Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Ադրբեջանը և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. BBC

Փետրվար 26,2020 19:45

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել  «Ինչպես են Ադրբեջանը  և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ» խորագրով, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում և Ադրբեջանում հիշում են ղարաբաղյան հակամարտության երկու ողբերգությունների զոհերին, խոսքը Սումգայիթում հայերի կոտորածի և ադրբեջանական Խոջալու բնակավայրի խաղաղ բնակիչների սպանության մասին է: Դեպքերը տեղի են ունեցել չորս տարի տարբերությամբ՝ գրեթե նույն օրը: Կողմերի համար այս իրադարձությունները դարձել են  հակառակորդի դաժանության և ատելության խորհրդանիշ, Սումգայիթը՝ հայերի, Խոջալուն՝ ադրբեջանցիների:

Այդ իրադարձություններից հետո առաջացել է դավադրության տեսությունների մի ամբողջ ցանց, որոնք միասին ստեղծում են սյուրռեալիստական պատկեր, ըստ որի՝ հայերը բռնաբարում և սպանում են խաղաղ հայերի, իսկ ադրբեջանցիներին ի պատասխան գնդակահարում են ադրբեջանցի կանանց և երեխաների:

Ինչի մասին են վիճում առաջնորդները

«1990-ական թվականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց էր տվել ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին, որում ասել էր, որ Խոջալուում սադրանքի հեղինակն ադրբեջանական ընդդիմությունն է եղել՝ իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով»,-այս մասին 2020թ. փետրվարի 15-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ցանկանում էր ասել, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում խաղաղ բնակչության  ամենարյունալի կոտորածը կազմակերպել են ադրբեջանցիները: Այս վարկածը 1990-ականներից կրկնում է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, բայց ամենաակտիվն այն տարածել է Հայաստանի նախագահի վարչակազմը:

Նույն կերպ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 1988թ. փետրվարին Սումգայիթում զանգվածային բռնությունն իրագործվել է հայ դավադիրների կողմից: Այս վարկածը տարածում է Ադրբեջանի նախագահի վարչակազմը, կրկնում՝ հանրապետության ԱԳՆ-ն: Կողմնակի դիտորդի համար այս տեսությունները կարող են թվալ ոչ համոզիչ և խճճված, բայց Հայաստանում և Ադրբեջանում դրանք դարձել են հայտնի վարկածներ:

Սումգայիթ. Ժողովուրդների բարեկամության ավարտ

Սումգայիթը կառուցվել է 1940-ականներին՝ որպես օրինակելի ինտերնացիոնալ քաղաք, բայց 1980-ականներին այն վերածվեց վտանգավոր և ոչ բարեկեցիկ արդյունաբերական կենտրոնի: Քաղաքացիների միջին տարիքը 25-ն էր, յուրաքանչյուր հինգերորդը դատվածություն ուներ: Քիմիական ձեռնարկություններն ամենակեղտոտն էին ԽՍՀՄ-ում: Մանկական մահացության մակարդակն այնքան բարձր էր, որ Սումգայիթում առաջացավ մանկական հատուկ գերեզմանոց: Լարվածությունն էլ ավելի աճեց այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին Հայաստանից Սումգայիթ տեղափոխել ադրբեջանցի փախստականներին:

Իրավիճակը պայթեց այն բանից հետո, երբ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի պատգամավորների խորհուրդը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու որոշում կայացրեց: Ղարաբաղում բախումներ եղան: Փետրվարի 27-ին  ԽՍՀՄ զինվորական դատախազ Ալեքսանդր Կատուսևը հեռուստատեսությամբ հայտարարեց բախումների հետևանքով զոհվածների անունները՝ ազգանուններն ադրբեջանական էին:  Նույն օրը Սումգայիթում սկսեցին ջարդերը: Մի քանի օր շարունակ ամբոխը բռնաբարում, թալանում, կտտանքների ենթարկում և սպանում էր տեղի հայ բնակչությանը: Ոմանց ողջ-ողջ այրում էին: Խմբակային բռնաբարության զոհերից մեկը հիշում էր՝ ինչպես մահացած ձևացավ, երբ հանցագործները կիսում էին իր ունեցվածքը: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է  առնվազն 32 մարդ՝ 26 հայ, 6 ադրբեջանցի, վիրավորվել՝  հարյուրավորները:  Զոհերի հստակ թիվը հնարավոր չէ պարզել. հայ բնակչությունը (տարբեր հաշվարկներով՝ 14-ից 18 հազար մարդ) փախչում էր քաղաքից:  Սումգայիթում սկիզբ առած խռովությունը ցնցեց ամբողջ երկիրը, տեղի ունեցածը ազգային հողի վրա բռնության անսպասելի ալիքի բռնկում էր: Ոստիկանությունը անգործության էր մատնված, բայց հայերին փրկում էին հարևան ադրբեջանցիները և կոմսոմոլները: Խորհրդային բանակը քաղաք մտավ միայն փետրվարի 29-ին՝ ջարդերի երրորդ օրը: Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավար Գրիգորի Խարչենկոն հիշում էր, որ Սումգայիթ գալով տեսավ մասնատված և այրված աճյուններ:

Սկզբում լրատվամիջոցները գրեթե ոչինչ չէին լուսաբանում և քչերն էին հասկանում՝ ինչ է տեղի ունեցել:  Բաքվում ազգայնականների ցույցերին ջարդերի մասին լուրերը դիմավորում էին «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսով:

Խոջալու. Սպանություն լեռներում

Խոջալուի խաղաղ բնակիչների սպանությունը տեղի ունեցած ուղիղ չորս տարի անց: 1992թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը վերածվել էր լայնամասշտաբ պատերազմի հայերի և ադրբեջանցիների միջև: Բայց նույնիսկ այդ պատերազմի չափանիշներով հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիների սպանությունը, այդ թվում՝ երեխաների և կանանց, շոկ էր և քաղաքացիական հասարակության ամենաարյունալի հաշվեհարդարն էր հակամարտության ամբողջ ընթացքում:

Խոջալուի վրա հարձակումը համընկավ ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլի հետ: Բնակավայրը ռազմավարական նշանակություն ուներ, Ղարաբաղի միակ օդանավակայանի բանալին էր և մտնում էր ադրբեջանական բնակավայրերի օղակի մեջ, որտեղից կրակ էր արձակվում Ստեփանակերտի՝ հայերի մայրաքաղաքի ուղղությամբ: Հայերը պատրաստվում էին հարձակվել, բայց խաղաղ բնակիչները ժամանակին չտարհանվեցին: Արդյունքում օպերացիայի մեկնարկի ժամանակ Խոջալուում կային հարյուրավոր քաղաքացիներ: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ Խոջալուում այդ ժամանակ գտնվել է 2-ից մինչև 4 հազար մարդ: Գրոհը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին: Երբ հայկական ջոկատները զբաղեցրին քաղաքը, խաղաղ քաղաքացիների մի մասը գերի ընկավ: Մյուս մասն էլ՝ մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ ՕՄՕՆ-ի հատուկ ջոկատայիններ, շարժվեցին ադրբեջանական Աղդամի ուղղությամբ: Հայկական կողմի պնդմամբ՝  բնակիչների համար «ազատ միջանցք» էր գործում դեպի Աղդամ: Բայց «Մեմորիալ»-ի հետաքննությունը պարզել է, որ Խոջալուի բնակիչների մեծ մասը ոչինչ չի իմացել միջանցքի մասին: Արդեն լուսադեմին փախստականները և օմոնականները Աղդամի փոխարեն հայտնվեին հայկական հենակետերի մոտ, որտեղ էլ զոհվեցին՝ հայկական ստորաբաժանումների կրակից, ինչպես պարզել են Human Rights Watch-ը և «Մեմորիալ»-ը:

Այդ առավոտյան սպանվեց ավելի քան 100 մարդ:  Դեպքի վայր ժամանած լրագրողներն ականատես եղան սարսափելի տեսարանի՝ կանանց, երեխաների, ծերերի աճյուններ: Սպանվածների թվում կային նաև օմոնականներ, բայց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Ադրբեջանական խորհրդարանի հետաքննության համաձայն՝ զոհվել է 485 մարդ, այդ թվում՝ նրանք, ովքեր մոլորվել էին կամ մահացել ցրտից:  Այժմ ադրբեջանական ԱԳՆ-ն հայտարարում է 613 զոհի մասին:

Խոջալուի բնակիչների սպանությունը ցնցեց Ադրբեջանը: Մարտի 3-ին օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի նկարած կադրերը ցուցադրվեցին խորհրդարանում: Ընդդիմությունը մեղադրեց Այազ Մութալիբովին ողբերգությունը թաքցնել փորձելու և իր ժողովրդին պաշտպանել չկարողանալու համար: Մի քանի օր անց նա հրաժարական տվեց: Այդ ժամանակ արդեն ձևավորված և մյուս երկրների կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնիսկ ցավակցություն հայտնեց… «Մեմորիալ»-ի դիտորդների հետ զրույցներում Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները չէին բացառում, որ Խոջալուի գրավման ժամանակ  հնարավոր է տեղ են գտել նաև վայրագություններ, քանի որ հայ զինված ստորաբաժանումների շարքերում կային բարկացած մարդիկ, որոնց հարազատները սպանվել էին ադրբեջանցիների կողմից:  Մարգար Մելքոնյանը՝  ղարաբաղյան պատերազմի առանցքային դերակատարներից Մոնթե Մելքոնյանի եղբայրը,  Խոջալուի իրադարձությունները բնութագրել է որպես վրեժի գործողություն հայկական առանձին ջոկատների կողմից:   Նման կերպ այդ իրադարձությունները հիշել է նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչև Խոջալուն, ադրբեջանցիները մտածում էին՝ մեզ հետ ուղղակի կատակ են անում: Ադրբեջանցիները կարծում էին, որ հայերը մարդիկ են, որոնք չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա: Պետք էր կոտրել այդ ամենը, այդպես էլ եղավ: Պետք է նաև հաշվի առնել, որ այդ տղաների թվում կային Բաքվից, Սումգայիթից փախածներ: Չնայած կարծում եմ, որ շատ բան չափազանցված է, շատ բան»,-ասել է Սարգսյանը բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցում:

Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հուշագրերում իրադարձությունը որակում է որպես  «մեծ ողբերգություն», ինչի պատճառը հանգամանքներն էին:

ԿԳԲ և հոգեմետ դեղահաբեր՝ նախագահի օրհնությամբ

Սումգայիթի  ջարդերի դիցաբանացումը սկսվեց գրեթե անմիջապես: 1989թ. Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի անդամ Զիա Բունյաթովը «Ինչո՞ւ Սումգայիթ» հոդվածում տեղի ունեցածի համար մեղադրեց հայերին:

«Սումգայիթյան ողբերգությունը հայ ազգայնականների կողմից ծրագրավորված էր, ջարդերից մի քանի ժամ առաջ քաղաք եկան հեռուստալրագրողներ, լուսանկարիչներ, նրանք սպասում էին: Առաջին հանցագործությունն ադրբեջանցու անվան տակ իրականացրել է ոմն Գրիգորյան, որն անձամբ սպանել է սումգայիթցի 5 հայի»:

Իսկ իրականում Գրիգորյանը սովորական հանցագործ էր, որին ճանաչել են ջարդերի հայ զոհերը, նա անկարգությունների շարքային անդամ էր, ոչ թե պարագլուխ:  Բացի նրանից քննության արդյունքում դատապարտվածներից մեկը ռուս էր, մնացածը՝ ադրբեջանցիներ:

Բունիաթովի վարկածը սկզբում մարգինալ էր, բայց աստիճանաբար սկսեց տարածվել: Ադրբեջանում սկսեցին լույս տեսնել գրքեր, հրապարակվեցին հարցազրույցներ, որոնք աջակցում և տարածում էին այս վարկածը:  1990-ականների սկզբին Դավուդ Իմանովը Սումգայիթի մասին պատմող կինոտրիլոգիայում քաղաքը վերածեց միջազգային դավադրության հարթակի, որի կազմակերպիչը Կենտրոնական հետախուզական վարչությունն էր՝ ԽՍՀՄ-ը փլուզելու նպատակով:

Արդեն 2010թ. նրանց գործը շարունակեց փաստաբան Ասլան Իսմայլիովը՝ «Սումգայիթ. ԽՍՀՄ-ի փլուզման սկիզբ» գրքի հեղինակը, որն իր կողմից մի շարք գունագեղ մանրամասներ հավելեց. իբրև թե Գրիգորյանը մյուս ջարդարարներին բաժանում էր դեղահաբեր,որոնցից վերջիններս կորցնում էին վերահսկողությունը:  Իսկ ապացույցների բացակայությունը նա մեկնաբանեց այն հանգամանքով, որ ցուցմունքներով ձայնագրությունները կորել են:

Մեկ տարի անց Բաքվում տեղի ունեցավ www.sumqait.com կայքի շնորհանդեսը (կայքն այժմ ակտիվ չէ): Կայքը պետք է միջազգային հանրությանը ներկայացներ «ճշմարտությունը», բայց գործնականում կրկնում էր դավադրության նույն տեսությունները:

2014թ. Ալիևի օրհնությամբ սադրիչ Գրիգորյանի մասին միֆը նոր մանրամասներով հավելվեց: Հայտնի լրագրող Իբրահիմ Մամեդովը գրեց «Սումգայիթյան սադրանք ընդդեմ Ադրբեջանի. Գրիգորյանի գործը» գիրքը, որը լույս տեսավ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ, իսկ գրքի գիտական խմբագիրը Ալիևի վարչակազմի ղեկավարն էր…

Եվ վերջապես 2018թ.՝ ջարդերից ուղիղ 30 տարի անց, այդ վարկածները պետական մակարդակով բարձրաձայվեցին: ԱԳՆ-ի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ջարդերի համար մեղադրեց Հայաստանի և ԽՍՀՄ-ի հատուկ ծառայություններին: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ Սումգայիթի իրադարձությունների հեղինակը հայ ազգայնականներն են և հայկական ստորաբաժանումները»,-Հաջիևը քաղաքի 70-ամյակին նվիրված տոնախմբության ժամանակ:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազները»

Ադրբեջանում  պաշտոնական վարկածին մարտահրավեր նետեց Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որը հրապարակվեց 2012թ.: Վեպը պատմում է Սմուգայիթի և Բաքվի հայկական ջարդերի, Նախիջևանում հայկական պատմական ժառանգության ոչնչացման մասին: Հեղինակը ծաղրում է ազգականների կեղծիքները: Վեպի լույս տեսնելուց հետո ադրբեջանական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները սկսեցին հետապնդել Այլիսլիին: BBC-ին տված հարցազրույցում Այլիսլին, ով արդեն 82 տարեկան է և սրտի հետ կապված խնդիրներ ունի, ասաց, որ իրեն դարձրել են ժողովրդի թշնամի: Այլիսլիին չեն թողնում մեկնել արտասահման բուժվելու համար:

Ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսը 1980-ական թվականների  վերջին և 1990-ականների սկզբին տեղեկատվություն էր հավաքում Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Յունուսը սկզբում ևս մտածում էր, որ ողբերգության հետևում կանգնած է ԿԳԲ-ն: 1992թ. Յունուսը նշանակվում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի ղեկավար: Նա հիշում է, որ ուներ ՆԳՆ-ի ԿԳԲ-ի փաստաթղթերի հասանելիություն, բայց չկարողացավ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչների վերաբերյալ տվյալներ հավաքել, քանի որ  ջարդերը կազմակերպիչներ չունեին: Քաղաքականությունից հեռանալուց հետո Յունուսը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, 2014թ. նա կնոջ հետ ձերբակալվեց մի մեղադրանքի հիման վրա, որը միջազգային կազմակերպությունները համարեցին քաղաքական: Երկու տարի ազատազրկումից և տնային կալանքից հետո նրանք լքեցին Ադրբեջանը:

Խոջալու. «շնագայլի ոռնոցից» մինչև վարչապետի ելույթ

Խոջալու խաղաղ բնակիչների սպանության շուրջ դավադրության տեսության հիմնադիր հայրը, ինչքան էլ տարօրինակ թվա, անկախ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն է, որը զրկվեց իշխանությունից այդ ողբերգության պատճառով: Հրաժարականից մեկ ամիս անց նա հարցազրույց տվեց ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին, որում ողբերգական իրադարձությունների համար մեղադրեց ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցությանը: Մութալիբովի հարցազրույցը իշխանության վերադառնալու ռազմավարության մի մասն էր: Բաքվում նախագահի պարտականությունները ստանձնել էր թույլ առաջնորդ, իսկ ռազմաճակատում գործերը վատ էին: 92թ. մայիսի 14-ին Մութալիբովը կրկին ընտրվեց նախագահ, բայց մեկ օրով:

Չնայած Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Մութալիբովի, անձամբ մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, կասկածամտորեն էին վերաբերվում նրա հիպոթեզին, բայց այն տարածվեց Երևանում: Մութալիբովն ավելի ուշ հրաժարվեց իր խոսքերից, բայց արդեն ուշ էր:

Հայ լրագրող Մարկ Գրիգորյանը հիշում է, որ Մութալիբովը, ցանկանալով արդարանալ, առաջ քաշեց տեսությունն այն մասին, որ ամեն ինչում մեղավոր է «Ազգային ճակատ»-ը, իսկ հայկական կողմը հաճույքով վերցրեց այդ տեսություն:  Մութալիբյան վարկածի վերցնողներից մեկն էլ ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Լևոն Մելիք-Շահնազարյանն էր, որը 1998թ. հոդվածներից մեկում գրեց, որ Խոջալուի սպանությունների հեղինակն ադրբեջանական ընդդիմությունն է, իսկ նպատակն իշխանության զավթումն էր:

Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում գաղափարախոսները մի խնդիր ունեին. հիմնավոր բացատրել՝ ինչպես  իրենց թշնամին կարող էր սառնարյուն սպանել իր իսկ անմեղ հայրենակիցներին… Մելիք-Շահնազարյանը գրել է, որ հայերը ադրբեջանցիներից բարձր են  և վերջիններս վիշտը Խոջալուի զոհերի համար որակել է որպես «շնագայլի ոռնոց»: 2002թ. Մելիք-Շահնազարյանը և Հայկ Դեմոյանը, որը ավելի ուշ դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար, հրատարակեցին «Խոջալուի գործը. Հատուկ թղթապանակ» աշխատությունը, որում տեղ գտան նույն գաղափարները, բայց չոր  գրասենյակային լեզվով, առանց «շնագայլի ոռնոցի»…

«Երկու կողմն էլ չի ցանկանում ագրեսոր երևալ, երկու կողմն էլ նախընտրում է զոհի կարգավիճակը: Տեսությունն էլ կառուցվում է այդ զգացումների հիման վրա»,-ասում է Մարկ Գրիգորյանը:

Ընդունման փուլ

Խոջալուի դավադրապաշտության տարածման գլխավոր կենտրոնը դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմին կից «Հասարակական և տեղեկատվական կապերի կենտրոնը»: Լիբերալ շրջաններում այն համարվում է տրոլների առաջին գործարաններից մեկը հետխորհրդային տարածքում:  Կենտրոնի նախկին ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները BBC-ին պատմել են, որ նախընտրում էին հասարակական կարծիքի առաջատարների հետ աշխատել, իսկ ֆեյք օգտահաշիվներն ակտուալ դարձան 2016թ. ամռանից հետո:

Իսկ Բաքվում նույն դերը ստանձնել էր Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:

 «Առասպելները միշտ հաղթում են իրականությանը»

Փաշինյանն իշխանության եկավ 2018թ.՝ զանգվածային ցույցերի ֆոնին՝ խոստանալով կառուցել նոր Հայաստան: Այն ժամանակ քչերն էին ակնկալում, որ նա կկրկնի  դավադրության նույն տեսությունները, որոնք շրջանառության մեջ էր  դրվել  իր կողմից այդքան ատելի նախորդ ռեժիմը: Բայց «Կովկասում, երբ առասպելները հակամարտության մեջ են մտնում իրականության հետ, միշտ հաղթում են առասպելները»,-կարծում է Մարկ Գրիգորյանը:

Բայց ոչ բոլորին են առասպելները դուր գալիս: 2014թ. Ժիրայի Լիպարիտյանը, որը 1990-ականներին եղել է նախագահի խորհրդականը, գրել է, որ Խոջալուի  հերքումը հիշեցնում է Սումգայիթում ջարդերի մասին ադրբեջանական վարկածը: Նա կոչ արեց ստանձնել պատասխանատվություն, նույնիսկ եթե հակառակորդը  շարունակում է հերքել իր հանցագործությունները: «Մարդկային տառապանքը չպետք է դառնա շուկայական առուծախի առարկա»,-գրել է Լիպարիտյանը:

Հարավային Կալիֆոռնիայի պրոֆեսոր Ռիչարդ Անթարամյանը կարծում է, որ հայերը սպանել են Խոջալուում:  Լրագրող Յուրի Մանվելյանը՝ epress.am պարբերականի խմբագիրը,  ևս հրաժարվում է մասնակցել տեղեկատվական պատերազմին: Նա ծնվել է Կիրովաբադում (ներկայում՝ Գանձակ) և վեց տարեկան է եղել, երբ քաղաքում սկսել են ջարդերը, նրա ընտանիքին հաջողվել է փախնել Երևան: Նա անանուն սպառնալիքներ է ստանում  իր հրապարակումների պատճառով…

«Փաշինյանը վառ օրինակ է, թե ինչպես ուսյալ մարդն ազգայնականության մթնոլորտում կարող է կրկնել դավադրության տեսությունները»,-կարծում է լրագրողը:

Այժմ Խոջալուն և Սումգայիթը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման սարսափելի դրվագներ են, այլ նաև դարձել են երկու ժողովուրդների  ազգային ինքնության մաս՝ ասում է Մարկ Գրիգորյանը և հավելում. «Այդ դրվագներում մեղքի ժխտումը ևս դարձել է ազգային ինքնության մաս…»»:

BBC-ն մեկնաբանություններ է խնդրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարություններից:  Հայաստանի ԱԳՆ-ից պատասխանել են, որ Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և ադրբեջանական իշխանություններին մեղադրել են այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը խեղաթյուրելու, թաքցնելու փորձերի համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ պատասխանել են, որ Սումգայիթի ջարդերը մանրակրկիտ  ծրագրավորված սադրանք է ընդդեմ Ադրբեջանի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829