Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որն անհայտ կորածների այլ հարազատների հետ Արցախում է, երեկ ուշ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել շրջափակել ՀՀ պաշտպանության նախարարության շենքը եւ նախարար Վաղարշակ Հարությունյանից, նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատասխաններ պահանջել, թե ինչո՞ւ քայլեր չեն արվում՝ անհայտ կորածների մասին հստակ տեղեկություններ ստանալու եւ հարազատներին հաղորդելու համար:
Արսեն Ղուկասյանը եղբորն ու եղբորորդուն է փնտրում:

Անհայտ կորածների հարազատներն ակնհայտ բարկացած վիճակում էին: Նրանց զայրույթի պատճառն այն է, որ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տվել իրենց՝ արդեն երկու ամիս շարունակ տեղից-տեղ ուղարկելով եւ սին խոստումներ տալով: Անհայտ կորածների հարազատները հայտարարեցին, որ վրեժն իրենց կյանքի նպատակն է լինելու:
Կարդացեք նաև

Aravot.am-ին դեռ չի հաջողվում այս մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ: Սակայն մեզ հետ զրույցում մի քանի արցախցիներ հաստատեցին, որ երեկ երեկոյան անհայտ կորածների ծնողները ՊԲ շենք են մտել, դռներ եւ պատուհաններ են կոտրել: Մեր զրուցակիցների մի մասը հաստատեցին նաեւ Միքայել Արզումանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը, մի մասն այդ մասին տեղեկություն չուներ: ԱՀ խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում, ասաց, որ ոչ պաշտոնական ճանապարհով իրեն էլ են նման տեղեկություններ հասել, այդ թվում նաեւ ՊԲ հրամանատարին ծեծելու մասին:


Հիշեցնենք, որ ցուցարարները Ջաբրաիլի եւ Ֆիզուլու հատվածում անհայտ կորածների ծնողներն են:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ջաբրայիլի եւ Ֆիզուլու հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին անհայտ կորածների մարմիններ: Ծնողներին բարկացրել է այն փաստը, որ ավելի վաղ որոնողական աշխատանքներ չիրականացնելու պատճառով այդ հատվածում գտնվող մեր զինծառայողների մի մասը զոհվել է, որոշներն էլ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Ծնողներին բարկացրել է նաեւ երեկ հայտնված տեղեկությունը՝ 150 նոր գերեվարվածների մասին: Նրանք կոչ են անում բոլորին՝ անկախ մասնագիտությունից եւ քաղաքական հայացքներից դուրս գալ ու պայքարել:
Հիշեցնենք, ՊՆ-ն նոր գերեվարվածների մասին ասել է, որ սպասում են ՊԲ պարզաբանմանը:
Պաշտպանության նախարարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում: Ոստիկանները կանգնել են այն ճաղերի առաջ, որոնք ծնողները խոստացան կոտրել, որպեսզի կարողանան մուտք գործել նախարարության վարչական շենք:
Այս պահին նախարարության շենքի մոտ կրկին իրավիճակը բավական լարված է: Ծնողները կոտրում են անցակետի դարպասները:
Նախարարության բակում գտնվող անհայտ կորածների հարազատները տեղեկացրին, որ տասը հոգանոց խումբ է մտել ներս՝ նախարարի հետ հանդիպման: Ըստ խոսակցությունների, ոստիկանապետը նույնպես նախարարության շենքում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն ավելի ուշ Hraparak.am-ին ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին ծեծելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, դա բացարձակ սուտ է, նման բան չի եղել»,-ասաց Սարումյանը։ Հարցը՝ իսկ միջադեպ, առհասարակ, եղե՞լ, է, Սարումյանը չի մեկնաբանել:


















































