Լրահոս
Օրվա լրահոսը

Կրել դիմակ, տարածքն ախտահանել, հիվանդ աշխատողներին աշխատանքի չկանչել. պահանջներ՝ գործատուներին

Մարտ 21,2020 20:16 Share

«Մեդիա կենտրոնի» առցանց մամուլի ասուլիսում այսօր ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց այն ուղեցույցը, որը տեսչական մարմինը ներկայացրել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին, նա էլ հրապարակել է դրանք: Հարությունյանի փոխանցմամբ՝ ուղեցույցում մասնավորապես ամրագրված է (մեջբերումները՝ մասնակի):

-Կազմակերպություններն իրենց աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է ապահովեն պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար, պետք է ապահովեն ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

-Կազմակերպությունները յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը պետք է չափեն օրական նվազագույնը երկու անգամ, իսկ առնվազն երկու անգամ սահմանված ժամերի պետք է ախտահանեն տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

-Ախտահանման համար պետք է կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

-Պետք է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը եւ սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները, հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշներն ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։

-Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում պետք է անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում պետք է զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում՝ անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

 

Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ տեսչական մարմինն այս ուղեցույցն ավելի քան 250 կազմակերպությունների է ուղարկել, նաեւ՝ հ/կ-ներին, արհեստագործական միություններին, եւ ցուցումները խախտողները պատասխանատվության կենթարկվեն. «Խանութներում սպասարկողներն անպայման պետք է կրեն դիմակներ, նման պահանջ կա, եւ մեկ մետր հեռավորություն պահպանեն հաճախորդներից: Տեսչական մարմինը շատ զանգեր է ստանում: Մարդիկ անհանգստացած են, շատ հարցերով են դիմում, մենք էլ խորհրդատվություն ենք տալիս, նաեւ՝ վարչական վարույթներ հարուցում»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031