Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Կարեն Բեքարյանի պաշտպան

Փետրվար 22,2021 13:24

«Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Դատարանը`Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է վերլուծաբան Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել: Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց:

Ըստ պաշտպանի, ԱԱԾ քննիչի միջնորդության մեջ երեք հիմք է ներկայացված եղել`քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը եւ նոր հանցանք կատարելը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե քանի որ Գագիկ Սողոմոնյան օգտատերը շարունակում է գրառումներ կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է: «Քննիչը փորձում էր ցույց տալ, թե գործում է կազմակերպված խումբ, մի մասը կալանավորված են, մյուս մասը դեռ ինչ-որ ցուցումներով այդպիսի հրապարակումներ են կատարում: Բայց դատարանն էլ փաստեց, որ ակնհայտ է, որ դա Կարեն Բեքարյանի հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց Գոռ Միքայելյանը:

Գոռ Միքայելյանը նաեւ ասաց, որ որեւէ տեղեկություն չունի, թե այս գործով կալանավորված քաղաքացի Արամ Սարգսյանն ո՞վ է:

«Ձերբակալումից առաջ այդ օգտատերը սկսել էր գրառումներ կատարել ԱԱԾ տնօրենի մասին: Եթե ԱԱԾ-ն համարում է, որ պարոն Բեքարյանը առնչություն ունի այդ «ֆեյքի» հետ, բնականաբար ԱԱԾ տնօրենն անձնապես շահագրգիռ է լինելու`պատժել պարոն Բեքարյանին»,- ասաց Գոռ Միքայելյանը` հավելելով, որ հավանաբար կմիանա այս գործով այլ պաշտպանների միջնորդությանը`վարույթ իրականացնող մարմնին բացարկ հայտնելու մասով, քանի որ ԱԱԾ-ն շահագրգիռ կողմ է եւ չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել:

Նախօրեին քաղաքացի Վահագն Վարագյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին. նա սրճարանում լսել էր, թե ինչպես է Երեւանի դատարանի նախագահի կողմից հրահանգներ տրվում դատավորին`ինչ-որ մեկին պարտադիր կալանավորելու հարցով: Կարեն Բեքարյանի պաշտպանն այս հարցը նույնպես դատարանում հնչեցրել է: Դատավորը հավաստիացրել է, որ իրեն զանգ չի եղել: Դատարանի այսօրվա որոշումն էլ, նա համարում է դրա գրավականը:

Հիշեցնենք, օրերս ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։

Այս գործով դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Արա Սաղաթելյանը: Իսկ Մհեր Ավագյանի ձերբակալման որոշումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ եւ մերժեց ԱԱԾ քննիչի ներկայացրած կալանավորելու մասին միջնորդությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728