Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը:
Այս նախագծերը հիմնովին փոխելու են հաշմանդամություն ունեցող անձանց միջավայրի մատչելիության, կարիքների գնահատման եւ այլ խնդիրների լուծման մեթոդները:

Օրենքներից մեկով, ըստ փոխնախարարի, պատասխանատվություն է սահմանվելու հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մատչելի միջավայր ապահովելու համար:
Կարդացեք նաև
«Անձի ֆունկցիոնալության գնահատման» օրենքով էլ հաշմանդամության գնահատման նոր մեխանիզմ է սահմանվելու, այն, ինչպես Գասպարյանն ասաց, չի լինելու ներկայումս գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների տրամաբանությամբ. «Այն լինելու է բազմամասնագիտական խումբ, ռեեստրն արդեն ձեւավորվում է, այստեղ ընդգրկված անձինք վերապատրաստվելու են, հետո անցնեն աշխատանքի: Ռեեստրը չի լինելու հիմնական հանձնաժողով, այլ պատահականության սկզբունքով են ընտրվելու մասնագետները, որոնք գնահատման գործընթացն են կիրականացնելու: Գնահատման արդյունքում լինելու է ոչ թե հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ կարգ եւ հաշմանդամ երեխա կարգավիճակ, այլ լինելու է՝ թույլ, միջին, ծանր, խորը ֆունկցիոնալ սահմանափակման վերաբերյալ որոշում»: Գասպարյանն ասաց, որ սա ենթադրում է ծառայությունների մատուցման անհատական ծրագիր՝ յուրաքանչյուր քաղաքացուն փորձելու են առավելագույնս օժանդակել համապատասխան ծառայությունների միջոցով, որպեսզի իրենք հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները:
«Ծուռ նստենք՝ դուզը խոսենք՝ այսօր հաշմանդամություն ունեցող անձին 26500 դրամ կենսաթոշակ է տրվում, 26500 դրամով հաշմանդամություն ունեցող անձը կարո՞ղ է հաղթահարել իր ֆունկցիոնալ սահմանափակումը Հայաստանի հանրապետությունում: Ոչ: Հետեւաբար, մեր խնդիրը ամեն անձին ամբողջական անհատական կարիքի գնահատում իրականացնելն է, եւ դրանից ելնելով անձին մատուցել ծառայություններ: Այսինքն, անցում ենք կատարում նաեւ ոչ դրամային ծառայությունների գործընթացին: Ասենք՝ եթե մարդը տեսողության խնդիրներ ունի եւ գնահատում է իրականացվել, գրել են՝ անձը կարո՞ղ է օգտվել սպիտակ ձեռնափայտից, շատ ծառայությունից, անձնական օգնականի ծառայությունից եւ պետությունը պարտավորվում է նվազագույն ծառայությունն ապահովել, օրինակ՝ սպիտակ ձեռնափայտից օգտվել սովորեցնել: Հավելյալ ծառայություններն էլ, որոնք ամբողջական գնահատում կունենան, քաղաքացին կիմանա՝ ինքն ինչ ծառայությունից կարող է օգտվել իր նախաձեռնությամբ»:
Գեմաֆին Գասպարյանը նաեւ ասաց, որ այս նախագծերը նախատեսում են մինչեւ ամսվա վերջ ուղարկել կառավարություն, եթե այն հաստատվի, ապա ԱԺ է ուղարկվելու. «Հույս ունեմ, որ այս տարի օրենքները կընդունվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































