Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավիր Կարապետյանից հետո «Դավիթ-Բեկ»-ից հանվեց Աշուղի դերերգը

Մարտ 20,2020 12:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 30-ին նախատեսված էր անվանի բաս Բարսեղ Թումանյանի մենահամերգը՝ նվիրված իր ուսուցչին՝ նշանավոր բարիտոն, ժողովրդական արտիստ Արշավիր Կարապետյանին (1929-87թթ.):

Հասկանալի պատճառով այն տեղի չի ունենա:

Արշավիր Կարապետյանի արվեստը ներկայացնելու նպատակով «Առավոտը» դիմեց արվեստաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հեղինակ Սերգեյ Առաքելյանին, որը մտերիմ է եղել երգչի հետ:

«Արշավիր Կարապետյանը ոչ միայն Երեւանի կամ Խորհրդային Միության, այլեւ աշխարհի լավագույն օպերաների նշանավոր մեներգիչների անվանացանկում իր հաստատուն տեղն ուներ:

Ստեղծագործական կյանքը բուռն էր, բայց, ցավոք, այն կարճ տեւեց՝ շուրջ 30 տարի:

«Ռիգոլետտո».  Ջիլդա- Ս. Դավթյան, Ռիգոլետտո- Ա. Կարապետյան

Նրա դերերգերից եւ ոչ մեկը չի կարելի առանձնացնել, քանի որ դրանք, միանշանակ, բարձրարվեստ էին: Այս պահին խոսում եմ եւ աչքիս առջեւ ժապավենի նման անցնում են Արշավիրի Մոսին, Աշուղը (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ-Բեկ» օպերաներում), Օնեգինը, Ելեցկին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա»), Էսկամիլիոն (Բիզե՝ «Կարմեն»), Դեւը (Ռուբինշտեյնի «Դեւ»), Ֆիլիպը, Ժերմոնը, Ամոնասրոն (Վերդիի «Դոն Կառլոս», «Տրավիատա», «Աիդա») եւ էլի մի քանի դերերգեր: Ընդ որում, երգչի փայլուն կատարումները միայն իր հաջողությունները չէին, այլեւ համարվում էին մեր թատրոնի նշանակալից ձեռքբերումները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հավելեց նաեւ, որ արվեստագետը Երեւանի կոնսերվատորիայում Թամարա Շահնազարյանի մոտ ուսանելուց հետո, առաջին հայաստանցի օպերային երգիչն էր, որը կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չիչիլիա» ակադեմիայում:

«Տրավիատտա»- Ժերմոն, «Դավիթ-Բեկ»-Աշուղ

Պարոն Առաքելյանը զրույցի ընթացքում նշեց մեր օպերային արվեստի երկու երեւելիների՝ Գոհար Գասպարյանի եւ Պավել Լիսիցյանի գնահատականը Արշավիր Կարապետյանին՝ «Արշավիրի հետ մշտապես սիրով եմ բեմ բարձրացել, բայց իմ սիրելի Արշավիրից հետո իմ Ջիլդան ու Վիոլետը այդպես չսիրեցին մեկ այլ Ռիգոլետոյի ու Ժերմոնի: Նա որպես խաղընկեր ստեղծում էր դիպուկ ու համոզիչ դերապատկերներ: Իսկ Լիսիցյանը «Եվգենի Օնեգինի» պրեմիերայից հետո, ի դեպ, մոսկվաբնակ երգիչը հնարավորինս բաց չէր թողնում Երեւանի թատրոնի ոչ մի պրեմիերա, Արշավիրին ասաց՝ ես կրկին համոզվեցի, որ քո տեղն իրոք Մեծ թատրոնն է, հարկավոր է մտածել այդ մասին, այդպես չէ՞…»: Մեր զրուցակիցը մի փաստ էլ բերեց, ինչին առաջին հայացքից դժվար է հավատալ. «Արշավիրի մեկնաբանմամբ Աշուղի դերերգը «Դավիթ-Բեկում» համարվում էր ներկայացման կենտրոնաձիգ դրվագներից մեկը: Ասել, որ 1950-ականների սկզբներին այդ դերերգով Արշավիրը փայլում էր, քիչ է: Ընդամենը մեկ փաստ. տարիներ անց՝ Արշավիր Կարապետյանից հետո, երբ մեկ այլ ռեժիսոր սեփական ընթերցմամբ բեմադրում է «Դավիթ-Բեկը», այդպես էլ չի գտնվում Աշուղի դերերգի կատարող, եւ ռեժիսորը գտնում է դրա լուծումը՝ դերերգը պարզապես հանում է…»:

«Դոն Կառլոս». Կառլոս- Ս. Դանիելյան, Ռոդրիգո- Ա. Կարապետյան

Զրույցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը նշելով, որ այսօր էլ ունենք հիանալի երգիչներ, խնդրեց հոդվածից չսպրդի հետեւյալը. «Թատրոնում բոլորը, կրկնում եմ՝ բոլորը, մոտ ու մտերիմ էին Արշավիրի հետ, պաշտում էին նրան, ախր ծայրաստիճան բարի էր, կշռադատված, հարգանքով լցված դեպի փոքրից  մեծ: Պետք էր տեսնել, թե մանկանը հատուկ անկեղծությամբ ինչպես էր ուրախանում գործընկերների հաջողություններով: Սա, կարծում եմ, կարեւոր հանգամանք է թատրոնի ընդհանուր մթնոլորտի համար»:

«Պիկովայա դամա». Ելեցկի-Ա.Կարապետյան, Տոմսկի- Ս. Դավթյան
«Եվգենի Օնեգին». Օլգա- Օ. Գաբայան, Օնեգին- Ա. Կարապետյան

Շարունակելով խոսել երգչի մարդկային բարձր որակների մասին, պարոն Առաքելյանը հիշեց իր հետ կատարվածը. «Աշխատում էի կոմեդիայի թատրոնում եւ մի օր Արշավիրն ասաց՝ Սերգեյ, գնանք Տիգրան Նալբանդյանի մոտ, թող քեզ լսի, հետաքրքիր է նրա կարծիքը: Իսկ Նալբանդյանը մեծատաղանդ երգիչ էր ու վոկալի դասատու: Մեծ դժվարությամբ համաձայնեցի, սկզբում չէի համարձակվում, իսկ թե հետո ինչ եղավ, դա, ինչպես ասում են՝ այլ օպերայից է… Ուզում եմ ասել, որ կյանքիս երանելի օրերն էին՝ ունենալ նման ընկեր, գործընկեր…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031