Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կանադա, խոսի՛ր», «Թրյուդո՛, խոսի՛ր», «ՆԱՏՕ, միջամտի՛ր». Տորոնտոյում ցույցին մասնակցել են Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 07,2020 12:07

Ժամեր առաջ Տորոնտոյում կայացել է մարդաշատ բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի։

Հավաքը եղել է ինքնաբուխ, չի ունեցել առաջնորդ, այն չէր կազմակերպվել որևէ կազմակերպության կողմից, և հավաքը նաև սրանով էր բացառիկ ու աննախադեպ։

Օրեր առաջ Տորոնտոյում բնակվող մի խումբ կանայք բացել էին ֆեյսբուքյան հարթակում փակ խումբ, որտեղ այնուհետև ակտիվորեն ընթացել են կազմակերպչական հարցերը, հայտարարվել էր օրն ու ժամը, և կայացել է ինքնաբուխ բողոքի ցույց։
 

Բանախոսների թվում էին նաև աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան Արսինե Խանջյանը։

Վերջինս իր խոսքում մի քանի առանցքային կետեր նշեց պատերազմական իրավիճակի առնչությամբ՝ մասնավորապես ասելով, որ ինքը, որպես Կանադայի քաղաքացի՝ պահանջում է, որ Կանադայի կառավարությունը միջամտի և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

«Սուտ են ասում, թե սահմանն են թիրախավորում։ Նրանք հարձակվում են գյուղերի ու քաղաքների վրա, որոնք սահմաններից շատ հեռու են։ Պարոն վարչապետ, պարոն Թրյուդո, պարոն արտաքին գործերի նախարար, դուք բոլորդ պատասխանատվություն ունեք․․․Ինչպես նաև մյուսները՝ ակտիվիստները, լրագրողները՝ դուք բոլորդ պատասխանատվություն ունեք՝ օբյեկտիվ լուսաբանելու», -ասաց Արսինե Խանջյանը։ Նա նաև նշեց, որ Ստեփանակերտի խաղաղ բնակիչները մահանում են իրենց տներում, ոչ թե սահմանին, ինչպես ստում է հակառակորդը։

«Գործի անցեք, միջամտեք, կանգնեցրեք այս անհասկանալի, սարսափելի պատերազմական իրավիճակը, որը չի կարող ընդունելի լինել աշխարհի որևէ երկրի քաղաքացու նկատմամբ»,-ասաց նա։

Ատոմ Էգոյանն էլ իր խոսքում նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը կմնան պատմության մեջ որպես համավարակի ընթացքում պատերազմական գործողություններ ձեռնարկած երկրներ։ «Շատ կարևոր է, որ աշխարհը գիտակցի, որ մենք՝ հայերս, ապրում ենք էքզիստենցիալ պայքարի մեջ․ մենք դիմակայում ենք արդեն 10 օր, բայց դա չենք կարող անել անվերջ… Եվ աշխարհ, դու պիտի միջամտես» -նշեց նա։

Ա․ Էգոյանը ասաց նաև, որ աշխարհը պետք է միջամտի, քանի որ մեր թշնամին, որի հետ գործ ունենք, հրաժարվում է ցանկացած բանակցությունից կամ ուրիշ լուծումից՝ կապված հրադադարի հետ։ Նրա խոսքով՝ սա իր հերթին նշանակում է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը պետք է շարունակեն պայքարը և պահանջեն կառավարություններից, որ միջամտեն. «Ուզում եմ նշել, որ հիմա գործ ունենք նրա հետ, ինչի հետ գործ ունեինք 105 տարի առաջ՝ ցեղասպանող Թուրքիայի հետ։

Թուրքիան հույս ուներ, որ ոչ մեկը չի նկատի, քանի որ աշխարհը զբաղված է համավարակով, բայց մենք բոլորս ամեն ինչ նկատում ենք։ Աշխարհը պետք է միջամտի, սա չի կարող այլևս շարունակվել․․․․ Թուրքիայի ներգրավվածությունը խոսում է տարածաշրջանային պատերազմի մասին, և եթե հիմա երկրները չմիջամտեն, ապա հետո նրանք դրա համար խիստ ափսոսալու են և ամաչելու են»,-իր խոսքում ընդգծեց Ա․ Էգոյանը։

Բողոքի հավաքի ժամանակ խոսեցին նաև համայնքի ակտիվ ներկայացուցիչներ՝ բոլորը նշելով, որ իրենց հայացքը Հայաստանին է ուղղված, և որ բոլոր ճակատներում՝ իրական կյանքում, վիրտուալ, մշակութային, ռազմաճակատում, սփյուռքում, պետք է զինվորագրվել և պայքարել։

Հավաքի վերջում նախատեսված էր քայլերթ Քունիս այգու շուրջ, սակայն հետո, երբ արդեն պետք է ավարտվեր հանրահավաքը, մի խումբ երիտասարդներ առաջնորդեցին ներկաներին դեպի CTV24 հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով լուսաբանել ղարաբաղյան հակամարտությունը։ Ինքնաբուխ, ինքնակազմակերպած կերպով 1500-ից ավելի հայեր սկսեցին քայլել Տորոնտոյի փողոցներով՝ վանկարկելով «Արցախը Հայաստան է» «Էրդողան՝ ահաբեկիչ», «Մենք չենք ուզում պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն», «Կանադա, խոսի՛ր», «Թրյուդո՛, խոսի՛ր», «ՆԱՏՕ, միջամտի՛ր» և այլ կոչեր։

Երթը կանգ առավ CTV24 կանադական ամենահայտնի հեռուստաընկերություններից մեկի մոտ՝ կոչ անելով, որ իջնեն և լուսաբանեն ցույցը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության թեման։ Միաժամանակ, նրանք կոչ արեցին անաչառ կերպով լուսաբանել իրադարձությունները։ CTV24-ի լրագրողներն այնուհետ անսացին կոչին՝ հարցազրույցներ վերցնելով մասնակիցներից ու կազմակերպիչներից։

Քայլերթի վերջում մասնակիցները երթով, կանգնեցնելով քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, քայլեցին այնտեղ, որտեղից մեկնարկել էր երթը, որտեղ որպես հրաժեշտ միմյանց՝ կատարեցին Հայաստանի հիմնը՝ ընդգծելով, որ շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել արդյունքի։

Նշենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Կանադայի տարբեր քաղաքներում․ Օտտավայում, Մոնրեալում, Տորոնտոյում ավտոերթ էր եղել օրեր առաջ, իսկ հոկտեմբերի 5-ին նաև Բըրլինգտոնում՝ Թուրքիայի զինտեխնիկա վաճառող «Վեսքամ» ընկերության մոտ՝ պահանջելով չվաճառել որևէ զինտեխնիկա Թուրքիային։ Ի դեպ, Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես, մինչև հետաքննության ավարտը կասեցնում է զենքի վաճառքը Թուրքիային։ Անշուշտ, սրան նախորդել էին հայկական կազմակերպությունների նամակներն ու ստորագրահավաքները՝ ուղղված Կանադայի կառավարությանը, որով պահանջում էին արգելել զենքի վաճառքը։ Սա, բնականաբար, վերջնական լուծում չէ․ պետք է հասնել նրան, որ Կանադան չվերսկսի վաճառքը հետագայում ևս։

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Տորոնտո, Կանադա

Լուսանկարները ՝ Անի Հարությունյանի (Անի Կատոկի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031