Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարենս ասում էր՝ մամ, մի լացի, ես շուտ կգամ, բայց դարձա իր ճանապարհին հավերժ սպասող»․ 23-ամյա գյումրեցի հերոսի մասին

Հուլիս 03,2021 20:49

Այսօր  քահանայի օրհնությամբ Գյումրու Անի թաղամասում հարազատ շենքի բակում բացվեց արցախյան գոյամարտում նահատակված 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակը՝  նրա հիշատակի խաչքարով, ցայտաղբյուրով։

Հերոսը կամավորագրվել էր հոկտեմբերի 2-ին։ Ինչպես պատմում է կրտսեր եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, այդ օրը կամավորագրվել էին երկու եղբայրներով՝ վճռելով մասնակցել հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին,  սակայն Կարենի հերթն ավելի շատ էր հասել։

Կարենը տան միջնեկ որդին էր, նրանք երեք եղբայրներ են։

Մայրը՝ Սիլվա Սարգսյանը, պատմում է, որ Կարենը կամավորագրվելուց հետո անընդմեջ գնացել է զինկոմ ու ստիպել, որ իրեն ուղարկեն մարտի դաշտ։

Կարենը զինկոմում նախազգուշացրած է  եղել, որ եթե այդ օրն էլ իրեն չտանեն պատերազմ, ինքը օգնություն տանող մեքենայով կգնա։

Նշենք, որ հերոսը մասնակցել է նաև  ապրիլյան պատերազմին, նա այդ ժամանակ եղել է ժամկետային զինծառայող՝ Ֆագոտ հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար և իր ցուցաբերած հերոսության համար ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանն ու արժանացել ավագ սերժանտի կոչմանը։

Վերջին պատերազմին էլ  թշնամու դեմ մարտնչել է որպես Կոռնետ հրթիռահրետանային համակարգի օպերատոր, ուղիղ մեկ ամիս եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մեխակավանում, Ասկերանում, Մարտունիում։ Նա նահատակվել էր նոյեմբերի 2-ի լույսի 3-ի գիշերը հենց Մարտունիի համար մղվող մարտերում։

«Կարենս մեկնել  էր Ռուսաստան, վերադարձավ, աշխատում էր Երևանում։ Պատերազմի գույժը լսելուն պես՝ թողեց աշխատանքը, թողեց նաև մեզ ու շտապեց մարտի դաշտ։

Երբ պատերազմ էր մեկնում, տատիկը հիվանդ էր, հենց այդ պահին շտապօգնության մեքենա էր եկել, ինքը չկարողացավ սպասել, մեքենան եկել էր իր հետևից, ինքն արագ պիտի հասներ զինկոմ։ Տատիկին առողջություն մաղթեց, ասաց՝ տատ ջան, մինչև առողջանաս, կգամ «Լիմուզին»-ով քեզ տուն կտանեմ։ Երբ ես սկսեցի լացել, ասաց՝ մամ, ամոթ է, ինչի՞ ես լացում, մի լացի, ես շուտ կգամ․․․

Ասում էինք՝ Կարեն ջան, դու մեզ ես պետք, ասում էր՝ չէ, մամ, ես 18 տարեկանների կողքին պիտի լինեմ, ես պատերազմի դաշտում եմ պետք,  եթե մնամ, դուք հանգիստ չեք ապրի։ Թողեց մեզ ու գնաց՝ դարձա իր ճանապարհին հավերժ սպասող , աչքս ճանապարհին է։ Ապրիլյան պատերազմին էլ  մասնակցել էր, այդ ժամանակ ոտքը վիրավորվել էր, բայց հոսպիտալից փախել էր մարտի դաշտ, թե հիվանդ պառկելու ժամանակը չէ, ինքը  տղաներին է պետք։

Ապրիլյանից հետո էլ ասում էր՝ մամ ջան, ես պատերազմ տեսել եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, բայց իրականում չգիտեր, որ կրակը երկնքից թափվում էր։ Հայրենիքը վեր դասեց բոլորիցս, իր կյանքից առավել արժևորեց հայրենիքը։

30 օր եղավ պատերազմում՝ հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 3-ը»,-պատմում է մայրը։

Նա ասաց, որ այդ ընթացքում որդին հարմարեցել ու զանգահարել է ու միշտ նույնն է կրկնել՝ ասելով․ «Մամ ջան, լավ ենք, ամեն ինչ լավ է, շատ հանգիստ ենք, բայց նոյեմբերի 2-ի գիշերը հրաժեշտ էր կարծես, բոլորիս հետ հերթով խոսում էր՝ կարոտած, ասում էր՝ մամ, խոսեք, ուզում եմ ձայներդ լսեմ։

Ու մեկ էլ հարցրեց՝ մամ, ինձ հիշո՞ւմ են, թե՞ մոռացել են։ Ասի՝ Կար ջան, դու մեր բարի լույսն ես, առավոտն ես, երեկոն ես, դու մեր ամբողջ օրն ես։ Այդ օրը ինքը չէր խոսում, ուզում էր մենք խոսենք, ասում էր՝ մամ, պատմեք, ի՞նչ եք անում, ասի՝ Կար ջան, դու պատմի ինչ-որ բան կերե՞լ եք, քնե՞լ եք, ասեց՝ ամեն ինչ լավ է։

Երբ հարցրեցի Կարեն ջան, որտե՞ղ ես քնում, ասաց՝ մամ ջան, փափուկ քար եմ գտել, նույնիսկ քարը փափուկ անվանեց, որ իր մորը ցավ չպատճառի։ Դրանից հետ մնացի Կարենիս զանգին կարոտ, առավոտ արդեն ո՛չ զանգ հնչեց, ո՛չ SMS եկավ»։

Մայրն ասում է՝ Կարենը միշտ նրանց կողքին էր, ովքեր ունեին իր օգնության կարիքը, նա անմնացորդ սիրել է հայրենիքը, ծնողներին, ընկերներին ու ցանկացածի համար պատրաստ էր տալ իր կյանքը, միայն թե լավ լինի նրանց համար։

«Այստեղ հայրենիքի փրկությունն էր պետք, իր կյանքը տվեց հայրենիքին, միգուցե  մենք վախենայինք, փախնեինք, բայց ինքը երբեք չէր վախենում, միշտ առաջ էր ընկնում, կատարելություն էր սիրում», -հպարտանում է մայրը։

Կարենը մասնագիտությամբ համակարգչային օպերատոր էր ու նաև ոսկերիչ, բայց միշտ սիրել է զարգանալ, իրեն ոչ մի բան իրեն չի գոհացրել։

Հերոսի կրտսեր եղբայրն էլ՝ Լյովա Սարգսյանն, ասում է, որ եղբոր հիշատակի պուրակի տեղը պատահական ընտրված չէ, իրենց մանկությունն է անցել այդ վայրում, այդ հողի վրա, որտեղ խաղացել են, մեծացել են։

«Պատահական չէ պուրակի տեղի ընտրությունը, ամեն անգամ պատուհանից նայելուց կտեսնենք Կարենին, կզգանք նրա ներկայությունը։ Հոգեպես Կարենը մեր հետ է, ամեն վայրկյան մեր հետ է, միշտ զգում ենք նրա ներկայությունը,  մտքով միշտ մեր հետ է ու պարտավորված ենք զգում ապրեցնել Կարենի անունը, ապրեցնել Կարենին։

Կարենը իմ համար միշտ եղել է իդեալ, մենք միասին ծառայել ենք, մեր  կյանքի պատմությունը 22 տարվա է, մեր տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի է։ Ես ամեն ինչ սովորել եմ Կարենից, սովորել եմ քայլել, հագնվել, ապրել,  հայրենիքը սիրել ու հայրենիքին ծառայել․․․

Պատերազմի ընթացքում Կարենը լուռ էր, ոչինչ չէր պատմում, սպասում էինք՝ կգա տուն, նոր կպատմի, սպասում էինք, բայց այդպես էլ մեր պատմությունը կիսատ մնաց»,- սգում է եղբայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031