Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղասիրությունը հայերի գենի մեջ է

Հոկտեմբեր 10,2020 12:00

Հայերին բնութագրող հատկանիշներից է նաեւ նրանց խաղաղասիրությունը: Այս մասին է վկայում, օրինակ, Տուռնեֆորը. «(հայերը) իրենց երջանիկ են համարում, երբ զենքի հետ գործ չեն ունենում. ի տարբերություն այլ ազգերի, զենք վերցնում են միայն հարձակումներից պաշտպանվելու համար»:

Արժանահիշատակ է ռուս պատմաբան Ս. Գլինկայի (1775-1847) հավաստիացումը. «Ես գովերգություն չեմ գրում, եւ որքան հեռու են (հայերի մասին) բոլոր պատմությունները գովերգությունից: …Հայերն իրենց ազգային ոգու բարոյական հատկանիշներով չեն տարվել նվաճողական բուռն պոռթկումներով. դրանք եղել են անցողիկ: Հայրենիքի պաշտպանությունը, սեփական անկախության պահպանումը, արտաքին բռնության փորձերին դիմակայելը, – ահա նրանց զինվելու գերագույն նպատակը: Սա է պատճառը, որ Միհրը, նրանց պատերազմի Աստվածը, եղել է ոչ թե թանձրացական, այլ հոգեւոր կրակ, որը պահպանել է եւ ոչ թե կործանել բնություն եւ մարդ»: Ահա թե ինչ է գրում Ջ. Բայրոնը. «Դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները՝ բռնադատման հետեւանք»:

Ուշադրության է արժանի նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքական, պետական  խոշորագույն գործիչ Ու. Գլադստոնի (1805-1898) խոսքը. «Հայերը քրիստոնեական քաղաքակրթության ամենահին ժողովուրդներից են եւ աշխարհի ամենախաղաղ, ձեռներեց ու խելամիտ ժողովուրդներից մեկը»:

Կարծում եմ՝ հենց աշխատասիրությունը, խաղաղ ապրելու ձգտումը, ինչպես նաեւ ողջախոհությունն են այն հիմնական պատճառները, որ Հայաստանում ստրկատիրություն, որպես այդպիսին, չձեւավորվեց: Մեջբերումների այս շարքը կարելի է անընդհատ շարունակել՝ հիշելով գերմանացի արեւելագետ Վ. Բելքին, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ս. Մ. Ժիրարդեին, ռուս ռազմական պատմաբան Վ. Աբազային եւ այլոց, սակայն բավարարվենք այսքանով:

Պարզապես ավելացնեմ, որ հայերի խաղաղասիրության ապացույցը հայոց պատմությունն է՝ լեցուն անկախության եւ ազատագրական պայքարի դրվագներով, ամբողջ Արեւելքում հայտնի իր այրուձիով, մեծամեծ զորավարների, պատերազմական հերոսների մասին էջերով եւ վերջապես ապացույցներից լավագույնը «Սասնա ծռեր» դյուցազնավեպն է:

Խաղաղասիրության օրինակ կարող է լինել Մեծ Հայքի հզոր կայսրության արքայից արքա Արտաշես Ա-ն, ով իր թագավորության սահմանները գծանշեց ոչ թե զենքի ուժով, այլ՝ հայերեն լեզվով խոսող բնակչության առկայությամբ:

Այսօր էլ պատահական չէ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հետեւելով Հովհաննես Պողոս Բ-ին, հայերին համարում է աշխարհի խաղաղության դեսպաններ: Նա գտնում է, որ ողջ աշխարհը հայության խաղաղության քարոզչության կարիքն ունի:

Ա.  Ներկայացվող նյութը մեջբերում էր Վալերի Պողոսյանի՝ «Քաղաքակրթությունների բավիղներում եւ կեռմաններում» հոդվածից: Ամբողջական հոդվածը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում 24.06.2020թ.-ին:

«Առավոտ» օրաթերթ
09.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031