Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեց հացամթերքի թանկացման մասին: Ըստ նրա, հացամթերքի թանկացումը միանգամից աղմուկ է բարձրացնում, ուստի եթե տնտեսվարողներն իմանան, որ ամեն պահի կարող է պատժվեն, ախորժակը կզսպեն:

Գեւորգյանն ասաց, որ պատգամավորները երբեմն հանձնաժողովին դիմում են այնպիսի հարցերով, որոնցով ընդհանրապես որեւէ գործառույթ չունեն իրականացնելու. «Իսկ մենք, հենց դուք դիմում եք, պարտավոր ենք իրականացնել: Ստիպված իմբիրի մասով պաշտոնական գործընթաց է: Արդյունքում գիտե՞ք ինչ է եղել՝ ներմուծողները գինը չեն թանկացրել, «Զովքի», բոլորի ինվոյսն ունենք, իրենք թանկով առել, թանկով վաճառում են: Գնացել գտել ենք: Մեկը 200 կգ առած ընկերություն է, մեկը՝ Մեյմանդարի շուկան, մարդուն անհատացրել, գտել ենք: Հիմա գիտե՞ք ինչ են ուզում անենք, գտնենք, թե այդ մարդը էլ ի՞նչ ցիտրուսային մրգեր է առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք, որովհետեւ երկու ամիս ժամանակ եմ ծախսել, որ ես դա գտնեմ: Բայց Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ: Կամ էն 5000 դրամանոց պուճուր լոլիկը, ես ավելի քան վստահ եմ, որ նրանց 99 տոկոսը երբեք դա չի կերել ու ցույց են տալիս: Նազրվան վարունգը մարտ ամսին ամենապիկ գինն է, ժողովուրդ ջան, ձեզանից քանի՞սն են մարտի վերջին նազրվան վարունգ ուտում, սկի սեզոնին չեն ուտում»:
Կարդացեք նաև
Գեղամ Գեւորգյանն ասաց, որ ընդունում է, մարդիկ փող չունեն, մեկը տաքսու վարորդ է աշխատել, մեկը՝ վարսավիր ու հիմա նեղված է, բայց երբ ամեն ձեւ փորձում են իրեն ցույց տալ, որ հանձնաժողովը չի աշխատում, դա բերում է մի հատ խնդրի, որ հարց է առաջանում՝ կանգնենք ասենք՝ մի հատ օրենսգիրքը բացեք, տեսեք, բոլորը աղաղակում են, որ սպիրտը թանկացել է, լո՞ւրջ, սպիրտը թանկացե՞լ է, մի հատ բացեք Հարկային օրենսգիրքը, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից, ուժի մեջ է մտել հունվարի 1-ով, եթե ես սխալ կասեմ՝ կարող եմ հենց հիմա էլ դիմումս գրեմ՝ դուրս գամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































