Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը մտադիր է սոցիալական աջակցության ծառայությունները տրամադրել մարդկանց վաուչերային համակարգով: Ֆինանսավորումը տրվելու է ոչ թե հաստատությանը, այլ՝ անձին ու անձը կարող է ընտրել, թե որտեղ կարող է ստանալ այդ ծառայությունը:


Սարիկ Մինասյանը մտահոգված էր. «Ռիսկ կարող է լինել: Օրինակ, կարող են պայմանավորվել, թե խորհրդատվություն ենք ստացել ու այդ գումարը դուրս հանեն բյուջեից: Բնակարանների գնման վկայագրերի նման կարող է լինի, մարդկանց գումար էր պետք հիվանդանոցներում վճարում կատարելու համար, իրենց բարեկամի անունով գրանցում էին, նվիրաբերում էին գույքը, հետո մի քանի ամիս անց այդ գումարը դուրս էին հանում պետությունից: Այսպիսի ռիսկեր չե՞ք տեսում, որ վաուչերները կարող են դարձնել քեշ գումար»: Անդրեասյանը պատասխանեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց պարագաները ստանում են հավաստագրերով, այդ գործընթացը նոր չի:
Կարդացեք նաև
Սարիկ Մինասյանը նաեւ հարցրեց. «Պրոթեզների հարցով կարելի է վերահսկել, ստացե՞լ է, թե՞ չէ, բայց լոգոպեդի ծառայությունը, խորհրդատվական ծառայությունը չես կարող վերահսկել, կասի՝ հա, գնացել խորհրդակցել եմ, դա ո՞ւմ միջոցով եք վերահսկելու, նույն ձեւ նպաստ ստացող քաղաքացիների ցուցակներն էր վերահսկվում, 99 տոկոսով փաստաթղթերով նորմալ է, բայց գնում ես նպաստառուի տուն, 2-3 արտասահմանյան մեքենան իրենց բակում կայանած, երկու հարկանի տան մեջ էլ ապրում են, փաստաթղերով նպաստառու է»:
Փոխնախարարը պատասխանեց, որ նպաստառուների համակարգի բարեփոխումների շրջանակներում այդ հարցը կլուծեն:
Ըստ Մինասյանի, եթե որեւիցե մեկին նպաստ են նշանակել, բայց դրա կարիքը չուներ, ապահովված էր, արտասահմանում բիզնեսներ ուներ եւ այլն, մեկն էլ մի ստից բանի պատճառով զրկված էր նպաստից, արդարությունը պետք է վերականգնեն ու պետությանը հասցված վնասը փոխհատուցեն. «Սոցիալական աշխատողները չեն կարող ասել՝ հա սխալվել ենք ու ոչ մի պատասխանատվություն չկրեն: Պիտի սոցաշխատողը անհատական բոլորի տուն այցելեն, որ հստակ ունենան պատկերը»:
Անդրեասյանը պատասխանեց, որ այս ոլորտում աշխատակիցների աշխատավարձը ցածր է, նախկինում օրենքով տնային այցելությունների պարտականություն ունեին, բայց ֆիզիկապես չէին կարող դա կատարել, որովհետեւ բյուջեով գումար նախատեսված չէր դրա համար: Այս տարվա բյուջեով դա նախատեսել են ու շարժական տեխնոլոգիաներ՝ պլանշետներ են բաժանելու, որ տնային այցելությունների ժամանակ տվյալներ մուտք անել, այդ դեպքում GPS-ի միջոցով հնարավոր կլինի արձանագրել՝ մարդը այդ հասցեում եղե՞լ է գնացե՞լ է, թե՞ չի գնացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































