Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանման հետևանքով հաշմանդամություն ունեցող քաղաքացիները կրկնակի բարդությունների են բախվում. փորձագետ

Սեպտեմբեր 27,2023 17:26

Արցախում ապրող 120 000 մարդուց 9000-ը հաշմանդամություն ունի, սա պաշտոնական տվյալներ են, սակայն իրականում այն շատ ավելի մեծ է, ընդունված է ասել, որ բնակչության 15 տոկոսը հաշմանդամություն ունի, իսկ, թե տեղահանված բնակչության քանի՞ տոկոսը հաշմանդամություն ունի՝ հրապարակված չէ: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:

Նրա կարծիքով, տվյալների բացակայությունը խոչընդոտում է, որպեսզի տարբեր կազմակերպություններ ճիշտ գնահատեն խնդրի ծավալը և իրականացնեն թիրախային ծրագրեր:

«Մենք Արցախում ապրող հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հաշվառում իրականացնում էինք դեռևս շրջափակումից առաջ, և հնարավոր տարբեր աղբյուրներից տեղեկություններ ստանալով՝ փորձում էինք նաև իրազեկ պահել մեր գործընկեր-միջազգային կազմակերպություններին, որոնք կարող էին որոշակի ազդեցություն ունենալ տարբեր գործընթացների վրա: Մեր մշտադիտարկումները մի քանի մտահոգիչ խնդիրներ են ցույց տալիս, կապված, մասնավորապես տեղահանման հետ, ինչի հետևանքով Արցախում գտնվող մարդիկ կրկնակի դժվարությունների են բախվում: Մենք տեղեկություններ ունենք, որ այն տարածքները, որ սեպտեմբերի 19-ից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ դեպքեր ենք արձանագրել, որ հաշմանդամություն ունեցող ու տարեց մարդիկ են մնացել, ովքեր անօգնական վիճակում են և հիմա շատ դժվար է նրանց նույնականացնել կապի բացակայության պատճառով, ինչպես նաև համոզվել, թե նրանք այս պահին անվտանգ են»,- նշեց Հովսեփյանը:

Նա ևս, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին տիրապետում է միայն պաշտոնական տեղեկատվությանը, որտեղ նշված է, թե քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող միայնակ տարեցների վերադարձի և անվտանգ ապահովման հարցը: Իսկ թե իրականում որքանով է ադրբեջանական կողմն ապահովում այդ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը՝ բանախոսն այլ տվյալներ չունի

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ուղեցույց-ստուգացանկ է մշակել՝ Արցախի Հանրապետությունից մարդկանց բռնի տեղահանության դեպքում նպաստելու ՀՀ կառավարության և համապատասխան շահագրգիռ կողմերի աշխատանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930