Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպորտում դժվարությունները շատ են, բայց եթե չեմպիոն դառնալու նպատակ ունես, դրանք հաղթահարում ես»

Փետրվար 02,2024 12:30

Հարցազրույց WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն Սարգիս Մելքումյանի հետ

1998թ.-ին Սյունիքի մազի  Դավիթ Բեկ գյուղում ծնված Սարգիսը, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, այսօր հանդիսանում է «Մելքումյան» թիմի հիմնադիր, վերջերս առաջին անգամ Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում կայացել է «Սարգիս Մելքումյանի» անվան քիքբոքսինգի  մրցաշար: Պատերազմից հետո, հայրենի գյուղում եւ հարեւան Արծվանիկում նա սկսեց զարգացնել քիքբոքսինգը։ Հենց սա էլ մայրաքաղաքից հայրենի գյուղ վերադառնալու պատճառ դարձավ երիտասարդ մարզչի համար։ Նա սովորել է գյուղի՝ Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է բուհ, կիսատ թողնելով  ուսումը՝ 2017թ. հունվարին մեկնել  ծառայության ՀՀ Զինված ուժեր: 2019թ.-ին զորացրվելուց հետո շարունակել է ուսումը եւ ավարտել Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը: Սարգիսը սիրով զրուցեց մեզ հետ:

– Սարգիս, ինչպե՞ս սկսեցիք ձեր «ճանապարհորդությունը»  սպորտում:

– Ծառայությունից հետո որոշեցի զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձեւով՝ Երեւան քաղաքում անցկացնելով 3 մենամարտ, որոնցից 2-ը՝ հաղթանակով: 2022թ. հոկտեմբերի 17-ին ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել եմ մարտեր առանց կանոնների մրցաշարի եւ հաղթել բրազիլիացի մարզիկի: Քայլ առ քայլ մոտեցա հենց այն սկզբնակետին, որտեղ ուզում էի կանգնել եւ սկսել ճանապարհորդությունը…

– Ինչո՞ւ հենց մարտեր առանց կանոնների, եւ ո՞րն է այդ սպորտաձեւի ձեր ամենասիրելի կողմը:

– Մանկուց սիրել եմ, սակայն, չնայած այդ սպորտաձեւը Կապան քաղաքում չկար եւ հնարավորություն չի եղել մարզվելու: Ամենաշատը սիրում եմ, երբ չկան կանոններ ու ամեն  հնարք կարող ես օգտագործել: Սպորտաձեւի մեջ կան նաեւ մի քանի մարզաձեւեր, այսինքն՝ բոքս, քիքբոքս, ըմբշամարտ, բոլորն էլ կարող ես օգտագործել:

– Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները եւ ձգտում հաջողության:

– Սպորտում դժվարություններ շատ կան, հատկապես, երբ չեն գնահատում, սակայն, եթե ունես նպատակ դառնալու չեմպիոն, ամեն ինչ ժամանակի ընթացքում կարողանում ես հաղթահարել: Երբեք չեմ խուսափել դժվարություններից եւ դրանք ինձ չեն ստիպել հրաժարվելու, հակառակը՝ ավելի առաջ են մղել:

– Ձեր կարիերայի ո՞ր իրադարձությունն եք համարում ամենանշանակալին:

– Դեկտեմբերի 23-ին Դավիթ Բեկ գյուղում իմ կազմակերպած 1-ին միջազգային մրցաշարը՝ MMA եւ K1-ը: Չեմպիոնական գոտի նվաճելու համար պայքարում էին Ստեփանավանի, Կապանի, Դավիթ Բեկի, հարեւան Արծվանիկի ու Արցախից տեղահանված մարզիկները։ Մեր Դավիթ Բեկ գյուղից 4 չեմպիոնական գոտի նվաճեցին, 12 մարզիկ առաջին ու 9 մարզիկ երկրորդ տեղը գրավեցին։

– Ինչպես որոշեցիք միջազգային մրցույթ կազմակերպել:

– Քանի որ հենց Դավիթ Բեկ ու Արծվանիկ գյուղերում եմ պարապմունքներ անց կացնում երեխաների հետ, որոշեցի կազմակերպել հենց իրենց գյուղում՝ իրենց մարզման դահլիճում, եւ իրենց հարազատների ներկայությամբ: Քանի որ շատերը առաջին անգամ էին մասնակցում, նպատակ ունեի ոգեւորելու եւ թույլ տալու  արդարացնեն իրենց ուժերը հարազատների մոտ: Այս մրցումների նպատակն էր նաեւ, որ ավելի պատրաստ լինեն իրենց ուժերը փորձելու ուրիշ քաղաքում կամ ուրիշ երկրում: Բացի դրանից, մրցաշարը խթան է, որ երեխաները սպորտով զբաղվեն, լինեն ֆիզիկապես ուժեղ, կոփված։

– Բուհ ընդունվելուց հետո հաստատվել էիք Երեւանում, ի՞նչ գործունեություն եք ծավալել հենց Երեւանում:

– Երեւանում Կարեն Հակոբյանի գովազդային կազմակերպությունում աշխատել եմ որպես սպորտային բլոգեր եւ Կապան վերադառնալով՝ միասին բացել ենք «Մելքումյան» թիմը՝ Դավիթ Բեկ եւ Արծվանիկ գյուղերում՝ քիքբոքսինգ զարգացնելու նպատակով: Ուզում եմ նշել, որ ինձ առաջինը աջակցում եւ կազմակերպում է իմ բոլոր մրցումները Կարեն Հակոբյանը: Մաքսիմի հետ բացել ենք թիմը իմ անունով՝ իր աջակցությամբ, քանի որ բոլոր ֆինանսական ծախսերը հոգում է նա:

– Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք հայրենի գյուղ:

– Տեղափոխվեցի հայրենի գյուղ, քանի որ սահմանամերձ գյուղ է, ու ես էլ իմ մաշկի վրա զգացել եմ շատ բաներ, փոքր տարիքում չեմ կարողացել առաջ գնալ սպորտում, քանի որ գյուղում մարզիչ չի եղել, դրա համար Կարեն Հակոբյանի հետ միասին որոշեցինք իմ ծննդավայրում զարգացնել այս մարզաձեւը, որպեսզի երեխաները չզգան այն, ինչ զգացել եմ ես երեխա ժամանակ: Շատ կարեւոր է աջակցել երեխաներին եւ օգնել, որպեսզի կարողանան ճանաչել իրենց թե՛ ֆիզիկական ուժերին, թե՛ մտավոր կարողություններին:

– Հունվարի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով մրցաշարում դարձաք Եվրոպայի չեմպիոն, նպատա՞կ էիր դրել անպայման հաղթել չեչեն մարզիկին:

– Այո՛, ինձ համար նպատակ էր՝ հաղթել, հաղթեցի: Ամենակարեւորը ինձ համար պատիվ եւ պատասխանատվություն էր բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը՝ օտար երկրում:

– Ի՞նչ տվեց ձեզ այդ մրցաշարը:

– Հասնել այն սանդղակին, որը ինձ հնարավորություն կտա ամբողջ աշխարհում բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը: Ի սկզբանե դա է եղել իմ նպատակը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նոր են սկսում զբաղվել սպորտով:

– Նրանք, ովքեր ցանկացած ոլորտում ձգտում ունեն, ժամանակի ընթացքում հասնում են իրենց նպատակներին: Երբեք պետք չէ հուսահատվել, քանի որ այդ ճանապարհին դեռ շատ դժվարությունների կբախվեք, պետք է միայն պայքարել ու հասնել ձեր բոլոր նպատակներին…

Զրույցը՝

Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829