Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայությանս տարիներն ինձ օգնեցին մեր թատրոնին կողքից նայել, հնարավորինս քննադատական տեսանկյունից»

Հուլիս 23,2020 13:00

Հարցազրույց պրոդյուսեր, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի
փոխտնօրեն Արտաշես Բաբայանի հետ

– Օրերս եք ավարտել պարտադիր զինվորական ծառայությունը հայկական բանակում, զորացրվել եւ անմիջապես անցել եք աշխատանքի։ Եթե չենք սխալվում՝ 2012-ից թատրոնում եք, որտեղ աշխատել սկսել եք որպես բեմի մեքենավար։ Սա «Առավոտի» առաջին հանդիպումն է ձեզ հետ։ Բայց մենք մշտապես լսել ենք, որ թատրոնի երիտասարդ պրոդյուսերի՝ այսինքն ձեր շնորհիվ է, որ վերջին տարիներին ընդլայնվել է թատրոնի հյուրախաղերի աշխարհագրությունը։

– Առանց ավելորդ համեստության ասեմ, որ, այո, մինչեւ իմ զորակոչվելը մեր թատրոնի հասցեով հրավերների տարափ էր… Բայց սա էլ նշեմ. որպես պրոդյուսեր գործունեությանս առաջին ամիսները բարդ էին, 24 ժամ համացանցում էի, որոնում էի փառատոներ, գտնում կազմակերպիչներին, փորձում էի կապի դուրս գալ իրենց հետ։ Վերջիններս հիմնականում չէին արձագանքում, քանի որ պարզապես ինձ չէին ճանաչում։ Խնդրում եմ չընկալվի այնպես, թե թատրոնը չէին ճանաչում։ Հենց այդժամ հասկացա, որ անհրաժեշտ է դրսի փառատոների կազմակերպիչների հետ հարաբերվելու հարցում աշխատաոճս փոխել…

– Փոխեցի՞ք։ Եթե այո, ապա հարաբերվելու ի՞նչ ձեւաչափ ընտրեցիք։

– Այո, փոխեցի։ Եվ ամեն ինչ սկսեցի բովանդակությունից։ Պարզ ասած՝ պատրաստեցի բուկլետ, որն ընդգրկում է թատրոնի պատմությունը, նախկինում մասնակցած փառատոների ցանկը, մրցանակները, հատվածներ ներկայացումներից, նաեւ հղումներ ամբողջական ներկայացումները դիտելու համար եւ այլն։

– Ստացվում է, որ զբաղվել եք պրոդյուսինգով, հետո նոր խորացել մասնագիտության մեջ։ Մի բան էլ. գիտենք, որ ժամանակին որպես դերասան ընդգրկված եք եղել Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում։ Ի դեպ, դերասանական շրջանից կարող ենք առանձնացնել ձեր մասնակցությամբ Ջոնաթան Լիվինգսթոնի «Ճայը» ներկայացումը, որտեղ գլխավոր դեր՝ որպես այդպիսին, չկա, եւ հիշում ենք մասնագետների հիացական խոսքերը ոչ միայն բեմադրության, այլեւ ձեր խաղի մասին…

– Բեմ բարձրացել եմ 5 տարեկանից, բայց ինչպես ընդունված է ասել՝ իմը պրոդյուսերությունն է։ Փոքր թատրոնում իմ կայացման գործում մեծ դեր խաղաց ռեժիսոր Վահան Բադալյանը։ Նրա ղեկավարությամբ փորձերը հաճախ ընդմիջվում էին զրույցներով՝ տարբեր թեմաներով, որտեղ դոմինանտում էին անհատի ինքնաբացահայտումը, կայացումը, ինչու ոչ՝ մարդկանց տարբեր տեսակների ու որակների մասին եւ այլն։

– Արդյոք ձեզ անհրաժե՞շտ էին նման դասերը, քանի որ տանը ունեիք ոչ միայն արվեստի, այլ ձեր թվարկած թեմաներով գիտակ զրուցակից հանձին ձեր հոր՝ Ռուբեն Բաբայանի։

– Ռուբեն Բաբայանն իմ հայրն է, հետո արդեն ուսուցիչ, դասախոս, թատրոնի ղեկավար…

– Հայտնի է, որ պարոն Բաբայանը չափազանց բազմազբաղ է, հետաքրքիր է՝ նա կոնկրետ ձեզ ժամանակ տրամադրո՞ւմ է։

– Մեր զրույցները հիմնականում կայանում են ավտոմեքենայում, լսարանում, թատրոնում, պարզ պատճառով՝ ինչպես հայրս, ես նույնպես տանը քիչ ենք լինում։ Եվ ոչ միայն ես ու հայրս, մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ։

– Թատրոնում իրականացված որոշ նախագծեր մեզ հայտնի են, այնուհանդերձ հետաքրքիր է՝ քանակի առումով, որպես երիտասարդ մասնագետ քանի՞սն եք իրականացրել մինչ զորակոչվելը։

– Շուրջ 20, այդ թվում՝ ներկայացումներ, հյուրախաղերի կազմակերպում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Քուվեյթի, Թունիսի եւ այլ երկրների քաղաքներ։

– Մինչ օրս առիթի դեպքում հիշատակվում է ձեր 2017թ. իրականացրած ռոք փառատոնը…

– Փառատոնն իրականացրել եմ համատեղ՝ երաժիշտ Վարդան Գրիգորյանի հետ, որը դերակատարում ունեցավ երաժշտարվեստի ոլորտում իմ՝ որպես պրոդյուսերի երաժշտական մասսայական խոշոր նախագիծ իրականացնելու գործում։

– Իհարկե, ակնկալում ենք պատասխանը, բայց որպես երիտասարդ պրոդյուսեր դժվար չէ՞ նախագծեր իրականացնելու համար «նորին գերազանցություն» ֆինանսի հայթայթումը։

– Անհրաժեշտ է յուրաքանչյուր քայլ ճիշտ պլանավորել, սկսած հենց հովանավորի կամ հովանավորների հետ բանակցություններից։ Անհրաժեշտ է նախագծերը ճիշտ ներկայացնել ու նրանց մոտ առաջացնել հետաքրքրություն դրանց հանդեպ։ Անշուշտ, կարեւոր են ստեղծագործական թիմի ընտրությունը, կազմակերպչական աշխատանքները եւ այլն։ Մի բան էլ կա. գուցե ոչ տասնամյակների, բայց սեփական փորձից ելնելով, նախագծեր եմ իրականացրել սուղ միջոցներով, բայց ստացել եմ հիանալի արդյունք։

– Հետաքրքիր է՝ մեր մեծահարուստները, ուղիղ ասած՝ հե՞շտ են համաձայնում աջակցել։

– Եթե առաջարկը հովանավորի սրտով է, բացի այդ՝ դու արդեն կարողացել ես նրան հետաքրքրել նախագծով, ապա, ձեր խոսքերով՝ հեշտ են աջակցում։ Բայց կուզեի մեր երկրում ի վերջո ընդունվեր մեկենասության եւ հովանավորչության մասին օրենք, ինչը, անխոս, կխթաներ մշակույթի զարգացումը, այն էլ զգալի արագ տեմպերով։

– Ծառայության տարիներին օգտագործե՞լ եք ձեր մասնագիտությունը։

– Իհարկե` այո։ Կազմակերպել եմ մի շարք մշակութային միջոցառումներ, զորամասում հյուրընկալել ենք մեր ճանաչված արվեստագետներին՝  Հրանտ Թոխատյանին, Նարեկ Դուրյանին, Աշոտ Ղազարյանին եւ մյուսներին, ինչպես նաեւ ներկայացումներով հանդես է եկել մեր տիկնիկային թատրոնը։

– Կարելի՞ է իմանալ` այս պահին ինչ նախագծի կամ նախագծերի վրա եք աշխատում։

– Պարզ է, որ բանակում ազատ ժամանակդ շատ չէ, բայց, այդուհանդերձ, ես այնտեղ արդեն պլանավորել եմ, թե զորացրվելուց հետո ինչ առաջնային խնդիրներ պետք է լուծում ստանան։ Ավելին, բանակում եմ կազմել մեր թատրոնի առաջիկա հինգ տարիների մարտավարության ծրագիրը։ Ավելին ասեմ՝ ծառայությանս տարիներն ինձ օգնեցին մեր թատրոնին կողքից նայել, հնարավորինս քննադատական տեսանկյունից…

– Եվ ի՞նչ տեսաք։

– Տեսա խնդիրներ, որոնք հենց իրենք թելադրեցին լուծումները…

– Այնուամենայնիվ, ձեր առաջին նախագիծը ո՞րն է լինելու։

– Թատրոնի մասով՝ պանդեմիայի շրջանում կազմակերպել եւ իրականացնել բացօթյա ներկայացումներ, ինչի հնարավորությունն ունի մեր թատրոնը։ Մտադիր եմ մանկական հեռուստանախագիծ անել, որը թե երաժշտական, թե սոցիալական, թե ուսուցողական ու թե կրթական տարրեր է պարունակում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մանկական այդ նախագիծը առաջինը կլինի հայաստանյան եթերում, որտեղ  սկսած հաղորդավարից, բոլոր մասնակիցները տիկնիկներ են։

– Վերջերս ձեր հոր հետ զրույցում մեր հարցին ի պատասխան պարոն Բաբայանը հակադարձելով մեզ ասաց, որ հարցեր կան, երբ իսկապես պետք է եւ անհրաժեշտ դասեր վերցնել աշխարհից, ինչը չենք անում։ Տեսեք՝ ԱՄՆ-ի պառլամենտը, աշխարհի այլ երկրների համեմատ, ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որը իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի։ Թերեւս դա է պատճառը, որ ամերիկյան մշակույթը, մեծ հաշվով, դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետ ունի հռչակավոր Մետրոպոլիտեն թատրոն։ Դուք ԱՄՆ-ում էլ եք գործունեություն ծավալել…

– Հասկացա ձեզ։ Պրակտիկ փորձ ունենալով ամերիկացիների հետ` հասել են տասնամյակների շնորհիվ աշխատանքի, իմ պատկերացումներին մոտ են նրանց սկզբունքները, աշխատաոճը… Բայց նրանք դրան հասել են տասնամյակների շնորհիվ… Ամեն դեպքում համամիտ եմ հորս կարծիքին, այն է՝ հարցեր կան, երբ իսկապես պետք է ու անհրաժեշտ դասեր վերցնել աշխարհից։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031