Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեշտակների քաղաքի «COVID-19»-ը

Ապրիլ 04,2020 12:00

Ծնունդով գյումրեցի, բանաստեղծ Դավիթ Դանիելը տասնյոթ գրքերի հեղինակ է` «Սիրո ուղեծիր», որը  1980թ. արգելվել էր, «Ընտրանի (Դղյակներ, որ էլ իմը չեն)», «Նոյյան Ճանապարհ», «Ցպահանջ Նոյյան Ճանապարհ», «Երկնային Հաշվետվություն», որը նվիրվել է մեկ տարի առաջ անժամանակ մահացած կնոջը: Զրուցակիցս ԱՄՆ է տեղափոխվել հինգ տարի առաջ:

Աստված իմ, Դու մեր կյանքի շունչն ես անսահման

Դու ժպտում ես հավետենության շնչով կապույտից

Անտանելի անձրեւի, փոթորիկի ու ցուրտ օրերին

Մեզ ամուր պահեք, երբ դու սիրում ես մեզ աջովդ

Հեռացումի ցնորք չմնաց համաճարակի ափերի մեջ…

Անկախ ամեն ինչից վաղվա ապրելու հույս կա, թե չկա:

Մենք կարող ենք լավագույն հրեշտակները լինել Քո մեջ

Անմեղ գալիս ենք այնտեղ, երբ լսում ենք կանչիդ ձայնը

Եվ փռվում ենք եդեմական նորատունկ ցորենի դաշտում…

– Դանիել, դուք ակտիվ ստեղծագործական կյանքով եք ապրում ԱՄՆ-ում: Միայն ձեր «COVID-19» բանաստեղծությունն է, որ հուշում է, որ դուք անմասն չեք վիրուսի մարտահրավերներից: Ինչպե՞ս եք դիմագրավում նոր փորձությանը: Երեկ կեսգիշերին տեղեկացանք, որ ԱՄՆ-ն հատեց նոր կորոնավիրուսով վարակվածների 200.000-ի շեմը, երբ ժամեր առաջ` երեկոյան  թիվը 166.000-ից պակաս էր:

– Ես կարող եմ ասել, որ մինչեւ իմ ծննդյան օրը` մարտի 12-ին հայտարարվեց, որ փակվում են դպրոցները, ուսումնական հաստատությունները, փոքր սննդի սպասարկման կետերը, մարզադահլիճները: Երեխաների դասերն օնլայն են եւ որոշակի մարդիկ կարող են տնից աշխատել: Հիմնական պահանջն այն է, որ երեխաներին չթողնեն մեծերի` մինչեւ 65 տարեկանների մոտ:

Իմ հոբելյանական տարվան` ես եւ հյուրերս մարտի 14-ին հասցրեցինք հավաքվել ռեստորանում, նշել իմ ծնունդը:

Առավոտյան նահանգապետն ու քաղաքագլուխը հայտարարեցին, որ մնանք տներում տասնչորս օր: Այդ պահի դրությամբ քաղաքում վարակվածների թիվը 94 էր, մահ չկար, իսկ TV-ները ցույց էին տալիս խանութներում հերթերը, այն շարքերը, որտեղ հիմնականում ջուր է տեղադրված ու դարակները` անձեռոցիկների ու պետքարանի թղթերի, որոնք դատարկ են, ինչ-որ մարդիկ էլ սնունդ են առնում: Ես ներս չեմ մտել սուպերմարկետ` մտածելով, որ վարակակիրներից ոչ ձեռնոցները, ոչ էլ շնչառական դիմակները չեն փրկի: Հավանաբար ճիշտ էի:

– Ինչպես ես շփվում ամերիկահայ գրական աշխարհի հետ:

– Գրական աշխարհի հետ շփվում եմ հիմնականում  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով,  հեռակապով. Վարդգես Դավթյանի, Հայկուշ Նազինյանի, Վարդուհի Մաֆյանի. վերջինս համադպրոցական է եւ միասին ենք միջնակարգն ավարտել 1968 թվին, Անահիտ Երիցյանի, Մարգարիտ Դերենցի, Նունե Ավետիսյանի, թեմի հոգեւոր առաջնորդ տեր Հովնանի հետ:

– Այդտեղ ինչպե՞ս է կազմակերպվում բուժաշխատանքը:

– «Ամեն օր այդ թվերի մասին տեղեկացնելը կործանարար է: Ես գիտեմ, որ դա ավելի կործանիչ է այն ընտանիքի եւ ընկերների համար, ովքեր զգացել են այս ահռելի կորուստը»,  չորեքշաբթի օրը խոստովանեց Լոս Անջելեսի շրջանային առողջության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերը:

Այդ տասնչորս օրվա ընթացքում սահմանել են սուպերմարկետներից գնումներ կատարելու սահմանափակ ժամերը. առավոտ 9-ից մինչեւ 10-ն անց 30` տարեցների համար: Ըստ «Լոս Անջելես, Կալիֆոռնիա»-ի,  ընդամենը երկու օրվա ընթացքում Լոս Անջելեսում կորոնավիրուսային դեպքերը աճել են ավելի քան 1000-ով, գրեթե երկու տասնյակից ավելի մարդ մահացել:

Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջության վարչությունից հայտնեցին, որ չորեքշաբթի կան լրացուցիչ 513 կորոնավիրուսային դեպքեր` այդ շրջանի ընդհանուր թիվը հասցնելով 3518-ի:

– Արդյո՞ք այդտեղի ՄՆԱԼ ՏԱՆԸ նման է հայաստանյան ՄՆԱ  ՏԱՆԸ հորդորին:

– Տպավորությունս այն է, որ իշխանությունը պատրաստ չէ համաճարակին: Խնդիրը միայն շնչառական ապարատինը չէր, խնդիրը թեստավորման արժեքն էր, որոնք ապահովագրությունները չեն փակում: Անշուշտ, կա նաեւ մարդկանց մեղքի բաժինը. նրանք չպահպանեցին մեկուսացման կանոնները, գնում են այգիներ, ծովի ափեր: Չեն ախտահանում տները, շենքերը ու փողոցները:

– Դանիել, ինչպե՞ս են քաղաքային իշխանությունները համակարգում, շփվում քաղաքացիների հետ, Հայաստանում պարետն ու պարետատունն են համակարգում, ձեզ մոտ ինչպե՞ս է, արդյոք դեսպանատունը, եկեղեցին, համայնքը լրացուցիչ քայլեր անո՞ւմ են:

– Իշխանությունը մեզ հետ շփվում է հեռատեսիլով: Նախագահի բրիֆինգից հետո, նահանգապետը ելույթ է ունենում, տեղեկացնում` ինչ անել, հանդես է գալիս Լոս Անջելեսի քաղաքագլուխը:

Նրանք հորդորում են 65 եւ ավելի տարիք ունեցողներին, ինչպես նաեւ խրոնիկական հիվանդներին, մեկուսանալ տանը: Տեղի բուժաշխատողները կոչ են անում ձեռք բերել դիմակներ:

Լոսում ապրում են հայեր, ովքեր հիմնականում «Փոքր Հայաստան» Հոլիվուդում են: Համայնք, որպես այդպիսին, չեմ զգացել. ամեն մեկն իր համախոհներով հայություն է ներկայացնում: Հիմնականում հոգեւոր աշխարհի մարդկանց շուրջ է համախմբված հայությունը:

Դեմքս, բերանս փակ դուրս եմ գալիս աղբ թափելու: Շենքի տակ ձեռնոցների տուփեր են,  բժշկական անձեռոցիկներ,  ձեռքերի մաքրման  միջոցներ: Նշեմ, որ երեք ամսվա դեղերս են բերել՝ խոլեստերինի, ճնշման ու շաքարի դեմ:

Զրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Կարևորը այս նյութի այն էր , որ “․․․ես եւ հյուրերս մարտի 14-ին հասցրեցինք հավաքվել ռեստորանում, նշել իմ ծնունդը”:
    Դեհ լավ էր։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930