Հայաստանյան թատերական կյանքում վերջին շրջանում շատ են խոսակցությունները վավերագրական թատրոնի ժանրում բեմադրված ներկայացումների շուրջ, թեև վերջիններս մեծաթիվ չեն։ Նման աշխատանքներից են, օրինակ, դրամատուրգ Սառա Նալբանդյանի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Հաղթանակի գենեզիս» և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումները, որոնք հաջողությամբ մատուցվել են նաև արտասահմանցի հանդիսատեսին՝ արժանանալով նրանց ու մասնագետների հավանությանն ու բարձր գնահատականին։ Aravot.am-ն անդրադարձել է հիշյալ ներկայացումներին։ Հիմա էլ փաստենք, որ վավերագրական թատրոնի ժանրում օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների կողմից իրականացրած «Քրջի Bazzar» ներկայացումը գուցե սպասվածից մեծ արձագանքի արժանացավ։
Ընդ որում, այդ աշխատանքի մասին խոսվում է նաև ոչ մասնագետների շրջանում, որոնցից մեկ-երկուսը մեզ հետ զրույցում նախ, իրավացիորեն, ուղիղ ասում էին, թե բան չենք հասկանում «վավերագրական թատրոն» արտահայտությունից, հետո էլ հավելում էին, որ հաճախ պետք է լինեն նման ներկայացումներ, այսինքն՝ մեր իրականության այս կամ այն երևույթի՝ որպես կանոն դարձած իրողության քննադատական արձագանքներ։
Այս անգամ որոշեցինք ոչ միայն անդրադառնալ վերոնշյալ ուսանողական աշխատանքին, այլև առաջին անգամ վավերագրական թատրոնի ժանրի մասին լսել մասնագետի խոսքը։ Այս առիթով հանդիպեցինք թատերագետ Սուսաննա Բրիկյանին։
Կարդացեք նաև
«Ժամանակակից թատրոնի խոսույթում «վավերագրական թատրոն» եզրույթն արդեն ձևավորված ժանրի հստակ բնորոշումներով է կիրառվում։ Այս ժանրի հիմնարար սկզբունքը հասարակական և սոցիալական իրադարձություններին անմիջական, փաստական և քննադատական արձագանքող ներկայացման ստեղծումն է։ Այն նպատակ ունի իրականությունը ներկայացնել հնարավորինս ճշգրիտ և հավաստի՝ միաժամանակ պահպանելով թատերական արվեստին բնորոշ գեղարվեստական արտահայտչամիջոցները։ Փաստագրության և թատերական պայմանականության համադրությունը հնարավորություն է տալիս ներկայացնել սովորական մարդկանց կյանքի իրական պատմությունները, ինչպես նաև հասարակական նշանակություն ունեցող իրադարձություններն ու խնդիրները։ Այսպիսով, փաստական նյութը վերածվում է գեղարվեստական խոսքի՝ չկորցնելով իր փաստագրական արժեքը»,– այսպես ներկայացրեց թատերագետը՝ Հայաստան մուտք գործած երիտասարդ ժանրը։
Հետո, խոսելով «Քրջի Bazzar»-ի մասին, ևս մեկ անգամ նշելով, որ այն վավերագրական թատրոնի ժանրում է ստեղծված, նախ հայտնեց, թե հատկանշական է, որ այն ուսանողական աշխատանք է։ Դերասանները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ռուբեն Բաբայանի արվեստանոցի երկրորդ կուրսի ուսանողներն են, իսկ ռեժիսորները՝ մագիստրանտներ Նադեժդա Իսրայելյանը և Դիանա Ռազիելը։ Հարցին՝ հետաքրքիր է, նրանք երբևէ ստեղծագործե՞լ են այդ ժանրում, մեր զրուցակիցը հավաստիացրեց.
«Աղջիկները վավերագրական ժանրում ստեղծագործելու փորձառություն նախկինում ունեցել են։ Նադեժդա Իսրայելյանը 2024 թվականին Անահիտ Ղազարյանի համահավաքած տեքստերի հիման վրա բեմադրել է «Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» վավերագրական ներկայացումը։ Իսկ 2025 թվականին, նույն թիմով, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրել է երգչուհի Էլվինա Մակարյանի կենսագրական նյութերի հիման վրա «Երկաթ ծամեմ» դոկումենտալ տարրերով ներկայացումը»։
Ինչ վերաբերում է նոր ներկայացմանը, Սուսաննա Բրիկյանն ասաց.
««Քրջի Bazzar»-ի դեպքում երիտասարդ ստեղծագործողները բեմադրությունն իրականացրել են տեսական և հետազոտական հիմնավոր աշխատանքի հիման վրա։ Հետազոտությամբ զբաղվող ռեժիսորներ Նադեժդա Իսրայելյանը և Դիանա Ռազիելը հարցազրույցներ են անցկացրել երևանյան փողոցներից մեկում գործող հին և օգտագործված իրերի շուկայում՝ ժողովրդախոսակցական լեզվով «քրջի բազար» կոչվող վայրում, առևտրով զբաղվող մարդկանց հետ։ Նրանք հավաքագրել են այդ մարդկանց կյանքի պատմությունները և, կիրառելով վերբատիմ տեխնիկան, փաստագրական նյութը վերածել բեմական տեքստի՝ այն կառուցելով դիպվածային համակցումների միջոցով։ Արդյունքում ձևավորվել է իրականության վրա հիմնված գեղարվեստական միջավայր, որտեղ փաստագրական նյութը օրգանապես միահյուսվել է թատերական արտահայտչամիջոցներին»։
Անդրադառնալով դերակատարումներին՝ թատերագետը համոզված է.
«Պետք է փաստել, որ բեմում ներկայացված տասնհինգ պատմությունների հերոսներին մարմնավորող դերասաններին հաջողվել էր ստեղծել ամբողջական և տարբերվող կերպարներ։ Նրանցից մի քանիսը կառուցված էին գրոտեսկային արտահայտչամիջոցներով, մյուսները՝ դրամատիկական խորությամբ, իսկ որոշ կերպարներում ընդգծվում էին բացասական բնավորության գծերը՝ ներկայացված նուրբ ակնարկների և արտահայտչական մանրամասների միջոցով։ Յուրաքանչյուր կերպար ուներ իր անհատականությունը և համահունչ էր ներկայացման ներքին տրամաբանությանը, ինչը նպաստում էր բեմական գործողության հավաստիությանն ու վավերագրական նյութի ազդեցիկ ներկայացմանը»։
Համաձայն լինելով, թե կարելի է ենթադրել, որ դժվար է եղել նախ տեքստը, ուղիղ ասած, հավաքելը, Սուսաննա Բրիկյանն արձագանքեց.
«Այո՛, իրավացի եք։ Ներկայացման արժանիքներից է նաև հավաքագրված տեքստի մշակման եղանակը. մարդկանց կենսագրություններից վերցված փաստական դրվագները մոնտաժվել են ոչ թե ժամանակագրական, այլ թեմատիկ, գաղափարական և հուզական կապերի սկզբունքով, ինչի շնորհիվ ստեղծվել է ամբողջական և բազմաշերտ բեմական պատմություն։ Ի դեպ, պետք է նշել, որ վավերագրական թատրոնում «տեքստի մոնտաժ» ձևակերպումը ստեղծագործական և դրամատուրգիական հնար է, որի միջոցով հավաքագրված խոսքային նյութը կազմակերպվում, ընտրվում և կառուցվում է բեմին հարմարեցված ամբողջական տեքստի տեսքով»։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ տեսարաններ «Քրջի Bazzar» ներկայացումից, որոնք տրամադրել է Սուսաննա Բրիկյանը։
























































