Նաիրա Նիազյանին Aravot.am-ն անդրադարձել է այլ համատեքստում` ներկայացրել ենք որպես հագուստի մոդելավորող: Այս անգամ նրան ներկայացնելու ենք որպես «Օգնենք արցախցի կնոջը» նախաձեռնության հեղինակ: Նա երկու տարի է՝ իրականացնում էր նաեւ «Օգնենք հայ կնոջը» ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ շրջանների կանանց օգնելն էր, խոսքը հիմնականում զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին է վերաբերվում ու նրանց տրվող մասնագիտական օգնությանը, որպեսզի կարողանային ունենալով մասնագիտություն եւ անհրաժեշտ պարագաներ, աշխատել եւ գումար վաստակել


Նրանից տեղեկացանք, որ 20-25 կին է ընդգրկված ծրագրում: «Չգիտեմ ինչպես է ստացվել, Արցախի տարբեր շրջաններից են աղջիկները ու հիմնականում մանկավարժներ: Կարուձեւով միայն երկուսն էին զբաղվել` Հասմիկը եւ Իրինան, որոնք աշխատել էին Ստեփանակերտի իտալական կարի ֆաբրիկայում, իսկ մյուսները մանկավարժական կրթություն ունեին, դպրոցում էին աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև

Նաիրան տեղեկացրեց, որ իրենց մոտ կարուձեւից բացի, արցախցի կանանցից շատերը զուգահեռ այլ աշխատանքներ են կատարել` Արցախի ամենահամեղ քաղցրավենիքներն են թխել, թթուներ, ժենգյալով հաց պատրաստել, որպեսզի իրավիճակը հաղթահարեն:

Մեր զրուցակիցն իրեն երջանիկ մարդ է համարում, հղում անելով աստղերի հետ աշխատած ժամանակակից փիլիսոփաներից մեկին, որը նաեւ բժիշկ է եւ գրող, ասում է. «Երբ Դիպակ Չոպրային հարցրել են` ո՞րն է աստղերի եւ սովորական մարդկանց տարբերությունը, պատասխանել է, որ բոլոր մարդիկ վերջնարդյունքում ուզում են լինել երջանիկ, մեկ շատ գումար է ուզում ունենալ, մյուսը մասնագիտական առումով է ուզում կայանալ, մի ուրիշը` այլ կերպ, բայց բոլոր մարդիկ ուզում են լինել երջանիկ: Հիմա ես ինձ համարում եմ երջանիկ: Երբ ինքնդ քեզ հետ հաշտ ես, ներդաշնակ ես ընտանիքում, հարազատներիդ ու ընկերներիդ հետ, կարողանում ես ներդաշնակություն գտնել նաեւ այլոց հետ»:
Նաիրա Նիազյանը նաեւ հավելեց, որ ցանկանում է ընդարձակել իր նախաձեռնությունը, սակայն դրա համար նախ հարկ է հասկանալ, որ փոքր ծրագիրն ինչպես պետք է ընդլայնվի էլ ավելի արդյունավետ գործելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Նաիրա Նիազյանի ֆեյսբուքյան էջից


















































