Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակները՝ պատնեշ կորոնավիրուսի «լուռ» տարածման դեմ

Հունիս 07,2020 23:00

Կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում դիմակների արդյունավետության մասին վեճերը չեն դադարում, սակայն որոշ երկրների օրինակը ցույց է տալիս, որ դիմակներ կրելու պահանջը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն կանխել վիրուսի տարածումը։ ԱՄՆ-ից ու Թայվանից գիտնականների խումբը հետազոտություն է հրապարակել, որում դիմակ կրելու անհրաժեշտությունը բացատրվում է այն մասնիկների բնույթով, որոնք փոխանցում են վիրուսը։

BBC լրատվական գործակալությունը թարգմանաբար ներկայացրել է Science ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակները հիշեցնում են, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերահսկումն ավանդաբար ենթադրում էր հասարակությունից մեկուսացում այն վարակակիր հիվանդների, որոնք ակնհայտորեն հազում կամ փռշտում էին։

Սակայն Կովիդ-19-ի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ վարակակիրների մոտ երկար ժամանակով (երբեմն էլ ընդհանրապես) չեն դրսևորվում հիվանդության ակնհայտ ախտանշանները, ընդ որում այդ մարդիկ շարունակում են լինել ակտիվ վարակակիր։ Խոսելիս կամ պարզապես շնչելիս նրանցից արտանետվում են վիրուսներով հագեցած մասնիկներ, որոնք հատկապես փակ տարածքներում երկար ժամանակով կախված են մնում օդում՝ աերոզոլային վիճակում։ Ներշնչելիս այդ «խառնուրդը» կարող է հայտնվել թոքերում՝ վարակի օջախ հարուցելով։

Հոդվածի հեղինակները նշում են, որ շնչառության ժամանակ արտանետվում են խոնավության մասնիկներ, որոնց չափը կարող է տատանվել 0,1 մինչև 1000 միկրոմետրի (միկրոն) սահմանում: Օրինակի համար նշենք, որ  մեկ միլիմետրը պարունակում է 1000 մկմ (տեսանելիության մասին այստեղ խոսելն ավելորդ է)։ Այդ մասնիկների՝ օդում տարածվելու սահմանը կախված է մի շարք գործոններից՝ ձգողականության ուժ, իներցիա, գոլորշիացման արագություն և այլն։

Ավելի խոշոր մասնիկներն արագ նստում են մակերեսների վրա՝ վարակելով դրանք։ Մանր մասնիկները (5 մկմ-ից փոքր) ավելի արագ են գոլորշիանում, բայց և ավելի դյուրին են տարածվում օդում՝ ընդգրկելով մեծ տարածքներ։ 2 ճանապարհն էլ՝ օդային կամ վարակված մակերեսների հետ շփվելը վարակվելու պոտենցիալ ուղի են։

Ինչպես պարզել են գիտնականները, ավելի մեծ վտանգ են ներկայացնում ենթամիկրոնային չափսի մասնիկները, որոնք, շրջանցելով իմունային համակարգը, խորը ներթափանցում են թոքաբշտիկների՝ ալվեոլների մեջ և մի քանի անգամ ավելի արագ են բազմանում։ Այդպիսով մարդը, չկասկածելով, որ վարակված է, ակտիվ վիրուսակիր է հանդիսանում։

Ինչպես ցույց է տվել Չինաստանի օրինակը, հենց այդ «լուռ վիրուսակիրներն» էլ, որոնց մոտ բացակայում էին ախտանշանները, վարակի հետագա տարածման պատճառ դարձան։

Եթե 2003 թ․-ին Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) բռնկման ժամանակ պարզվեց, որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ապա մի շարք երկրներ մինչ այժմ չեն ընդունում, որ SARS-ԿոՎ-2-ի դեպքում (Կովիդ-19-ի հարուցիչը) վարակումը նման սխեմայով է տեղի ունենում։

Նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պահել 2 մետր սոցիալական հեռավորություն, բայց այդ խորհուրդը հիմնված է օդակաթիլային խառնուրդների վերաբերյալ 1930-ական թթ․ անցկացված հետազոտությունների վրա։ Այդ ժամանակ գիտնականներն ապացուցել են, որ հազի կամ փռշտոցի ժամանակ արտանետվող համեմատաբար խոշոր կաթիլները՝ մոտ 100 մկմ չափսի,  բավականին արագ են նստում՝ ձգողականության ուժով պայմանավորված։ Սակայն խնդիրն այն է, որ այդ ժամանակ չկային մեկ միկրոմետրից պակաս մասնիկների բացահայտման համար նախատեսված սարքեր ու մեթոդներ։

Սակայն այսօր մենք գիտենք, որ 100 մկմ չափսի կաթիլները քամու բացակայության պայմաններում 3 մետր բարձրությունից նստում են 5 վայրկյանում, իսկ 1 մկմ չափսի մասնիկը մնում է օդում 12 ժամից ավելի, գրում են հոդվածի հեղինակները։

Այնպես որ ԱՀԿ-ի՝ 2 մետր հեռավորություն պահպանելու մասին խորհուրդը կարող է հարմար չլինել մարդաշատ տարածքների դեպքում, որտեղ օդակաթիլային խառնուրդը կարող է օդում մնալ ժամերով, կուտակվել ու տարածվել օդային հոսանքների միջոցով (հիշեք, թե ինչպես է փչում օդորակիչը ձեր գրասենյակում) շատ ավելի հեռու, քան 2 մետրն է։

Բաց տարածքների դեպքում էլ առկա են բազմաթիվ գործոններ։ Մի կողմից, թվում է, թե վիրուսային խտությունը պետք է որ կտրուկ նոսրանա, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթումն էլ իր հերթին կատարի գործը՝ ոչնչացնելով դրանք։ Մյուս կողմից վիրուսները կարող են կպչել մթնոլորտում առկա փոշու հատիկներին և այլ ախտոտիչներին և դրանց հետ տարածվել՝ չկորցնելով վարակելու իրենց ունակությունը։

Հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսը ենթամիկրոնային մասնիկներում է պարունակվում, ապա դրա տարածման էֆեկտը կարող ենք համեմատել ծխախոտի ծխի տարածման հետ։

Եվ այստեղ մենք մոտենում ենք գլխավորին՝ դիմակներին։ Փակ տարածքներում գիտնականները խորհուրդ են տալիս կրել դեմքը պիրկ գրկող դիմակներ, անգամ եթե պահպանում եք 2 մետր սոցիալական հեռավորություն։ Հակառակ դեպքում ո՛չ թեստավորումը, ո՛չ տարածության պահպանումը, ո՛չ կոնտակտների հայտնաբերումը չի օգնի, քանի որ անախտանիշ վարակակիր կարող է լինել ցանկացած մարդ։

Հենց այն բանից հետո, երբ պարզվեց, որ ողջ աշխարհում Կովիդ-19-ի տարածման պատճառը կարող է լինել անախտանիշ վարակակիրներից վիրուսի տարածումը, ԱՀԿ-ն խորհուրդ տվեց բոլորին՝ առանց բացառության, կրել դիմակ։

Science-ի հոդվածի հեղինակները նշում են, որ դիմակները մեզ համար կարևոր պատնեշ են ստեղծում՝ նվազեցնելով անախտանիշ կամ թույլ արտահայտված ախտանշաններով վարակակիրներից տարածվող վիրուսները։ Գործվածքը, որից պատրաստված են բժական դիմակները, նշանակալիորեն նվազեցնում է նոր կորոնավիրուսով վարակման հավանականությունը, իսկ վարակման դեպքում՝ հիվանդության ծանր ընթացքը։ Հատկապես կարևոր է դիմակներ կրել օդի բարձր խտություն ունեցող տարածքներում՝ բժշկական հաստատություններում, ինքնաթիռներում, ռեստորաններում, քիչ օդափոխվող մարդաշատ տարածքներում։

Ինչպես պարզվել է, տնային պայմաններում ստեղծված դիմակները, չնայած հաստության, գործվածքի ու շերտերի քանակի տարբերություններին, այնքան էլ չեն զիջում բժշկական դիմակներին։

Ինչպես վկայում են համաճարակաբանական տվյալները, այնպիսի երկրները, ինչպիսիք են Թայվանը, Սինգապուրն ու Հարավային Կորեան, ինչպես նաև Հոնկոնգը, որը թեև Չինաստանի մաս է կազմում, սակայն ինքնավար գործունեություն է ծավալում, ամենից լավ հաղթահարեցին Կովիդ 19-ի տարածման դեմ պայքարը։ Հենց այդ երկրներում էլ պարտադիր էր դիմակի համընդհանուր կրելը։

Օրինակի համար՝ 24 միլիոն բնակչություն ունեցող Թայվանում, որտեղ նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թ․-ի հունվարի 21-ին, և որտեղ չի հայտարարվել խիստ կարանտին, հաստատվել է վարակման ընդամենը կորոնավիրուսային հիվանդության 441 դեպք և գրանցվել 7 մահ (2020 թ․-ի մայիսի 21-ի դրությամբ)։

Համեմատության համար նշենք, որ Նյու Յորքում, որտեղ 20 միլիոն մարդ է բնակվում, կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, վարակվել է ավելի քան 350 000 մարդ, մահացել՝ մոտ 24 հազարը։

Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի համաճարակի ժամանակ մշակված պլանն արագ գործադրելով՝ Թայվանի իշխանությունները չգնացին խիստ կարանտինի սահմանման, սակայն մի շարք միջոցներ ձեռնարկեցին, որոնք հաջողությամբ կասեցրին վարակի տարածումը։ Այդ միջոցներից մեկը հանրային վայրերում  պարտադիր դիմակ կրելու պահանջն էր։

Իշխանություններն ինչպես նաև արգելեցին տեղական արտադրողներին դիմակների արտահանումը՝ իրենց քաղաքացիների համար ապահովելով անհատական պաշտպանիչ միջոցների բավարար քանակ՝ խելամիտ գնով։

Միևնույն ժամանակ շատ այլ երկրներում մինչ օրս դիմակների սուր դեֆիցիտ կա, կամ դիմակները վաճառվում են սև շուկայի գներով։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ դիմակների հասանելիությունն և գործածությունը ոչ պակաս կարևոր դեր խաղացին երկրներում վարակի կանխման կամ տարածման հարցում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930