնակիցներ են, իսկ նրանք, ովքեր կասեն «ոչ», դրա թշնամիներն են:  «Ոչ» ասողները ցանկանում են, որ մեր երկիրը դառնա Ռուսաստանի գաղութ եւ իրականում Կրեմլի գործակալներ են»: Այդպես են քարոզում տվյալ հանրաքվեի նախաձեռնողները:

Նախ, թույլ տվեք ասել, որ այդ մոտեցումն այնքան էլ «եվրոպական» չէ: Եվրոպական արժեքներն, իմ ընկալմամբ, ենթադրում են լայնախոհություն, հանդուրժողականություն եւ ոչ թե «յուրայինների» եւ «օտարների», բարեկամների եւ թշնամիների բաժանում: Այդ բաժանումից ակնհայտորեն Սովետի կամ պուտինյան Ռուսաստանի հոտ է գալիս՝ ով մեզ նման չի մտածում, նա «ինոագենտ» է:

Անձամբ ես, եթե նման հանրաքվե անցկացվի (ինչում կասկածում եմ), պատրաստ չեմ ասել  «ոչ», որովհետեւ անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանը երբեւէ դառնա ԵՄ անդամ: Բայց հանրաքվեի քաղաքական ենթատեքստը հետեւյալն է. «Մեր փառապանծ Փաշինյանը պայքարում է Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության համար, իսկ ահա նրա հակառակորդները, կայսրական մութ ուժերը դրան խոչընդոտում են»: Դա ծայրից ծայր սուտ է, եւ այդ պատճառով ես ընդհանրապես այդ ենթադրյալ  հանրաքվեին չեմ մասնակցի:

Բացի ամեն ինչից, այդ հանրաքվեն ոչ մի գործնական արդյունք չի տա: Եվ հարցը միայն այն չէ, որ մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում: ԵՄ անդամակցությունը ենթադրում է տարիների աշխատանք եւ բազմաթիվ քաղաքական ու տնտեսական քայլեր: Առաջին հերթին, իհարկե, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ինչը հանրաքվեի նախաձեռնողների «շեֆը», որքան հասկանում եմ, չի պատրաստվում անել (եւ այդ հարցում, ի դեպ, ճիշտ է):

ԵՄ երկրներում  կա իշխանությունների ճյուղերի բաժանում, մասնավորապես, անկախ դատական համակարգ: ԵՄ երկրներում ֆեյսբուքյան գրառման համար մարդու դեմ քրեական գործեր չեն հարուցում: Եվ այլն:

…Եկեք հանրաքվե անցկացնենք հետեւյալ հարցով՝ դուք ուզո՞ւմ եք, որ մեր «Նոա» ֆուտբոլային թիմը դառնա «Չելսիի» նման թիմ: Ով ասի «ոչ», նա դեմ է հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հայ says:

    Մեր ճանապարհը ԵՄ ի հետ համագործակցելու’ Վրաստանն է։
    Եթե Վրաստանը շեղվի ԵՄ ի ճանապարհից,ապա ես մեր անդամակցությունը ԵՄ ին չեմ պատկերացնում։
    Վիզաների ազատականացումը կարող է դառնալ իրականություն,բայց տնտեսական ավելի մոտ համագործակցությունը առանց Վրաստանի մասնակցության, կարծում եմ, անհնար է։
    Համենայնդեպս պետք է մոտենալ ԵՄ ստանդարտներին,այդ աշխատանքը միևնույն է վնաս չի,իսկ ապագայում կարող է շատ օգտակար լինել։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես ամեն ինչ Վրաստանով չէի պայմանավորի՝ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Իսկ երոպական ստանդարտների ուղղությամբ, այո, պետք է աշխատել:

      • Հայ says:

        Եվրամիության բոլոր երկրները բոլորն իրար հետ սահման ունեն’ ծովային կամ ցամաքային։
        Չեմ կարծում որ դա պատահականություն է։

  2. Արժեքներից` Չելսին ‘արժե’ մոտ 4 – 5 միլիարդ դոլար: Որքա՞ն արժե Նոան:

  3. Արժեքներից (հոգևոր)
    Հայ ‘ժողովրդի հավաքական ու ինքնապաշտպանական բնազդները’ (Ս. Զեյթունյան) նկարագրելու համար, 13րդ դարում Վ. Այգեկցին գրեց ‘Իշխանն ու այրին’: Ռ. Պատկանյանի (19րդ դարի վերջ) հերոսը նույնպես այրի կին էր (Արաքսի արտասունքը):
    էս էինք, էս ենք:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Դրան էլ եթե ավելացնեք Թումանյանի “Չարի վերջը”, պատկերն ավելի ամբողջական կլինի։ Այստեղ չարը, գոնե, սատկում է, բայց դե բոլորին էլ պարզ է, որ կկուն դրանից խելքը գլուխը չի հավաքելու։

Պատասխանել