Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Մարտիրոսյան. Ներկայիս իշխանություններն արդեն իսկ կորցրել և անցյալում են թողել երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռեֆորմների իրականացման պահը

Մարտ 02,2020 14:50

Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգում 2018 թվականի ապրիլին նախորդած ժամանակահատվածում ձևավորված ծանր իրավիճակը պայմանավորված էր համակարգային խորը հիմնախնդիրներով, որոնց լուծման գործում իշխանությունը կրողների դերակատարությունն, իր կարևորությամբ հանդերձ, որոշիչ չէր: Այլ խոսքով, իշխանության փոփոխությունն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման էր երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: Հայաստանի Հանրապետությունը քաղաքական և տնտեսական արմատական բարեփոխումների կարիք ուներ՝ համապատասխան ինստիտուցիոնալ ապահովվածությամբ:

Իշխանության եկած քաղաքական ուժից ակնկալվում էր արմատական ռեֆորմների իրականացում կենսագործունեության տարբեր ոլորտներում, ինչը թույլ կտար ապահովել հետճգնաժամային կայուն զարգացում: Դրա համար կային բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որոնցից ամենակարևորները, թերևս, հասարակական մեծ պահանջարկն էր ու նման լայնամասշտաբ ռեֆորմներ իրականացնելու համար չափազանց կարևոր պայման հանդիսացող իշխանությունների լեգիտիմության բարձր աստիճանը: Ռեֆորմներն, անխուսափելիորեն, լինելու էին շատ դեպքերում ցավոտ, բայց երկարաժամկետ հատվածում զարգացում երաշխավորող:

Սակայն անցած 1.5 տարվա ընթացքում իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն կատարել ռեֆորմներ իրականացնելու ուղղությամբ: Անգամ իշխանության հայտ ներկայացրած քաղաքական ուժի կողմից խոստացված քաղաքական համակարգի բարեփոխումները, ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, կուսակցությունների մասին օրենքի մշակումը, իշխանության թևերի միջև իրական հակակշիռներ ապահովող և սուպերվարչապետական համակարգը վերացնող սահմանադրական փոփոխություններն այդպես էլ իրականություն չեն դարձել:

Նույն պատկերն է նաև տնտեսական, սոցիալական, մշակութային և կենսագործունեության մնացած ոլորտներում:

Ստացվում է, որ նախկինում ամեն ինչ իդեալական էր, և խնդիրը միայն անձերի մեջ էր: Մերժելով անձանց (կամ ավելի շուտ մեկ անձի), կարիք չկար մերժել համակարգը:

Իշխանությունները համարձակություն (միգուցե նաև՝ կարողություն և պատկերացում) չունեն ոչ միայն լուրջ ռեֆորմներ իրականացնելու համար, այլ նաև քիչ թե շատ խորը փոփոխություններ ենթադրող քայլերի դեմ ուղղված հասարակական փոքր ու միջին խմբերի ընդվզման պարագայում արագ քայլերով նահանջում են իրենց իսկ կողմից նախկինում հռչակված դիրքորոշումներից: Սպանդանոցների հարցը, Ամուլսարը ասվածի վառ վկայությունն են: Իշխանություններն առաջնորդվում են նշված խմբերին չնեղացնելու սկզբունքով՝ անորոշությունը գերադասելով որոշակիությունից և, դրանով իսկ, համապետական շահը ստորադասելով նեղ խմբակային շահերին:

Եվ այստեղ է, որ ծագում է տրամաբանական հարց. իշխանության բարձր լեգիտիմության մասին պատեհ և անպատեհ առիթներով տարբեր տրամաչափի իշխանավորների կողմից թմբկահարվող բարձրաձայնումները քանի գրոշ արժեն, եթե այդ լեգիտիմությունը չի ապահովում իշխանության համար անհրաժեշտ համարձակություն թեկուզև կարճաժամկետ հատվածում հասարակության որոշակի շերտերի համար ցավոտ, սակայն պետական շահի տեսանկյունից չափազանց կարևոր ու անհրաժեշտ ռեֆորմների իրականացման համար: Լեգիտիմությունը նպատակ չէ, այն միջոց է հանրային կյանքում խորքային փոփոխություններ իրականացնելու համար:

Կարող ենք արձանագրել, որ ներկայիս իշխանությունները արդեն իսկ կորցրել և անցյալում են թողել երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռեֆորմների իրականացման պահը: Իսկ առանց վերջիններիս մեր երկրի համակարգային և համալիր զարգացման մասին հույսերը կմնան ընդամենը ցանկությունների մակարդակում: Եվ այս դեպքում անգամ վարչապետի կողմից պերմանենտ կարգով մեր տնտեսության վիճակագրական ձեռքբերումների մասին բարձրաձայնումները հանրային ընկալումներում որակական փոփոխությունների չեն հանգեցնի թեկուզ միայն այն պատճառով, որ հասարակությունը տնտեսության և սեփական կյանքի փոփոխության գնահատման իր ուրույն և վիճակագրության հետ քիչ առնչություն ունեցող բարոմետրերն ունի:

P.S. Նոր Հայաստանում հին Հայաստանից ժառանգություն մնացած երկու պաշտոնյաներ կան, որոնք առաջին հայացքից միմյանց հետ ունեն քիչ առնչություն, սակայն չափազանց նման են իրար իրենց ոչ ֆորմալ գործառույթային կարգավիճակներով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան: Երկուսն էլ իրենց գործունեության ազնվության և այսպես կոչված լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն. մեկը՝ ընտրությունների արդյունքների, մյուսը՝ տնտեսական ցուցանիշների: Ի դեպ, այդ մասին մեկ անգամ չէ, որ իրենց ընդդիմադիր կարգավիճակում ասել են ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ: Թերևս դա է եղել այն հիմքային պատճառներից մեկը, որ հիշյալ անձինք հին Հայաստանից սահուն կերպով տեղափոխվեցին նոր Հայաստան, նախկին և ներկա իշխանությունների համար հույժ կարևոր իրենց առաքելությունը շարունակելու համար:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ քաղաքագետ

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031