Այսօր վաղ առավոտից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Շիրակի մարզի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ Գյումրու Սախարովի անվան, ինչպես նաև կենտրոնական Հայուհու հրապարակում ստուգում էին հասարակական տրանսպորտի աշխատանքը, հսկում տաքսու վարորդներին։
Իհարկե, տաքսու վարորդներից եղան մարդիկ, որոնք ենթարկվեցին տուգանքների, իսկ հասարակական տրանսպորտում խախտումներ գրեթե չարձանագրվեցին։
Այն տպավորությունն էր, թե հեղափոխություն է կատարվել տրանսպորտում․ միկրոավտոբուսներում կանգնած մարդիկ չկային, ուղևորները դիմակով էին։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Ժորա Միքայելյանն, առավոտյան ժամը 10․00-ի դրությամբ հսկողություն է իրականացվել թվով 33 միկրոավտոբուսների և տաքսամատորային ավտոմեքենաների նկատմամբ։
Ոստիկանությունն ընդամենը մեկ արձանագրություն է կազմել․ տաքսու վարորդի կողքին ուղևոր է եղել և տրվել են ցուցումներ թե՛ դիմակները ճիշտ կրելու, թե՛ որակյալ ալկոգել օգտագործելու հետ կապված։
Հասարակական տրանսպորտում, ըստ մեր զրուցակցի, որոշակի ցուցումներ են տրվել դիմակի ճիշտ կրման հետ կապված, ալկոգելը տեղում է, մանրադրամների տուփը՝ նույնպես, կանգնած ուղևորներ չկան, վարորդի կողքին էլ մեկ ուղևոր է կամ առանց ուղևորի։
«Գյումրի քաղաքում շատ պարտաճանաչ կատարվում են պարետի որոշումները, կա բարելավում»,-ասաց Ժորա Միքայելյանը։
Ի դեպ, Գյումրու սրճարաններում ու խանութներում հերթական ստուգումներն էր իրականացնում սննդի անվտանգության տեսչական մարմինը․ Գյումրու «Տաշիր պիցցայում» և Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» սրճարանում ևս պահպանված էին պարետի բոլոր հրահանգները։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները ևս այն կարծիքին էին, որ մեծ փոփոխություն է եղել, գործատուները զգոն են՝ պահպանում են բոլոր նորմերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: