Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե դպրոցների տնօրենների ընտրության հին կարգերը նույնպես ավելի ձեռնտու են այս իշխանությանը․ Անահիտ Բախշյան

Օգոստոս 01,2020 11:34

Տարբեր ԶԼՄ-ներով այս օրերին խոսվում է այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակվել է 2 անգամ և ուղղակի ձախողվել է, որովհետև մրցույթի առաջին օրը չեն ներկայացել ԿԳՄՍ ներկայացուցիչն ու դպրոցի կառավարման խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչները, իսկ 2-րդ անգամ՝ մարզպետարանի ներկայացուցիչները։ Քվորում չի ապահովվել և ըստ գործող անհեթեթ կարգի, տնօրենի 3 թեկնածուների փաստաթղթերը կուղարկեն փոխվարչապետին, ու ինքը կնշանակի մարզպետարանի ցանկալի թեկնածուին, ինչը որ տարիներ շարունակ արել են նախկին իշխանությունները։ Այս հակաժողովրդավարական կարգը քննադատվել է տարիներ շարունակ, որովհետև այն հարմարեցված էր նախկին իշխանություններին՝ ընտրությունների ժամանակ իրենց ձայներն ապահովելու նպատակին ծառայող տնօրեններ ունենալու համար, որի դեմ ընդվզեց հասարակությունն ու եղավ հեղափոխություն։

Թվում էր, թե ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը կրթության կառավարման ոլորտում պետք է առաջին հերթին վերանայեր հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը՝ ժողովրդի մեջ ամրապնդելու համար ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ նկատմամբ 2018թ․ դեկտեմբերին Ազգային ժողովի ընտրություններով ձեռք բերած վստահության աստիճանը։

Անցած 2 տարում այդ կարգերը վերանայվել են, հանրային քննարկման են դրվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության նոր կարգերի նախագծերը, հավանության են արժանացել, սակայն դրանք այդպես էլ մինչ օրս ուժի մեջ չեն մտել և ամբողջ հանրապետությունով շարունակվում են տնօրենների ընտրությունների խայտառակ դեպքերը։ Խորհուրդների ձևավորման կարգի նոր նախագծով առաջարկվում է խորհրդի կազմի թվակազմի մեջ 8-ի փոխարեն 9 հոգի, որոնցից 3-ը ընտրվելու են մանկավարժական խորհրդի, 3-ը ծնողական խորհրդի կողմից փակ քվեարկությամբ, իսկ 3-ը՝ լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են։

Այս փոփոխության նպատակը դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքների մասնակցության ավելի բարձր աստիճանն ապահովելն է, որովհետև «Հանրակրթության մասին» օրենքով կրթության գործընթացի մասնակիցներն առաջին հերթին սովորողները, նրանց ծնողներն ու մանկավարժներն են։ Նրանց ձայնը պետք է շատ ավելի լսելի ու որոշիչ լինի։ Տնօրենի ընտրության կարգի նախագծով տնօրենի թեկնածուներն իրենց զարգացման ծրագիրը գրելուց առաջ պետք է հանդիպեն և լսեն աշակերտներին ու այդ ծրագրի մեջ նաև ներառեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք կբարձրաձայնեն աշակերտներն այդ հանդիպման ժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք, թե աշակերտների կարծիքը կարևորող այս քայլով որքան կբարձրանա թեկնածուի հեղինակությունը, եթե ինքն այդ հանդիպումը կազմակերպի անկաշկանդ ու ոչ ավտորիտար մթնոլորտում։ Այնուհետև թեկնածուներն իրենց զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն ծնողական համայնքին և մանկավարժական խորհրդին։

Փաստորեն նրանք իրենց ծրագրերը պետք է պաշտպանեն դպրոցի շահառուների հետ կայացվող ժողովներում և ծնողներն ու մանկավարժները տնօրենի ընտրության մրցույթի օրը լիովին տեղեկացված կլինեն թեկնածուների մասին։ Այնուհետև, ըստ նախագծի, մանկավարժական խորհուրդն ու ծնողական համայնքն առանձին առանձին, լսելով թեկնածուների զարգացման ծրագրերը, ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին։ Այս նախագծով տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 3 մանկավարժ և 3 ծնող անդամներն արդեն բաց քվեարկությամբ պարտավոր են ձայն տալ իրենց ժողովներում փակ քվեարկությամբ ընտրված թեկնածուի օգտին։

Կառավարման խորհրդում արդեն կանցնի 9 հոգանոց խորհրդի (հիշեցնեմ՝ 9-ից 6-ը դպրոցն է ներկայացնում, 3-ը՝ լիազոր և տեղական ինքնակառավարման մարմինները) անդամների առավելագույն ձայնը ստացած թեկնածուն։ Այս նախագծով տնօրենի ընտրության գործընթացում հնարավորինս նվազեցված են բոլոր տեսակի ճնշումները, միջամտություններն ու կամայականությունները։ Եթե այս կարգն արդեն գործեր, Նորամարգի, և ոչ միայն, դպրոցի տնօրենի ընտրությունը չէր բորբոքի ծնողներին և մանկավարժներին կամ թեկնածուների գրանցման ժամկետի ավարտին 15 րոպե մնացած, նոր թեկնածու չէր լինի։ Իսկ մեծ հաշվով, այս կարգը գործելու դեպքում տնօրենների թեկնածուներն անպայման իրենց հարց կտային՝ պատրա՞ստ են արդյոք հանդիպել աշակերտների, ծնողների մանկավարժների հետ ու կկարողանա՞ն անբռնազբոսիկ ու իրենց համար շահավետ զրույց վարել և ներկայացնել ճի՛շտ այդ դպրոցի համար զարգացման այն ծրագիրը, որն, ընտրվելու պարագայում, ի՛նքն է իրականացնելու և որի մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու համայնքին։

Հարց է ծագում․
1. ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հապաղում ընդունել Դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման այս կարգը, որով բացառվում է փոխվարչապետի լիազորությունը՝ տնօրենի մրցույթը 2 անգամ չկայանալու դեպքում տնօրեն նշանակել։
2. Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հապաղում ընդունել տնօրենի ընտրության նոր կարգը։

Գուցե հին կարգերը նույնպե՞ս ավելի ձեռնտու են այս իշխանությանը, ո՞վ գիտի։

Հ․Գ․ Ի դեպ այս ամենի մասին 2018թ․ նոյեմբերի 21-ին իր հարցազրույցի մեջ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. Նախագիծ»։ Շուտով կլրանա այս խոստման 2 տարին։

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31