Նախորդ շաբաթ 4 օրով մեկնեցի Հռոմ՝ վճարելով երկկողմանի ավիատոմսի համար ընդամենը 40 հազար դրամ: Lowcoster ավիաընկերությունը՝ Ryanair-ը, նման հնարավորություն է ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին, որոնք մինչ այդ Երեւանից եվրոպական երկրներ մեկնում էին 250-700 եվրո եւ ավելին վճարելով ինքնաթիռի տոմսի համար, կամ, որպեսզի քիչ թե շատ մատչելի լինի՝ հասնում էին Թբիլիսի կամ Քութայիսի եւ այնտեղից մեկնում:
Բնականաբար, էժան ավիատոմսը նշանակում է մի շարք «անհարմարություններ», որոնց պետք է պատրաստ լինել ի սկզբանե: Ես, օրինակ, կարծում էի, որ նստելու եմ շատ փոքր, շատ նեղլիկ, անհարմարավետ ինքնաթիռ, որտեղ ինձ զգալու եմ փշերի վրա 4 ժամ շարունակ, մինչեւ տեղ հասնեմ: Սակայն ինքնաթիռը իմ սպասածից շատ ավելի հարմարավետ էր, ուղեկցորդները՝ բարեհամբույր, նստարանների միջեւ հեռավորությունը նույնիսկ ավելին էր, քան որոշ ոչ բյուջետային ավիաընկերությունների օդանավերում է: Նստարանները քարից չէին, բավականին հարմարավետ էին, ճիշտ է, հնարավոր չէր դրանք հետ տանել՝ կիսապառկած դիրքի, բայց դա, ըստ իս, ոչ թե թերություն, այլ առավելություն է, այլապես հաճախ եմ ինքնաթիռներում տեսել, թե ինչպես են ոմանք պարզապես պառկում իրենց հետեւի շարքում նստածների վրա:

Ինչերի է պետք պատրաստ լինել Ryanair-ով ուղեւորվելիս:
Կարդացեք նաև
Նախեւառաջ՝ տոմսը գնելիս պետք է շատ ուշադիր լինել: Եթե դուք որոշել եք վճարել միայն այն գինը, ինչ գրված է տոմսի վրա՝ որպես նախնական արժեք, ապա իմացեք, որ այդ պարագայում դուք իրավունք ունեք ձեզ հետ վերցնելու ՄԻԱՅՆ մեկ կտոր պայուսակ:

Տոմսը օնլայն եղանակով գնելու ընթացքում Ryanair-ի կայքը պարբերաբար ձեզ կառաջարկի հավելյալ գումար վճարել եւս մեկ կտոր ուղեբեռ վերցնելու կամ ձեզ հետ ուղեւորվող անձի կողքը նստելու համար: Այդ առաջարկները բավականին «կպչուն» են, այնքան, որ գուցե ձեզ իսկապես համոզեն կամ պատահաբար սեղմեք կոճակը եւ հավելյալ գումար վճարեք: Եթե չեք ուզում՝ պարզապես ուշադիր եղեք եւ համառորեն մերժեք այդ առաջարկները: Ներքեւի նկարում տոմսի օրինակ է, ինչպես տեսնում եք՝ գինը 32,99 եվրո է, սակայն, եթե ընտրեք ոչ թե value, այլ՝ regular տարբերակը, կվճարեք հավելյալ գրեթե 21 եվրո եւ կունենաք բացի ձեռքի պայուսակից եւս մեկ՝ 10 կգ-անոց պայուսակ վերցնելու հնարավորություն: Իսկ plus տարբերակի դեպքում՝ հավելյալ 33 եվրոն ձեզ կտա մեկ 20 կգ-անոց ուղեբեռի հնարավորություն:

Անպայման հիշեք, որ այս ավիաընկերության միջոցով ուղեւորվելիս պետք է նախապես առցանց գրանցում անել (on line check in լինել): Եթե տոմսը գնել եք, ասենք, մեկնումից 15 օր առաջ եւ հետո որոշել, որ՝ վա՜յ, բայց ամեն դեպքում ճիշտ կլիներ եւս մեկ ճամպրուկ վերցնել, խնդիր չկա՝ կարող եք կրկին մտնել կայք եւ վճարելով որոշակի գումար ՝ ստանալ հնարավորություն՝ մինչեւ 10 կգ հավելյալ ձեռքի ուղեբեռ վերցնելու, որը ձեզ հետ պետք է տանեք ինքնաթիռի սրահ եւ դնեք վերեւի դարակում: Կարող եք նաեւ ընտրել նաեւ այլ տարբերակներ: Բոլոր գները կախված են եւ չվերթից, եւ այն բանից, թե երբ եք վերցնում հավելյալ ճամպրուկի տարբերակը: Ներքեւում բերված նկարներում դուք կարող եք մոտավորապես պատկերացնել գնային քաղաքականությունը: Ասեմ, որ մենք թռիչքից 2 օր առաջ որոշեցինք հետադարձի համար վերցնել սրահ տանելու 10 կգ ձեռքի ուղեբեռի հնարավորություն եւ վճարեցինք 14 եվրո: Սակայն, ինչպես ասացի, գները կարող են տատանվել:

Մինչ այդ ձեր էլեկտրոնային հասցեին պարբերաբար նամակներ կստանաք ավիաընկերությունից, թե՝ շտապեք, ամրագրեք ձեր ցանկացած տեղն ինքնաթիռում: Հենց փորձեք մտնել գրանցվելու, կհասկանաք, որ դա միայն վճարովի է, այսինքն՝ ավիաընկերությունը կրկին առաջարկում է ձեզ՝ ընտրել ձեր ուզած տեղը՝ նստելու համար, ընդ որում «վախեցնում է»՝ եթե հենց հիմա չընտրեք, ապա ստիպված կլինեք բավարարվել պատահական տեղով, որը չգիտենք, թե որտեղ կլինի, ինչ կլինի: Ճիշտ այնպես՝ ինչպես տոմս գնելիս էր համոզում: Մի՛ խաբնվեք: Եթե չեք ուզում տեղի համար հավելյալ վճարել, մի վճարեք, պարզապես սեղմեք այն կոճակը, որում ասվում է՝ կսպասեմ ավելի ուշ գրանցվելուն, եւ սպասեք մինչեւ 48 ժամը լրանա, նոր գրանցվեք եւ ստացեք ձեր նստեցման կտրոնը: Սակայն ոչ մի դեպքում չուշացնեք «չեքինը»: Թռիչքից առաջ՝ սկսած 48 ժամից մինչեւ 2, իսկ ավելի լավ է 3 ժամ առաջ կատարեք գրանցումը առցանց եղանակով՝ օնլայն, այլապես, եթե գրանցված չլինեք եւ հասնեք օդանավակայան եւ այնտեղ ուզեք check in լինել, չզարմանաք, եթե ձեզնից հավելյալ 50 եվրո գումար ուզեն:
Նստեցման կտրոնը` boarding pass, անպայման ներբեռնեք հեռախոսի մեջ, կամ պարզապես տպեք թղթի վրա եւ վերցրեք ձեզ հետ: Եթե չունենաք՝ դա էլ կարող է հավելյալ վճարի առիթ տալ:
Մի խոսքով՝ գլխավոր պայմանը ուշադիր լինելն է: Նախապես կարդացեք հնարավոր բոլոր զգուշացումները, որպեսզի փաստի առաջ չկանգնեք:
Եվս մի նկատառում: Ryanair-ը Հայաստանից Իտալիա ավիաթռիչքներ է իրականացնում երեկոյան ժամերին: Այսինքն, դուք Հռոմ կամ Միլան հասնելու եք երեկոյան 22:30-23-ն ընկած ժամանակահատվածում: Մենք Հռոմի Չիամպինո օդանավակայանից դուրս եկանք 23-ի մոտ, եւ երբ քաղաքային ավտոբուսով հասանք մոտակա մետրոյին, արդեն 23:30-ն անց էր, եւ մետրոն փակ էր: Հռոմում աշխատում էին գիշերային ավտոբուսներ, որոնցով հասանք տեղ: Քաղաքային ավտոբուսով եւ մետրոյով երթեւեկելը Հռոմում արժե 1,50 եվրո, այն դեպքում, երբ shuttle bus-ի՝ օդանավակայանից ուղիղ կայարան տանող ավտոբուսների տոմսն արժե 6 եվրո:
Ինչ վերաբերում է Միլանին, ապա բյուջետային ավիաընկերությունների օդանավակայանը գտնվում է Միլանից 45 կմ հեռավորության վրա գտնվող Բերգամո քաղաքում, եւ Երեւանից մեկնող ինքնաթիռը Բերգամոյի օդանավակայան իջնում է 23:30-ին, գուցե՝ ավելի ուշ կամ մի փոքր շուտ: (Օրինակ՝ Հռոմից Երեւան մենք հասանք նախատեսվածից 20 րոպե շուտ): Վերջին գնացքը Բերգամոյից Միլան մեկնում է 23:00-ին, դրանից հետո՝ 05:00-ին: Գնացքին դժվար թե հասցնեք, բայց ունեք տարբերակ՝ մեկնելու ավտոբուսով: Վերջին Flixbus-ը մեկնում է 23:15-ին, իսկ Terravision-ը՝ 23:30-ին: Եթե դրանց էլ չհասցնեք՝ կամ պետք է սպասեք օդանավակայանում մինչեւ ժամը 5-ը, կամ տաքսի վերցնեք՝ 80-160 եվրոյի սահմաններում: Դե, իսկ ամենաճիշտ տարբերակը, թերեւս, Բերգամոյում գիշերակաց վերցնելն է՝ նախ դրսում չեք մնա, երկրորդ՝ Բերգամոյում շատ ավելի մատչելի են թե՛ հյուրանոցները, թե՛ հյուրատները, քան Միլանում: (Հ.Գ.- պարզվում է, երեքշաբթի օրերը մեկնող ինքնաթիռը Միլան (Բերգամո) է ժամանում ցերեկը՝ 14: 45-ին, այնպես որ՝ կարող եք դա էլ նկատի ունենալ):
Այնպես որ՝ ցանկալի է ճիշտ եւ կարեւորը՝ նախապես պլանավորել ամեն քայլը:
Եվ հատկապես կարեւոր է հիշել, որ օդանավակայան պետք է հասնել մեկնումից ոչ ուշ, քան 2 ժամ առաջ: Ոչ ԵՄ անդամ երկրի քաղաքացիները, ցանկալի է, դրանից էլ շուտ հասնեն: Անձնագրային եւ այլ ստուգումները ժամանակ են խլում:
Ամփոփելով՝ ասեմ. իրականում ամեն ինչ կախված է ձեզնից: (Լավ, այսպես ասենք՝ գրեթե ամեն ինչ: Բացառված չեն որոշակի, ոչ համընդհանուր նորմ հանդիսացող խոչընդոտներ):Եթե ուզում եք ոչինչ չխաթարի ձեր ուղեւորությունը՝ մանրակրկիտ պատրաստվեք դրան, եղեք շատ ուշադիր, քայլ առ քայլ մշակեք երթուղին, նաեւ ցանկալի է, որ ձեր հեռախոսը միացված լինի ռոումինգի, որպեսզի անհասկանալի, ֆորսմաժորային իրավիճակներում կարողանաք ինտերնետ ունենալ եւ ձեզ հուզող հարցի պատասխանը ստանալ տեղում: Սակայն չմոռանաք դրանից հետո արագ անջատել ինտերնետը, որպեսզի ռոումինգի աստղաբաշխական թվերը ձեզ հետո փաստի առաջ չկանգնեցնեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
























































