Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Բաղդասարյան. «37 թիվը չի… մարդն ինչքան շնորհք չունի, այնքան կեղտը շատ է»

Մարտ 24,2020 14:18

Թեեւ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, եւ մարդիկ մտահոգված են, թե ինչպես պետք է հաղթահարվի կորոնավիրուսը մեր երկրում, կինոգործիչների մի փոքր խումբ «պայքարում» է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ, կառույցի վերաբերյալ մեղադրագրեր ուղարկում տարբեր պաշտոնյաների ու գրառումներ անում այդ մասին ֆեյսբուքում: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության վարչության անդամ Էդգար Բաղդասարյանի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս պայմաններում Հայաստանի ազգային կինոկենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես դրան վերաբերվում եմ ոչ թե զուտ որպես կինոյի մարդ, այլ որպես քաղաքացի եւ հայ, որն ապրում է մի երկրում եւ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում; Իսկ կինոն չի կարող առանձնացած լինել այն միջավայրից, որտեղ «խոսում» են մեր կյանքում առկա բոլոր դեֆեկտները… Կարծում եմ, որ սա իներցիայի խնդիր է, կինոկենտրոնի շուրջ աղմուկն էլ անիմաստ եւ անտեղի եմ համարում:

Այս պահին մենք փորձում ենք ճգնաժամից դուրս գալ, մեխանիզմներ գտնել, ինստիտուցիոնալություն մտցնել, բայց երբ անձնական շահի խնդիրներ են արծարծվում, իրականությունն ավելի տխուր է դառնում: Ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ, որ ցավոք անձնական շահը մնում է գերիշխող…Յուրաքանչյուր հեղափոխություն ջրի երես է հանում երեւույթներ, որոնք ես անվանում եմ բոլշեւիզմ, բոլշեւիստական երեւույթներ, որոնք ստիպված ենք հաղթահարել: Իսկ այսօրվա կինոկենտրոնին սատարել է պետք, քանի որ այն փոխվում է, բազմաթիվ դրական փոփոխություններ կան, որոնք նպաստում են, որ ավելի պարզ դառնան խաղի կանոնները»,-ասաց կինոռեժիսորը:

Նաեւ շեշտեց, որ չի ցանկանա տպավորություն ստեղծվի, թե իր նախագիծն անցել է, դրա համար է պաշտպանում կինոկենտրոնին, մանավանդ որ նախորդ անգամ ինքն էլ է մերժվել, սակայն դրանից ողբերգություն չի սարքել եւ աղմուկ-աղաղակ չի բարձրացրել: Էդգար Բաղդասարյանը շեշտում է, որ աշխարհում չկա կատարյալ օբյեկտիվություն. «Ֆրանսիացիները չեն էլ ուղարկում պատասխանները, կարծիքներ կամ գրախոսականներ, մենք ուղարկում ենք, ես էլ եմ ստացել… Տարօրինակ բաներ մեջը կայի՞ն, անշուշտ կային, բայց ես չեմ կարող մեղադրել կինոկենտրոնին, որն ընդամենը գործառույթի կազմակերպիչն է: Մենք պետք է կարողանանք այս ամենի հետ համակերպվել… Այո, ինձ էլ հեշտ կլիներ, եթե եղբայրս կամ հայրս այդտեղ նստած լինեին ու անընդհատ ֆիլմ տային, մի բան, որին առնչվել ենք: Ամենաբարձր ատյաններում նստած նախարարները զանգերով-մանգերով սրան-նրան ֆիլմ էին տալիս: Չնայած ես երբեւիցե «ատկատ», «կաշառք» չեմ տվել որեւէ իշխանության օրոք, ոչ էլ խնդրել եմ ինչ-որ մեկին, որովհետեւ գտել եմ, որ դա անարդարացի է:

Բայց այս իրավիճակում չնկատել դրական փոփոխությունները, որոնք փորձում է անել կինոկենտրոնը, չի կարելի: Ամեն ինչ նորմա՞լ է, իհարկե ոչ: Բայց ո՞ր բնագավառում է կատարյալ, ինչպե՞ս կարող ես պահանջել, որ այնտեղ ամեն ինչ իդեալական լինի: Մենք իդեալակա՞ն ենք, որ մնացածն իդեալական լինի: Բայց դա անձնական բաների վերածելը եւ զուգարանի թղթի վրա, սա արդեն ուրիշ տիրույթ է, ես նման բաներին չեմ կարող պատասխանել: Այո, մենք պետք է գնանք առաջ, սատարենք, օգնենք կինոկենտրոնին, որ կայանա այդ ինստիտուտը, մանավանդ այն կայացման գործընթացում է, եւ այնտեղ աշխատող մարդիկ դա անում են»:

Քանի որ Էդգար Բաղդասարյանը նախկին եւ ներկա կինոկենտրոնների միջեւ զուգահեռ անցկացրեց, ճշտող հարց տվինք՝ արդյոք պնդո՞ւմ է, որ նախկինում «ատկատներ» են եղել: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ պնդում, որ «ատկատներ» են եղել: Անձամբ ես չեմ տվել որեւէ «ատկատ», «կաշառք», աշխատել եմ հեռու լինել ինտրիգներից, որովհետեւ կարծում եմ, որ մեր գործը կինո նկարելն է, հայկական կինոն աշխարհում պատշաճ ներկայացնելը: Շատ ծանր տարիներ են եղել, եւ մարդիկ, որոնք եկել-գնացել են, նրանցից ամեն մեկը քիչ թե շատ լումա ունի, մենք չենք կարող ամեն ինչ ջնջել-գցել մի կողմ: Բնականաբար ամեն ինչ եղել է, բայց ես ՉԵՄ ՏՎԵԼ ոչ մի կոպեկ… Բոլորս ֆեոդալական երկրում ենք ապրել, Քոչարյանի ժամանակից սկսած մինչեւ այսօր ապրում ենք ֆեոդալական երկրում, ֆեոդալի հրամաններով: Այս ամենը փոխելը շատ բարդ է: Ես ինքս հեղափոխական մարդ եմ, ողջունում եմ յուրաքանչյուր հեղափոխություն հիմնականում մշակութային տիրույթում, եթե դա հեղափոխություն է, ոչ թե դեկլարատիվ ապուշություն, որը ներկայացվում է որպես հեղափոխություն:

Ես չեմ ընդունում, երբ հարցերը բերում են անձնական տիրույթ, դիմում ինչ-ինչ բաների, դա ամենատգեղ բանն է: Ես չեմ ուզում շատ խորանալ եւ հիշեցնել, թե 1937թ ինչեր են կատարվել… այս կոչերը, ահազանգեր, կլյաուզիայի հոսքը զզվելի է ինձ համար, ռեժիսորը պետք է նստի սցենար գրի, ոչ թե աջ ու ձախ նամակներ շփացնի»:

Դիտարկմանը, որ կինոկենտրոնի դեմ բողոքողներից կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գործերը դատախազությունում են, բայց նա աջակցություն է ստացել եւ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեւակերպմամբ, տապալած կինոնախագիծը վերածել սերիալի, որը ցուցադրվում է Հ1-ով, Էդգար Բաղդասարյանը պատասխանեց. «Թող նկարի, ռեժիսորի գործը նկարելն, է իսկ մեղավորը կպատժվի, անմեղը կարդարացվի, ամեն ինչ դուրս կգա ջրի երես: Ամենաճիշտ պարզելու ձեւը եւ պատիվ ու օրինականություն պահանջելու, դատական պրոցեսն է, թե չէ անհասկանալի է աջուձախ խոսելը ու նամակներ ուղարկելը»:

Մեր հարցին, երբ կինոռեժիսորի հայտը մերժվում է, կյանքն ավարտվո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի կարելի կոտորակով (дробь) տալ-փշրել ամեն ինչ: Նրա խոսքով. «Կինոյի դաշտը վատն է, էգոմանյակներ կան, ու ինչքան մարդը շնորհք չունի, այնքան իր կեղտը շատ է, հավակնություններ ունի, տաղանդ ու շնորհք չունի, բայց «իշխանություն» է ուզում»:

Արդյոք հեղափոխության ալիքի վրա եկած ազատությունը շատերը չե՞ն ընկալում իբրեւ ամենաթողության հնարավորություն, այս հարցին էլ Էդգար Բաղդասարյանը պատասխանում է, որ արդեն երեսուն տարի մարդիկ այդպես են վարվում. «Ես չեմ կարծում, որ իրենք երեսուն տարի ազատությունից զրկված են եղել, ծիծաղելի է, եթե մի արվեստագետ ասի՝ ես երեսուն տարի զրկված եմ եղել, իսկ հիմա ազատագրված եմ եւ լավ կինո կնկարեմ: Դա նույնն է, թե ասեն՝ մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին մեկ միլիոն տան, իրենք լավ կխաղան, եթե այդպես լինի, ես իմ անունը կփոխեմ… Մարդ ինչ կարող է, անում է՝ թե մեկ դոլարով, թե մեկ միլիոնով, հակառակ դեպքում դու արհեստավոր ես, ոչ թե արվեստագետ…Ինչ ուզում է խոսես, գրես, ֆեյսբուքում ելույթ ունենաս, հազար հոգի ասեն, դու վերջն ես, միեւնույն է, էկրանը ցույց է տալիս ՝ ով ով է»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Բեռլինի կինոշուկայի վերաբերյալ Հայաստանի ներկայությանը, որը նույնպես ոմանց կողմից քննադատության է արժանացել:

Էդգար Բաղդասարյանն ասաց, որ Բեռլինում իրենք բանակցել են, օրինակ` գերմանական, բուլղարական, լեհական, ուկրաինական եւ ֆրանսիական ընկերությունների հետ: Վերջինս Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» դեբյուտային ֆիլմը ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել: «Իրենց Կանն գնալն էր անիմաստ, ոչ թե մեր, ընդ որում ես գնացել եմ իմ հաշվին, մենք գնացել էինք պայմանագրեր ստորագրելու, ոչ թե ման գալու, պատահաբար մեկին «կպցնելու»: Իմ լիամետրաժ ֆիլմի բանակցությունները եւս գործնական փուլում են»,-ասաց նա:

Ի դեպ, Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի ամենամյա «Նիկա» կինոմրցանակաբաշխության «շորթ լիստում»՝ «ԱՊՀ, Վրաստան եւ Բալթյան երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում»:

Հիշեցնենք նաեւ, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ էր ներկայացել առանձին տաղավարով, կինոշուկային էլ մասնակցել է 20 հայ ռեժիսոր ու 15 պրոդյուսեր, ընդհանուր առմամբ ներկայացվել 50 հայկական կինոնախագիծ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031