Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը կարող է պառակտում առաջացնել Թուրքիայում

Հուլիս 09,2020 12:00

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի համոզմամբ՝ այս հարցը գնալով ավելի խնդրահարույց կարող է դառնալ Թուրքիայի ներսում

– Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Այդ հարցը օրակարգային էր դարձել Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում: Շուրջ 5 ժամ տեւած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը նշել էր. «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային եւ մեր ազգին սեւացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի եւ այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր եւ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական եւ իրավական կողմերը ստույգ կերպով ներկայացնել թուրքական եւ միջազգային հանրությանը»։ Պարոն Գաբրիելյան, Հայոց ցեղասպանության հարցում թուրքական քաղաքականությունում փոփոխություննե՞ր են տեղի ունենալու, ի՞նչ գործողություններ կարող են կազմակերպվել:

– Ըստ իս, Հայոց ցեղասպանության հարցում թուրքական քաղաքականության հարցում արդեն իսկ որոշակի փոփոխություններ կան, քանի որ Էրդողանը գնալով ավելի է կոշտացնում այդ հարցում իր դիրքորոշումը։ Հիշենք հայերի հանդեպ նրա վերջին վիրավորական հայտարարությունները (սրի մնացուկներ եւ այլն), եւ նաեւ ձեր հիշատակած հանդիպումը։ Էրդողանը նախեւառաջ տեսավ, որ տվյալ հարցում հայերին սիրաշահելով (տարատեսակ հայտարարություններ անելով, «ցավակցական» բնույթի ուղերձներ հղելով)՝ ոչնչի չի հասնում. հայկական կողմը տուրք չի տալիս դրանց եւ շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քայլերը։ Դրա համար էլ Էրդողանը որոշել է Հայոց ցեղասպանության հարցում «պաշտպանական» մարտավարությունը փոխարինել «հարձակողականով»։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է աշխարհում, ընդ որում՝ Թուրքիայի համար ավելի խնդրահարույց է դառնում ոչ այնքան այդ երկրների զուտ քանակը, այլ թե կոնկրետ որ երկրներն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Էրդողանին հատկապես մտահոգել է վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձեւերը, որոնք, թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերով, ամերիկահայերի առջեւ ճանապարհ են հարթում՝ Թուրքիայի նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու համար։

Բացի այդ, Էրդողանին կարող է մտահոգել այն, որ մոտենում է Սեւրի պայմանագրի կնքման ու Վիդրո Վիլսոնի իրավարար վճռի (նաեւ Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի) ստորագրման 100-ամյակը, եւ որ Հայաստանի Հանրապետությունը կարող է այսուհետ գնալ իրավական ճանապարհով, իրավական թղթածրարներ պատրաստելու ճանապարհով, քանի որ իրավական կողմը մեր ամենաուժեղ եւ հետեւաբար Թուրքիայի ամենաթույլ կողմն է։ Էրդողանը Հայաստանը թերեւս դիտարկում է որպես առաջամարտիկ ցեղասպանության հարցում եւ մտավախություն ունի, որ հայկական կողմի քայլերը կարող են ոգեւորիչ լինել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված մյուս ժողովուրդների համար նույնպես։

Նկատենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցը գնալով ավելի խնդրահարույց կարող է դառնալ Թուրքիայի ներսում, եւ ինչպես վերջերս խոստովանեց թուրքական կողմը, այն կարող է պառակտում առաջացնել Թուրքիայում (թուրքական իշխանությունների խոսքերով՝ «գյուլենականները նույնպես լոբբինգի են ենթարկում Հայոց ցեղասպանության թեման»)։ Ժամանակակից տեխնոլոգիաների այս դարում Թուրքիայում գնալով ավելի շատ մարդիկ են հնարավորություն ստանում ծանոթանալու Հայոց ցեղասպանության եղելությանը։ Դրան նպաստում են նաեւ թուրք հեղինակների եւ հատկապես նույն Թաներ Աքչամի աշխատությունները, որոնցում ներկայացված թեզերին թուրքական կողմը, ըստ էության, որեւէ բան չի կարողանում առաջադրել։

Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ երբ Էրդողանը հայտարարություն է անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ձեւավորելու, արխիվներ բացելու մասին՝ նրան պետք է առաջարկել, որ Հայոց ցեղասպանության հարցում նախեւառաջ թող փորձի կոնսենսուս ձեւավորել «ներքին» ճակատում (ցեղասպանության եղելությունն ընդունող թուրք պատմաբանների հետ) եւ հետո նոր փորձի հիշել «արտաքին» ճակատի՝ Հայաստանի մասին (ցեղասպանության հարցում Հայաստանում կա կոնսենսուս, հայ պատմաբանները չեն վիճարկում նրա եղելությունը)։

Փաստորեն Թուրքիայում ստեղծվելիք նոր կառույցն ունենալու է պայքարի երկու հիմնական ճակատ. «ներքին» (թուրքական հանրություն) եւ «արտաքին» (միջազգային հանրություն)։ Թուրքիան առանց այն էլ չէր ճանաչում Հայոց ցեղասպանության եղելությունը, իսկ այժմ դրան գումարվել է եւս երկու ծանրակշիռ գործոն, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը։ Խոսքը Էրդողանի նեոօսմանական (սուլթան) եւ պանիսլամական (խալիֆ) հայացքների մասին է, մինչդեռ Հայոց ցեղասպանության հարցը նրա հաշվարկներով ստվեր է գցում թե՛ օսմանյան անցյալի, թե՛ իսլամի վրա (դեռեւս Դարֆուրի ցեղասպանության կապակցությամբ Էրդողանը հայտարարել էր, թե «մուսուլմանը ի վիճակի չէ ցեղասպանություն գործել»)։ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը խնդրահարույց է նաեւ Էրդողանի «Նոր Թուրքիայի» համար, որը նրա մտահղացմամբ՝ պետք է լինի «անբասիր»։

– 2023 թվականը կարեւոր տարեթիվ է Թուրքիայի պատմության համար՝ հանրապետության հիմնադրման 100-ամյակն են նշելու: Բացի այդ, ընտրություններ են կայանալու: Իշխող քաղաքական ուժը ի՞նչ ձգտումներ ունի առհասարակ՝ երկրի ներսում, եւ տարածաշրջանային առումով տարվելիք ներքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության ուղղություններով:

– 2023թ. ընտրություններում հաղթելն Էրդողանի թիվ մեկ թիրախն է (դրանք կարող են անցկացվել նաեւ արտահերթ)։ Այդ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Էրդողանը կարող է ազդարարել «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին։ Եվ փաստորեն Էրդողանի «Նոր Թուրքիան» կլինի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Հին Թուրքիայի» հակակշիռը։ Հենց դրա համար է, որ Էրդողանը շտապում է մինչեւ 2023թ. երկրում իրականացնել մի շարք մեգանախագծեր (առաջին ատոմակայան, Ստամբուլի երրորդ օդանավակայան ու երրորդ կամուրջ, «Եվրասիա» ավտոմոբիլային թունել, «Մարմարա» երկաթուղային թունել, «Դարդանել 1915» կամուրջ, Ստամբուլի ջրանցք, առաջին ավիակիր ու սեփական կործանիչ ինքնաթիռ եւ այլն)։ Էրդողանի կարծիքով՝ Աթաթուրքի «Հին Թուրքիան» իր պատմության ընթացքում որեւէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, եւ նա նաեւ այդ մեգանախագծերի միջոցով ի ցույց է դնելու, թե ինչպիսին է լինելու իր «Նոր Թուրքիան»։

Ընդհանուր առմամբ՝ Էրդողանի գերնպատակը պատմության մեջ խորը հետք թողնելն է, միգուցե շատ ավելի խորը հետք թողնելն է, քան՝ Աթաթուրքը եւ որոշակի համատեքստում՝ նաեւ օսմանյան սուլթանները։ Եվ բնականաբար, Էրդողանը շարունակելու է արտաքին քաղաքական դաշտում իր ագրեսիվ գործողությունները, նրան շարունակ պետք են լինելու «արտաքին թշնամիներ», որպեսզի ցույց տա, որ «երկիրն ամբողջովին շրջապատված է այն մասնատել ցանկացող թշնամիներով, իսկ ինքն էլ հերոսաբար կռիվ է տալիս նրանց դեմ եւ թույլ չի տալիս դա»։ «Արտաքին թշնամու» առկայությունն Էրդողանին օգնում է խուսափել երկրի տնտեսական առկա խնդիրների համար պատասխանատվությունից՝ այն դնելով «արտաքին չար ուժերի» վրա։

– Պարոն Գաբրիելյան, մինչ պաշտոնական Անկարան պատրաստվում է դիմագրավել Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին, մեզանում հնչում է քննադատություն, որ Հայաստանն այսօր չունի Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող որեւէ կառույց, որ իշխանությունները հույսը դրել են սփյուռքի ու Հայ դատի հանձնախմբի ուսերին։ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Թուրքիայում վաղուց է հայտնի «Սեւրոֆոբիայի սինդրոմը», եւ այս տարի այն ավելի կմեծանա՝ կապված Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի հետ։ Կարծում եմ, որ Հայաստանը պետական մակարդակով պետք է ավելի հակվի դեպի հարցի իրավական լուծում եւ պատրաստի իր իրավական պահանջների անհրաժեշտ թղթածրար, հստակեցնի իր պահանջները Թուրքիայի նկատմամբ։ Դա բնականաբար իսկական գլխացավանք կհանդիսանա թուրքական կողմի համար, որն էլ արդյունքում կարող է որոշակի զիջումների գնալ Հայաստանի հանդեպ (ասենք, բացի Հայաստանի հետ սահմանը), փորձի սիրաշահել Հայաստանին՝ այդ ճանապարհից հետ կանգնելու համար։

Թուրքիայում վաղուց համարում են, որ հայկական կողմն առաջնորդվում է ցեղասպանության ճանաչման իր «ճանապարհային քարտեզով», որը թուրքական կողմը կոչում է 4T։ Խոսքը 4 շրջափուլի մասին է. 1. T Tanitim (ծանուցում), 2. T Taninma (ճանաչում), 3. T tazminat (փոխհատուցում), 4. T toprak (տարածք, հող)։ Կարճ ասած՝ Թուրքիայում համարում են, որ առաջին երկու փուլում հայկական կողմը խնդիր է դրել ներկայացնել եւ ճանաչել տալ ցեղասպանությունը, իսկ երրորդ ու չորրորդ փուլերում հասնել փոխհատուցում ստանալուն, այդ թվում նաեւ տարածքների տեսքով։

Իմ կարծիքով՝ Էրդողանը նաեւ «հայկական 4T» պլանին հակազդելու համար առաջ է քաշել իր (թուրքական) 4T պլանը – Tek Devlet (Մեկ/միակ պետություն), Tek Vatan (Մեկ հայրենիք), Tek Millet (Մեկ ազգ), Tek Bayrak (Մեկ դրոշակ)։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի կարգախոսն է՝ «Թուրքիան թուրքերի համար, Թուրքիան անքակտելի է»։ Ի դեպ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո Էրդողանը, ով մեծապես աջակցում էր նրան, սկսել է կիրառել «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» նշանը (ցուցադրվում են ձեռքի 4 մատները՝ բութ մատը ծալված), իսկ թուրքական մամուլն էլ այդ 4 մատներից յուրաքանչյուրի վրա տեղադրում է թուրքական 4T-ի կետերը։

Այնպես որ, պետք է պատրաստ լինել հայկական ու թուրքական այս «4T» պլանների բախմանը, Թուրքիայում վերոնշյալ կառույցի ստեղծումը վկայում է, որ այդ բախումն ավելի է թեժանալու առաջիկայում։

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 08.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031