Լրահոս
Օրվա լրահոսը

Մի Նավալնիի համար պատժամիջոցներ կիրառեցին, իսկ Արցախը ֆոսֆորային զենքով այրում են՝ ձկան պես լուռ են. Խուրշուդյանը բացատրում է Եվրոպայի լռության պատճառներն ու մեր սխալները

Նոյեմբեր 01,2020 23:58

Հակառակորդն արդեն ֆոսֆորային քիմիական զինատեսակով այրում է Արցախը, իսկ Եվրոպան ձկան պես լուռ է, մինչդեռ Ալեքսեյ Նավալնիի հարցում, երբ մի մարդու խնդիր էր, ջանք ու եռանդ չխնայեցին՝ պատժամիջոցներ սահմանելու, կոշտ հայտարարություններ անելու ու կշտամբելու Ռուսաստանին:

Թե ինչով է պայմանավորված Եվրոպայի այս երկակի վերաբերմունքը՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Արցախի հարցը Արեւմուտքում, այդ թվում՝ Եվրոպայում, ցավոք, ընկալվում է որպես տարածքային կոնֆլիկտ, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր: Վարչապետն իր վերջին հարցազրույցներից մեկում ճիշտ նշեց, որ ցավոք, հենց սկզբից կոնֆլիկտը ներկայացվել է ոչ թե իրավունքի դիտանկյունից, ոչ թե Ղարաբաղի բնակչության իրավունքի տեսանկյունից, այլ որպես հայ-ադրբեջանական պատերազմ: Այսօր էլ այդ թեզն է ուղիղ գնում, ու երբ այդ դիտանկյունից են նայում խնդրին, լրիվ երկկողմանի հարց է դառնում, իսկ մյուս խնդիրները՝ դրա ածանցյալ, այլ ոչ թե մարդու իրավունքի խախտում: Մեր քարոզչական ջանքերը բավարար չեն»:

Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց, որ այսօր մեր թշնամիների կատարած սխալների արդյունքում, հատկապես՝ ահաբեկիչների եւ Թուրքիայի ներգրավման արդյունքում միջազգային հանրության «համակրանքը» հայ ժողովրդի կողմն է, բայց դա շատ քիչ է. «Կոնֆլիկտի ներկայացումը միջազգային հանրությանը պետք է տրանսֆորմացվի՝ վերադառնալով իր բուն էությանը․ այն պետք է ներկայացվի որպես ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդիր»:

Հարցին՝ այսինքն, բավարար ջանք չի՞ գործադրվում՝ միջազգային հանրությանը ճիշտ ուղերձներ հասցնելու համար, թե՞ Ադրբեջանն իր լոբբիզմի շնորհիվ կարողանում է հաջողություն գրանցել՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Կարծում եմ, ամեն դեպքում մեր քարոզչությունը շատ հախուռն է եղել եւ հիմա էլ մնում է այդպիսին, ցավոք: Ադրբեջանն ու Թուրքիան շատ գրագետ ու համակարգված են գործում, ես հասկանում եմ, որ այդտեղ  հսկայական գումարներ են դրված, միլիարդներ են ծախսում դրա վրա, բայց միեւնույն է, Հայաստանն էլ ունի ներուժ սփյուռքում, ակտիվություն Հայաստանի հասարակության ներսում ու եթե ճիշտ կոորդինացվեն այն հիմնական թեզերի առաջմղումը, որոնք պետք է մխրճվեն միջազգային հանրության գիտակցության մեջ, այլ ոչ թե ցաքուցրիվ տարբեր թեզերով  ֆոն ստեղծեն, բայց կոնկրետ կետերի չխփեն: Կոնկրետ կետերին խփելով է խնդիր լուծվում: Հիմա մի քիչ բալանսի ենք գալիս, աշխատում Արցախի ճանաչման վրա, բայց էլի  թեզերը բավարար չեն ներկայացվում: Այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Դա, իհարկե, միայն հասարակական քարոզչության խնդիր չի, դա նախ դիվանագիտական օղակների խնդիրն է: ԱԳ նախարարը, վարչապետը, երկրի նախագահն իրենց հարցազրույցներում պետք է հստակ նույն մեխերին անընդհատ խփեն: Օրինակ, Ալիեւը եւ մյուս հիմնական քարոզիչները բառացիորեն նույն կետերին, ոնց որ պատճենած, խփում են անընդհատ, նույնիսկ թութակի պես նույն բաներն այնքան են կրկնել, որ իրենք էլ են արդեն պարբերաբար ներողություն խնդրում, որ կրկնվում են, բայց մեկ է, շարունակում են նույն բանն ասել, որովհետեւ դա է ազդեցություն թողնում, տպավորվում: Դա է մեխվում մարդկանց գիտակցության մեջ եւ ստեղծում հասարակական կարծիք»:

Իսկ թե ինչով է կարեւոր հասարակական կարծիքի ձեւավորումը, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, այն հատկապես Արեւմուտքի պարագայում չպետք է թերագնահատել. «ՌԴ-ի դեպքում իշխանությունն է թելադրում, հասարակական կարծիքի ձեւավորման մեխանիզմներն այնտեղ ուրիշ են: Իսկ Արեւմուտքում մենք շատ ակտիվ պետք է լինենք այդ առումով, որովհետեւ հասարակական կարծիքը մեծ ազդեցություն կարող է թողնել իրենց երկրների կառավարությունների դիրքորոշման վրա»:

Ամեն դեպքում Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ ֆոսֆորային զենքի օգտագործման հետ կապված Եվրոպական կառույցները կարձագանքեն. «Մի օրում չի լինում արձագանքը: Ներկայացվում է ապացույցը, ուսումնասիրություններ են արվում, շրջանառվում է եւ այլն: Այնպես չի, որ ռազմական հանցագործությունները անտեսվում են: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում՝ փորձում է նույն հարթության վրա տեղավորել իր կատարած հանցագործությունները հավասարեցնելով, օրինակ, Արցախի ԶՈՒ-ի կողմից այս կամ այն ռազմական օբյեկտին հարվածելու հետ ու տարածում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու տեսարանները: Այդ առումով Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել այն առումով, որ ԵՄ-ն հայտարարություն արեց: Միակ կոշտ հայտարարությունը, որ ԵՄ-ից կողմերից մեկին այդ առումով եղել է, դա եղել է հայկական կողմին ուղղված, ինչ է թե Գյանջայի ռազմական օբյեկտները հրթիռակոծելիս ժամանակ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր են եղել: Շատ կարեւոր է այդ ուղղությամբ ճիշտ աշխատանքը: Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը շատ է աշխատել լոբբինգի ուղղությամբ, կաշառել, նաեւ եվրոպացիներն են բաց հայտարարում ալիեւյան ֆինանսական լվացքատան պատմության մասին, երբ բացահայտվեց, որ Եվրոպայում տարբեր չինովնիկների կաշառելու նպատակով 3,2 մլրդ եվրոյի գումար է ծախսվել»:

Խուրշուդյանը պատահական չի համարում այն, թե որ երկրներն են արգելափակել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները. «Հունգարիան հասկանում ենք ինչու է դա անում՝ իրեն թուրքալեզու ժողովուրդների մաս է համարում, Օրբանն էլ հայտնի է իր հակաեվրոպական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության դեմ ուղղված դիրքորոշումներով: Այնտեղ կար նաեւ Մալթան, որը թվում է, թե ժողովրդավարական երկիր է, բայց հենց այնտեղ էր սպանվել իտալուհի հետաքննող լրագրողուհի Դաֆնե Կաորուանա Գալիցիան, որն ուսումնասիրում էր Ալիեւի լվացքատան՝ կաշառքների վրա ծախսվող գումարների շարժը եւ բացահայտումներ էր արել: Պարզվեց, որ սպանության թելը տանում է դեպի Բաքու, դեպի Ալիեւը: Այսինքն, այնքան խորն է այդ երկրում Ալիեւի ստեղծած կոռուպցիոն ցանցը, որ նույնիսկ այդ փոքրիկ երկիրը, որը թվում է, թե որեւէ շահագրգռություն պետք է չունենար՝ Թուրքիայի դեմ սանկցիաները սաբոտաժ անելու, բայց ինքը այդ 5  երկրներից մեկն է: Իտալիան դեմ էր այդ սանկցիաներին, որովհետեւ ադրբեջանական նավթի եւ գազի սպառողներից է, նաեւ իտալական Eni SpA ընկերությունը Բաքու-Ջեյհան նավթատարում 5% մասնաբաժին ունի: Իսպանիան Թուրքիային մեծ ծավալների ռազմական  մատակարարումներ է իրականացնում, ու պարզ է  ինչու է դեմ պատժամիջոցներին: Բացի այդ, Իսպանիան տարածքային ամբողջականության կողմնակից է, որովհետեւ ինքը ունի Բասկերի երկրի եւ Կատալոնիայի խնդիրները: Ա՛յ, Գերմանիան խնդրահարույց կետ է, որովհետեւ Գերմանիան Եվրոպայի տնտեսական շոգեքարշն է մասամբ նաեւ քաղաքական, ու երբ Գերմանիան դեմ է դուրս եկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, այ դա, իրոք, արդեն շատ լուրջ է»:

Հովսեփ Խուրշուդյանը Գերմանիայի այս դիրքորոշումը բացատրում է նախ այդ երկրի վախով Թուրքիայի շանտաժից՝ իր տարածքով փախստականների հոսքը դեպի Եվրոպա անկառավարելի դարձնելու առումով։ «Մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ Գերմանիան, այդուհանդերձ, Հայաստանը համարում է ՌԴ-ի շարունակությունը, ՌԴ-ի շահերի առաջ մղողը Հարավային Կովկասում ու չի ուզում Հայաստանին այդպիսի մեծ աջակցություն ցույց տալ, որովհետեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցները, ամեն դեպքում, Եվրոպային որոշակի գին են արժենալու, որը Գերմանիան չի ուզում վճարել հանուն Ռուսաստանի դաշնակից Հայաստանի։ Հիշենք, որ այդ պատժամիջոցները կապված էին նախեւառաջ ԵՄ անդամ Հունաստանի եւ Կիպրոսի հանդեպ Թուրքիայի ոտնձգությունների հետ, բայց նույնիսկ դա կանխելու համար Գերմանիան եւ նշված երկրները պատրաստ չեղան որեւէ գին վճարել»:

Սակայն հաշվի առնելով վերջին զարգացումները՝ կապված Եվրոպայում իսլամիստ ահաբեկիչների ակտիվացման հետ եւ Թուրքիայի՝ արդեն ակնհայտ կրոնա-գաղափարախոսական ներխուժումը եվրոպական տարածք, փաստացի խրախուսելով ահաբեկչությունը, չի բացառվում, որ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների հարցը կրկին քննարկվի ու այս անգամ որոշ երկրներ արդեն այլ դիրքորոշում ունենան. «Եվրոպան բազմաշերտ է, եւ որոշումներն այնտեղ բավականին բարդ են կայացվում, բայց ամեն դեպքում, կոնֆլիկտների լուծման, պատերազմների կանգնեցման հարցում Եվրոպական Միությունը ինքնին արդյունավետ դերակատարների թվին չի պատկանում, եթե չկ ճնշում ԱՄՆ-ի կողմից, ինչպես որ դա եղավ Կոսովոյի հարցում», – եզրափակեց պարոն Խուրշուդյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30