EU NEIGHBOURS east. Նոյեմբերի 16-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը եւ Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան Բրյուսելում հյուրընկալեցին ԵՄ-ի, Սեւծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչներին՝ Միջտարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցային կապերի հարցերով նախարարական երկրորդ հանդիպման շրջանակներում։
Հանդիպման ժամանակ ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը խորացնելու համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները եւ էներգետիկան: Նրանք ընդգծեցին, որ համատեղ անվտանգության մարտահրավերներին դիմակայելը եւ միջտարածաշրջանային հաղորդակցային կախերի ամրապնդումը խաղաղության, կայունության, դիմակայունության եւ կայուն տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերն են:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից «Միության վիճակի մասին» 2026 թվականի ուղերձում հայտարարված առաջատար նախաձեռնությունը՝ «Միջին միջանցքը», Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կկապի Հարավային Կովկասի, իսկ այնուհետեւ՝ անմիջապես եվրոպական շուկայի հետ՝ Թուրքիայի եւ Սեւ ծովի միջոցով՝ մինչեւ 2030 թվականը դիվերսիֆիկացնելով երթուղիները, եռապատկելով առեւտրային հոսքերը եւ կրճատելով բեռնափոխադրման ժամանակը։
Միջտարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցային կապերի վերաբերյալ նախարարական առաջին հանդիպումից եւ ԵՄ Սեւծովյան ռազմավարության իրականացման զեկույցի հրապարակումից հետո ԵՄ-ն եւ Սեւծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նրա գործընկերները վերստին հավաքվեցին՝ առաջընթացը գնահատելու եւ հաղորդակցային կապերի, անվտանգության, խաղաղության եւ կայունության հարցերում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։
Կարդացեք նաև
Քննարկումները տեղի ունեցան Սեւ ծովում անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին, որը նշանավորվեց քաղաքացիական նավերի վրա անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումներով եւ ցամաքային ներխուժումներով։ Այս նպատակով մասնակիցները քննարկեցին ծովային կարողությունների ամրապնդման հիմնական նախաձեռնությունները՝ կենտրոնանալով ռիսկերի վաղ հայտնաբերման, ենթակառուցվածքների պաշտպանության, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եւ ականազերծման վրա։ Բուլղարիայի եւ Ռումինիայի համատեղ կազմակերպմամբ գործող Սեւ ծովի ծովային անվտանգության կենտրոնը կնպաստի ավելի անվտանգ եւ կանխատեսելի ծովային միջավայրի ձեւավորմանը։
Նախագահ ֆոն դեր Լեյենի վերջերս Բուլղարիա եւ Ռումինիա կատարած այցը ընդգծեց Եվրոպայի հանձնառությունը Սեւ ծովում նավարկության ազատության վերականգնման եւ պահպանման հարցում, ինչի մասին վկայում են Կենտրոնի համար վերջերս հայտարարված 50 միլիոն եվրոյի նպատակային ֆինանսավորումը եւ Բուլղարիայի եւ Ռումինիայի համար ծովային որոնողական-փրկարարական գործողություններին աջակցությանը տրամադրված եւս երկու 10 միլիոն եվրոյի տրանշերը։
Մասնակիցները նաեւ քննարկեցին Սեւ ծովում Ռուսաստանի ստվերային նավատորմի եւ հիբրիդային գործունեությանը հակազդելու, Ուկրաինայի դիմակայունությունն այլընտրանքային արտահանման ուղիների միջոցով ամրապնդելու եւ Սեւ ծովում մահացու հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ սննդամթերքի մատակարարումները համաշխարհային շուկաներ հասցնելու համար։
2025 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած նախարարական առաջին հանդիպումից ի վեր Սեւծովյան ռազմավարության հաղորդակցային կապերի բաղադրիչը քաղաքական հավակնությունից տեղափոխվել է կոնկրետ իրականացման դաշտ: Նպատակն է՝ ամրապնդել տրանսպորտային, թվային եւ էներգետիկ կապերը Եվրոպական միության, Սեւծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ:
2026 թվականի հունիսի 23-ին մեկնարկած «Հաղորդակցային կապերի օրակարգի հարթակն» ապահովում է այս աշխատանքը համակարգելու շրջանակը: Կենտրոնական առաջնահերթություն է Միջին միջանցքը/Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը վերածել դիմակայուն, արդյունավետ, կլիմայադիմացկուն եւ մրցունակ բազմամոդալ երթուղու՝ սահմանային ընթացակարգերի, մաքսային համագործակցության, առեւտրի դյուրացման եւ առեւտրային առումով կենսունակ ծառայությունների վրա ավելի մեծ շեշտադրմամբ: Գործընկեր երկրների հետ համատեղ ԵՄ-ն առաջ է մղում ռազմավարական ներդրումները տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ենթակառուցվածքների ոլորտներում՝ օգտագործելով խառը ֆինանսավորում եւ երաշխիքներ՝ լրացուցիչ պետական եւ մասնավոր կապիտալ մոբիլիզացնելու համար: Տրանսպորտի ոլորտում աջակցությունը կենտրոնանում է երկաթուղային, ճանապարհային, սահմանային ենթակառուցվածքների եւ նավահանգիստների արդիականացման առանցքային նախագծերի վրա: Թվային ոլորտում առաջնահերթ նախագծերը ներառում են անվտանգ միջսահմանային մանրաթելային կապերը, արբանյակային կապը, տվյալների կենտրոնները եւ արհեստական բանականության հետ կապված ներդրումները: Էներգետիկայի ոլորտում ուշադրության կենտրոնում է տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածությունների ամրապնդումը, էներգետիկ շուկաների եւ ցանցերի արդիականացումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի եւ պահեստավորման աջակցությունը:
Ինչպես նախագահ ֆոն դեր Լեյենը հայտարարել է «Միության վիճակի մասին» իր 2026 թվականի ուղերձում, ԵՄ-ն հաջորդ տարի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայանալիք տարածաշրջանային հաղորդակցային կապերի գագաթնաժողովում կհամագործակցի ԵՄ անդամ պետությունների եւ գործընկեր երկրների առաջնորդների հետ։ Գագաթնաժողովը կտրամադրի ռազմավարական ուղղություն՝ տարածաշրջանների հաղորդակցային կապերի առաջնահերթությունները բարձրագույն քաղաքական մակարդակով առաջ մղելու համար։



















































