Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում թթվածին են արտադրում․ կառավարությունը 100 միլիոնանոց սարք է նվիրել

Փետրվար 12,2021 21:03

Գյումրի բժշկական կենտրոնը երկու ուրախալի նորություն ունի․ մեկն այն է, որ թթվածնային կայան է հիմնվել, մյուսն էլ ՝ ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ։

Այսօր ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ճանաչողական այցով Գյումրի էր եկել, մասնակցեց բացման պաշտոնական արարողություններին։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ թթվածնային կայանը ուղղակի անհրաժեշտություն էր․ կորոնավիրուսի բուժման ընթացքում մարզը թթվածնով ապահովելու լուրջ խնդիր էր առաջ եկել։

Առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագիր են մշակել, կառավարությունն էլ հաստատել է այն․ 100 միլիոն արժողությամբ թթվածին արտադրող սարք է նվիրել հիվանդանոցին։ Այն ի վիճակի է արտադրել 240 բալոն թթվածին, Գյումրի բԺշկական կենտրոնը պատրաստ է թթվածնով ապահովել նաև հանրապետության մյուս հիվանդանոցներին։

Երկրորդ նորությունը ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի հիմնումն է։ Այն, այսպես ասած, ինսուլտի ծրագրի շրջանակում է։

«Տնօրեն նշանակվելու օրվանից միշտ ուզել եմ, որ գյումրեցին, Շիրակի բնակչությունը մնա և բուժվի այստեղ։ Մի ծրագիր կար, որի շուրջ քննարկումներ էր գնում, ինսուլտի ծրագիրն էր։ Եթե մենք սրտի ստենդավորում ենք իրականացնում, իսկ ինսուլտի ժամանակ նույնիսկ հնարավորություն չունեինք տոմոգրաֆիան օգտագործել, պարզել՝ ինչ վիճակում են գտնվում անոթները, արյունազեղո՞ւմ է, թե՞ ընդամենը թրոմբն է խանգարում»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Արմեն Իսահակյանը դիմել է առողջապահաության նախարարությանն ու Շիրակի մարզպետարանին՝ քննարկելով համակարգչային այնպիսի տոմոգրաֆիա ձեռք բերելու հարցը, որը թույլ կտար իրականացնել ինսուլտի ծրագիրը, վերապատրաստել մասնագետներին։

«Այն հիվանդները, որոնք ստիպված էին լինում ծանր վիճակում, ինսուլտով տեղափոխվում էին Երևան ու ժամանակի առումով նրանց փրկությունը ռիսկային էր դառնում, բացի դրանից ծախսատար էր․ հիվանդը մենակ չի գնում, հարազատների են նրան ուղեկցում, որոշեցինք վարկային՝ լիզինգով տոմոգրաֆիայի սարք տեղադրել։

Այն թանկարժեք սարք է, բայց հուսով ենք, որ կարդարացնի, թե՛ պետպատվերով, թե՛ վճարովի հիմունքներով կդիմեն այստեղ, քանի որ վճարովի ծառայության դեպքում ևս ստիպված էին Երևան հասնել»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Վերջինս հաշվարկներով, ամենաքիչն ամսական 10-15 հիվանդ ուղարկում էին մայրաքաղաք։ Այժմ, մոտակա մարզերի բնակչությունը ևս հնարավորություն կունենա օգտվել այս ծառայությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728