Կանայք քաղաքականության մեջ կարող են նույնքան համարձակ գործել, ինչպես տղամարդիկ: Բազմիցս փաստվել է, որ ճակատագրական պահերին նրանք առաջինն են անում հայտարարություններ կամ գործողությունների դիմում, որոնք կարող են վճռորոշ լինել: Այսօր էլ, երբ հայ ժողովրդի ինքնության պահպանման եւ գոյության հարցն է վճռվում, նրանցից շատերը հանդես են գալիս ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի, դատապարտում ադրբեջանաթուրքական ագրեսիան: Մենք կներկայացնենք նրանցից մի քանիսին, թեեւ արդարության, խաղաղության համար պայքարող կին քաղաքական գործիչների թիվն աշխարհում քիչ չէ:
ԱՄՆ կոնգրեսի անդամ Քաթերինե Քլարկը մեկն է այն կոնգրեսականներից, որ կոչ արեց ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանին գործողությունները Արցախի խաղաղ բնակչության դեմ եւ սանձել Թուրքիային: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին հատկացվող բոլոր ռազմական օգնությունները և Մինսկի խմբի մյուս անդամների հետ աշխատի խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ»,-ասել էր նա:
ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջել էր Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղավոր են Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի ու ռազմական հանցագործությունների համար:
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն առաջիններից էր, որ ԱՄՆ-ին կոչ արեց պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը: Նապոլիտանոն նշել էր, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մեկն է այն խիզախ կանանցից, որ հայտարարեց, թե ներկայիս հակամարտության միակ լուծումը Արցախի ճանաչումն է, ուստի պետք չէ երկմտել: Նա կողմ է արտահայտվել Արցախի ինքնորոշմանը եւ նշել, որ պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ: Բունդեսթագի` ծագումով թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը ես անդրադարձել էր Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Նա դեռևս 2016 թվականին էր կարծիք հայտնել Էրդողանի բռնապետական քաղաքականության մասին՝ ընդգծելով, որ ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում ցուցաբերելը Էրդողանի ռեժիմի նկատմամբ՝ նշանակում է բռնապետի խրախուսում, որը հովանավորում է ահաբեկչական խմբավորումներ ողջ սահմանով մեկ: Նա քանիցս պահանջել է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի դեմ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: