«Ադրբեջանի ո՞ր պայմաններն ենք բավարարում, կասե՞ք։ Մեր Սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարցին՝ նա ասաց. «Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ, եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է կանոնները պահես, որպեսզի չընկնես, գլուխդ չջարդես։ Ժողովուրդ, լա՞վ չէ, որ ՀՀ-ն որեւիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, վա՞տ է դա։ Այո, ՀՀ գործող իշխանությունը՝ ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, եւ, այո, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են: Եվ, այո, 2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին»։
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը՝ դրանով ապահովագրելով Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ ինքնիշխանությունը կորցնելուց։ «Ով Պրահայի մասին խոսում է բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նաեւ լրագրողներին հարցրեց. «Ուզում եմ հարցնել, իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, ինձ զուտ հետաքրքիր է։ Ինչո՞ւ եք այդ դեպքում վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, Սևանին ինչ-որ տեղ ինչ-որ այլ անվանում են տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում։ Ինչո՞ւ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք, բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մարդ կարող է Երևանին ասի՝ Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասի։ Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է, և՞, բա ինչո՞ւ եք ուրիշ անուն տալիս»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ու արցախցի կնոջ միջեւ մետրոյում տեղի ունեցած վեճին։
«Իսկ էն բուլինգը, որն իրականացվում է իմ ու վարչապետի ընտանիքների նկատմամբ, չեք նկատո՞ւմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































