Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշանիկ Ներսիսյան. «Նորֆոլքի» սխեմայի փլուզումից հետո աճեց ներմուծում եւ մաքսազերծում անող տնտեսվարողների թիվը»

Փետրվար 14,2020 15:28

«Եթե նույնիսկ չեզոքացնենք ավտոմեքենաների ազդեցությունը պետբյուջեի մուտքերի վրա՝ 2019 թվականին ունեցել ենք մաքսային մուտքերի աճ, իսկ 2020-ին ակնկալում ենք 15% եւ ավել աճ»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, նշելով՝ այս ցուցանիշները ներկայացնում է, քանի որ շատ է խոսվում ներմուծված ավտոմեքենաների՝ մաքսային մուտքերի վրա ազդեցության մասին:

Ներսիսյանի ներկայացմամբ՝ ՀՀ-ն ԵԱՏՄ միասնական բյուջեի մուտքերի գործառույթում շատ ազնիվ է. «ԵԱՏՄ ընդհանուր միասնական բյուջեից ՀՀ-ն 1.22 % գումար է ստանում, Հայաստանի մասնակցությունը պատմականորեն եղել է ավելի քիչ, մենք միշտ ստացել ենք ավելի շատ: 2018 թվականի կեսերից ու 2019-ին մեր մասնակցությունը միասնական բյուջեում գնալով ավելանում է: Սա խոսում է ուժեղացված վարչարարության եւ մեր ԵԱՏՄ գործընկերների հանդեպ մեր ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին»:

ՊԵԿ փոխնախագահն անդրադառնալով ներմուծում եւ արտահանում իրականացնող կազմակերպությունների աճի միտմանն, ասաց՝ 2014 թվականից սկսած նման տնտեսվարողների թիվը մշտապես շուրջ 5 հազար է եղել, իսկ 2018-ի կեսերից զգալի աճել է դրանց թիվը, այսօր արդեն 12.200 նման տնտեսվարող կա. «Սա ավելի քան 120% աճ է ենթադրում: Սա բացատրվում է նրանով, որ «Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո առեւտրով զբաղվող տնտեսվարողներն իրենց Ա/Ձ-ներով սկսեցին զբաղվել ներմուծմամբ, մաքսազերծմամբ եւ այլն»:

Մաքսակետերի աշխատանքներից Ներսիսյանը դժգոհ է, կամ, ինչպես ինքն ասաց՝ բավարարված չէ այդ տիրույթում իրականացվող աշխատանքից: ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրեց երբ սկսեցին ուսումնասիրել բողոքները, պարզվեց, որ դրանց մի մասը նույնիսկ մաքսային մարմիններին դեռ չեն էլ հասել, ավելի շատ մաքսային միջնորդների տիրույթում էին:

Հայաստան մտնող բեռների միայն 22%-ն է ֆիզիկապես զննում անցնում, ըստ Ներսիսյանի, այս տարի ներդնելու են ծրագիր, որի արդյունքում ֆիզիկապես զննվող բեռների քանակը կհասնի 12%-ի, հաջորդ տարիներին՝ 7-8%-ի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829