Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ պայքարելիս՝ նահատակվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի բնակիչ Մելիքսեթ Սարգսի Արոսյանը։ Հերոսը ծնվել է 1992 թվականին՝ մանկավարժների ընտանիքում, հայրը դպրոցի զինղեկն էր, մայրը՝ դասվար։ Նա ևս շարունակել է ծնողների աշխատանքը․ մեկ տարի էր՝ աշխատում էր Ղազանչիի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։ Ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։ Արժանացել էր սպայի կոչման։ Աշխատանքին զուգահեռ կցագրված էր Վանաձորի զորամասում՝ որպես պահեստազոր։

«Եղբայրս սպորտ ֆեդերացիայի անդամ էր, հաճախ էր մասնակցում Ծաղկաձորում կայացած դահուկային և անվադահուկային առաջնության մրցումներին ու մեծ հաջողություններ ուներ։ Բանակում ծառայելու ժամանակ էլ մեդալներ էր ստանում, երեք մեդալ ստացավ, պարգևատրվեց «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանց» շքանշաններով։ Հետախույզ դիպուկահար էր, այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում ու նաև Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին։
Եղբայրս նաև որսորդմիության անդամ էր, ազատ ժամանակ իր որսորդական շների հետ դուրս էր գալիս որսի, երբեմն էլ ձկնորսության էր գնում։ Կենդանիներ շատ էր սիրում, տարբեր տեսակի շներ ունի, իր շները մնացին՝ իրեն սպասելով։ Մի անգամ գայլ էր խփել ու հպարտությամբ ասում էր՝ ամեն որսորդ չէ, որ գայլ է խփում։ Այնքան բարի էր, ընկերասեր, բոլորին նվիրված, յուրահատուկ մարդ էր, ոչ մեկին ոչ մի անգամ չէր նեղացրել, բոլորին հասնող, օգնող էր։ Մեծ շրջապատ ու անուն ուներ, որսորդության ժամանակ գրեթե բոլոր մարզերից իր ընկերներին հյուրընկալում էր։
Կարդացեք նաև

Նա պատվով կատարեց իր պարտքը, վեհ առաքելությունը, ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը, խաղաղ երկնքի տակ ապրելու ամեն մի պահը։ Մեծ հպարտություն է նրա քույրը լինելը․ մենք պարտական ենք մեր բոլոր հերոսներին, ովքեր մեր երազած հաղթանակն էին կերտում»։

«Իր հետի տղաներն ասացին, որ կամավոր է գնացել, առաջնագիծ մեկնելիս՝ հարազատներից ոչ մեկին ոչինչ չէր ասել, մտածել է, որ կգնա, նորից հետ կգա, ո՛չ պապայիս, ո՛չ մամայիս, ո՛չ հորաքույրներիս բառ չէր ասել, միայն ամուսնուս էր ասել, թե հանկարծ տնեցիներին չասես, կգնամ, հետ կգամ։ Եղբորս կորստի ցավը բառերով չեմ կարող նկարագրել, անհավատալի է, բայց գոնե հաղթանակ տոնեինք․․․»,-ասաց Շողիկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































