Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ակնայի ուղղությամբ թշնամին օրեցօր առաջ է շարժվում». Ասկերանի վարչական շրջանի ղեկավար. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 01,2021 22:50

Ստեփանակերտից գնում ենք Ասկերան: Ուղեկցորդներս երիտասարդ ամուսիններ են: Վաղուց ենք ծանոթացել`աշխատանքի բերումով: Հետո մտերմացանք: Պատերազմը մտերմացրեց, հարազատացրեց…

Ճանապարհի ձախ կողմում, առաջ ազատ տարածություն էր, հիմա`շինարարական եռուզեռ: 44-օրյա պատերազմից հետո, արցախաադրբեջանական շփման գծում հինգ տարով խաղաղապահ առաքելությամբ ժամանած ռուս զինվորների եւ նրանց ընտանիքների համար կացարաններ են կառուցվում:

Զրուցում ենք`44 -օրյա պատերազմից, դրանից հետո ստեղծված իրավիճակից: Նելլին հիշում էր իր ծննդավայրը`Ակնաղբյուրը (Ասկերանի շրջան): Այն նոյեմբերի 9-ի համաձայնության արդյունքում հանձնվեց Ադրբեջանին: Ասում է`անընդհատ պատկերացնում է, թե ո՞նց է իր հայրական տուն գնում ու, որ գիտակցում է, որ այդ տունն այլեւս իրենցը չէ, որ այլոք մտնում են իրենց տուն, իր սենյակ… Ամուսինը`Վարդանը, ասում է`դեռ չի համակերպվում կորստի հետ: Նրանք նույն գյուղից էին: Վարդանը դեռ կարծում է, թե երբ ցանկանա`կգնա գյուղ…

Նելլիի տարեց ծնողները, որ պատերազմի օրերին Երեւանում են եղել, այժմ վերադարձել են, բայց չեն համաձայնվել Ստեփանակերտում մնալ: Գնացել են գյուղ, այլ գյուղ: «Մամայի հետ խոսում եմ, ասում է`Նելլի գիտե՞ս, բայց էս տան էն մի սենյակը, ոնցոր մեր տան սենյակին`տատիկի սենյակին նման է: Ասում եմ`մամ, ո՞ւմ ես խաբում…»,-պատմում է Նելլին:

Ասկերանում ենք: Օրը ոչ աշխատանքային է, բայց վարչական շրջանի ղեկավարը աշխատավայրում է:

Ասկերանից վեց համայնք`Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Մոշխմհատը, Սղնախը թշնամին գրավեց պատերազմի ժամանակ, իսկ Ուղտասարը եւ Արմենակավանը հանձնվեց, ինչպես վարչական շրջանի ղեկավար Սասուն Բարսեղյանն ասաց` չարաբաստիկ համաձայնության արդյունքում: Այժմ էլ իրավիճակը հանգիստ չէ. սահմանը 700 մետր հեռավորության վրա է: Կրակոցներ այս պահին չկան, բայց Սասուն Բարսեղյանը չի բացառում, որ դրանք ամեն րոպե կարող են լինել եւ պարզ էլ չէ, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անեն: Այժմ իրենք աշխարհազորի ձեւավորման հարցերով են զբաղված: Անվտանգության ապահովման հիմնական տարբերակն են համարում: Սահմանները հստակ չեն, ադրբեջանական կողմը պարբերաբար փորձեր է անում սահմանազատում խորհրդանշող ցցերն առաջ բերել: Երբեմն`հաջողվում է: Վերջերս Խնապատի հատվածում են բավական ռազմավարական դիրքում առաջ եկել:

Ադրբեջանին հանձնված ութ համայնքներում 605 ընտանիք է բնակվել`2623 մարդ:

Շրջկենտրոնում, այս ընթացքում, հասցրել են գույքագրում անել. Ասկերանի շրջանում 12 հազար հեկտարից ավել վարելահող ենք կորցրել: Համեմատության համար նշեք, որ Արցախում այս պահին հենց այդչափ վարելահող կա: Կորցրած վարելահողերի մոտ 7 հեկտարի ցանքս է կատարված եղել: Հակառակորդի վերահսկողության տակ է անցել մոտ ութ հազար հեկտար այգի, սահմանակից են մոտ երեք հազարը: Հակառակորդին են անցել նաեւ 40 թրթուռավոր եւ 20 անիվավոր տրակտորներ, բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության այլ տեխնիկա, մոտ 2500 խոշոր եղջերավոր անասուններ, նույնչափ խոզեր, 25 հազար թեւ թռչուն, 1000-ից ավել մեղվաընտանիք: Ուղտասարում նաեւ ավազահանք կար, որտեղ տեղի բնակչության մեծ մասը աշխատում էր:

Սասուն Բարսեղյանն ասում է`ամենաբարդը վարկերի հարցն է. մարդիկ մեծ վարկեր էին վերցրել`կաթիլային ոռոգման ժամանակակից համակարգերով այգիներ հիմնել, անասուններ գնել`խելացի գոմեր հիմնել: Խնդիր է նաեւ տեղահանվածների սոցիալական հարցերը: «Յոթ երեխա ունեցող մայրը եկել`լվացքի մեքենա է ուզում, ամենօրյա լվացքից ձեռքերը վնասվել են: Մենք բյուջե չունենք, էստեղ եմ զանգում, էնտեղ եմ զանգում`չկա: Դե արի ու հանգիստ ապրի…»,-ասում է մեր զրուցակիցը:

Լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել Ասկերանի շրջանի այն բնակավայրերում, որտեղ ազատ բնակֆոնդ կա, որպեսզի տեղահանվածներին տներով ապահովեն: Մոտ 400 ընտանիք`մոտ 1500 բնակչով, արդեն ապահովվել են ժամանակավոր կացարաններով: Նրանց մոտ 40 տոկոսն այլ հանձնված շրջանների բնակիչներ են:

Մանրամասները`տեսանյութում

Վարչական շրջանի ղեկավարի հետ երկար զրույցը տեղափոխվում է իր աշխատասենյակից դուրս: Շրջկենտրոնի շենքի դիմացի բակում երեխաներ են խաղում: Սասուն Բարսեղյանը ցույց է տալիս այն բնակարանները, որտեղ տեղահանվածներին են տեղավորել: Այդ թաղամասում տեղավորված ընտանիքների հստակ թիվը չի հիշում, բայց որ 41 երեխա կա`հստակ գիտի: Նաեւ աջ կողմի երկրորդ հարկի բնակարանն է ցույց տալիս. այնտեղ օրերս յոթերորդ երեխան է լույս աշխարհ եկել: Ասում է`«այդ երեխան ասկերանցի է»:

Երեխաները շենքի բակում խաղում են, երիտասարդ մայրերը`Օվսաննա Մարտիրոսյանը եւ Սոնա Սարգսյանը զրուցում եւ հետեւում: Ես էլ եմ միանում զրույցին: Չեն էլ հարցնում`ո՞վ եմ, ինչո՞ւ միացա իրենց զրույցին: Երբ ներկայանում եմ, որ լրագրող եմ`մի բան են խնդրում`տեսախցիկը չմիացնել: Ասում են`իբր պատշաճ հարդարված չեն: Բայց մեր երկար զրույցի մեծ մասը արցունքներ են ու հեկեկոց. միտքն էլ ամբողջական չի ստացվում, կցկտուր նախադասություններով, ձեռքի ժեստերով հասկացնում են ասելիքը… հիշում են իրենց գյուղերը, իրենց տունը… Մեկն Ավետարանոցից է, մյուսը`Արմենակավանից: Հիշում են հարազատներին`սկզբում նրանց, որ արդեն չկան, նահատակվեցին, հետո նրանց, որ Հայաստանով ու Արցախով մեկ ցրվեցին:

Օվսաննայի ամուսնու եղբորը հուղարկավորել են դեկտեմբերի 29-ին: Զոհվել էր ավելի վաղ: Ամուսնու հայրն էլ արցախյան առաջին պատերազմում անհայտ կորածների ցուցակում է:

«Ոչ տուն-տեղ, ոչ ապրուստ ունենք, ոչ կարգավիճակ. Չգիտենք`գնա՞նք, մնա՞նք, ո՞ւր գնանք…»,- ինձ է հարցնում: Իսկ ես պատասխան չունեմ: Օվսաննայի հուսահատությունը շատ մեծ է, իր համար եզրահանգում է արել. «Ապրողի մասին մտածող չկա»: Պատմում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը քիչ առաջ ասաց`բոլոր խնդիրները կլուծվեն, ժամանակի հարց է, մի քիչ պետք է համբերել: Ուսերն է թոթվում, իսկ արցունքներն անկախ իրենից են գնում:

Ադրբեջանցիների հետ համատեղ բնակության մասին եմ աղջիկներին հարցնում: Հարցս իրենց հունից հանում է: «Ալիեւը լկտիացած խոսում է, ինչի՞ մասին է խոսքը, եթե մեր պետությունը կարգավիճակ էլ չունի»,- հարցիս հարցով է պատասխանում Սոնան ու աղջիկները հիշում են, որ դեկտեմբերի կեսերին, չորս կանայք, սահմանամերձ իրենց հողամասերում են եղել, ազերիները «զենք են քաշել վրաները», հայհոյել ու ահաբեկել, որ հանկարծ նորից այդ կողմերում չերեւան, այլապես լավ չի լինի:

…Իսկ երեխաները դեռ խաղում են`վազում, ընկնում, վեր կենում, լացում, ծիծաղում. Օվսաննան ու Սոնան էլ նայում ու ժպտում են: Գոնե մի լույս կա, լույս ու հույս:

Զրույցի վերջում համոզում եմ ու լուսանկարում, բայց լուսանկարներն իրենց ուզածով չի ստացվում, իրենց դուր չի գալիս, խնդրում են`չհրապարակել:

Համատեղ բնակության հարցում վարչական շրջանի ղեկավարն էլ տարակուսած է. անվտանգային հարցերը լուծված չեն, սահմանների հստակություն չկա, անորոշությունները շատ են, ինչն էլ բերում է բնակչության շրջանում անհանգստությունների: Ինքը կարծում է, որ դեռ շատ վաղ է համակեցության մասին խոսելը: «Ակնայի ուղղությամբ թշնամին օրեցօր առաջ է շարժվում, դիմել ենք կառավարությանը, գեներալ Մուրադովին, սպասում ենք, որ գործուն աջակցեն, որպեսզի մեր հողօգտագործողները հանգիստ իրենց աշխատանքը կատարեն: Ակնայի մոտ մեր խաղաղ բնակիչները ահագին տարածք ունեն, ասեմ ավելին, բնակիչների այգիներում տնակներ կան`տարբեր ձեւի հողօգտագործման գործիքներ, տեխնիկա, ադրբեջանական զորքը օրը ցերեկով թալանում է եւ մեր խաղաղ բնակիչները չեն կարողանում տիրություն անել իրենց ունեցվածքին»,- պատմում է Սասուն Բարսեղյանը:

Մանրամասները`տեսանյութում

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը, ըստ Սասուն Բարսեղյանի, միայն համախմբվելն է, այլապես, իր համոզմամբ, կշարունակենք կորցնել: Արցախյան առաջին պատերազմում եղբայր եւ հայր կորցրած Սասուն Բարսեղյանի համար 44 օրյա պատերազմի արդյունքն անսպասելի էր, անակնկալ: Նա էլ շատ հարցեր ունի, բայց ասում է`պատասխաններ տվողներ դեռ չկան: Մի բան էլ չի հասկանում`պարտված երկրում այսքան մարտական պարգեւներ շնորհելը…

Սասունի եղբայրը, որ 1991-ին զոհվել է Ղարաչինարում: Առաջնեկին էլ չի տեսել: Որդին ծնվել է Էդմոնի մահից չորս ամիս անց: Նա հոր անունն է կրում: Սասունի հայրն էլ 1992-ին է զոհվել: Հիմա, ասում է, շատ բարդ է, բայց մի բան իր համար հստակ է`«մեր գերեզմանները չեմ թողնի, ո՞նց թողնեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728